Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանի հետ զրուցեցինք արվեստի, «ժամանակակից արվեստագետ» հասկացության, մարդկային հիշողության ու վերաբերմունքի, առաջիկա ցուցադրության ու անելիքների մասին
– Հարցազրույցներից մեկում ասել եք, թե երբ մի անգամ գնացիք ԱՄՆ, ունեիք ընդամենը 0.97 ցենտ։ Հիմա, հետադարձ հայացք գցելիս՝ նման ռիսկի կդիմեի՞ք, կգնայի՞ք նույնքան գումարով։
– Իհա՛րկե կգնայի, բայց գնալուց առաջ երևի թե մի քիչ ավելի երկար կմտածեի։ Դա 1991 թվականն էր։ Նախ գնում էի Խորհրդային Միությունից։ Ես երբեք խնդիր չեմ ունեցել Հայաստանի՝ որպես տարածքի հետ։ Ես շատ լավ եմ հասկացել հայրենիքի գաղափարը, գիտեմ ինչ է Հայաստանը, սիրում եմ։
1980-ականների առաջին կեսից սկսել էի արվեստով ինքնարտահայտվել, ձևավորվում էի՝ որպես արվեստագետ, բայց այն արժեքային համակարգը, որը Խորհրդային Միությունում էր տիրում, անընդունելի էր։
Կարդացեք նաև
Իմ հետաքրքրություններն այդ չընդունված համակարգի դեմ էին, ես ինձ չէի տեսնում այդ համակարգի մեջ, այդ համակարգի հետ փոխզիջումներ չէի ուզում ունենալ, որովհետև այդ համակարգի մեջ ապրելու համար պետք էր դեմ գնալ սկզբունքներին։
Ֆիզիկապես ապրելու համար բոլոր ուղիներըփակված էին։ Առաջնայինը գաղափարականն էր՝ բացարձակ չկար խոսքի ազատություն, դու չէիր կարող ազատ միտք արտահայտել։
Հիմա անցածի հակառակն է՝ ինչ ուզում ես՝ ասա, լսող չկա, հասկացող չկա, կամ հասկանալ ցանկացող չկա։ Դրանով այսօրվա քաղաքական մշակույթը, քաղաքականություն կերտողները, չէի ասի, թե ավելի խելացի են, սակայն շահում են իրենց հիմարության հաշվին։ Նրանք դրա մասին չմտածելով՝ այդ հարցում շահում են։ Դա անհատին թույլ է տալիս ինքնարտահայտվելու, իսկ ԽՍՀՄ-ի տարիներին ասելիքը թույլ չէր տրվում և այդ ողջ երկիրը միայն դրա համար քանդվեց։ Այդ ազատ խոսքի, ինքնարտահայտվելու տաբուն քանդեց այդ երկիրը, որովհետև կային մարդիկ, որ դրա մասին գիտեին ու անընդհատ խոսում էին։ Իսկ երբ մարդիկ խոսում են, որոշակի տարածքում դա լարվածություն է առաջացնում, ինչպես 1988թ. Ազատության հրապարակում հավաքված մարդկանց դեպքում էր՝ սկզբում 100 մարդ կար, հետո՝ 200, հետո՝ միլիոն։ Միլիոնի համար որոշակի մարդիկ լարվածության դաշտ էին ստեղծում։ Անկախ նրանից, թե ինչ էին ասում՝ Ղարաբաղ, անկախություն, բայց նրանք ֆիզիկապես կարողանում էին այդ ասելիքն ասել, և, ֆիզիկայի օրենքին հակառակ՝ հակադարձ ուժն էր սկսում աշխատել։
– Անկախ Հայաստանի պարագայում նույնպես մարդիկ շարունակում են հեռանալ։
– Երբ մարդիկ գնում են, ես նրանց չեմ մեղադրում։ Մարդը չի կարողանում ապրել, իր ընտանիքը պահել՝ գնում է։ Նա փորձում է ինչ-որ բան անել, ինչը խրախուսելի է անգամ, քանի որ մարդը փորձում է պատասխանատվություն իր մտերիմների համար։ Այն ժամանակ էլ, հիմա էլ Հայաստանից հեռանալու դրդապատճառներն ինձ համար նույնն են։ Իմ խնդիրն արվեստային էր։ Երբ 1991-ին գնում էի, գիտեի Ամերիկան ինչ է, ինչի համար եմ գնում։ Արվեստագետը պետք է կենսագրություն ունենա, և այդ կենսագրությունն իր անցած ճանապարհն է։
Կարմեն ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ