Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Վարդան Օսկանյանն այդ ժամանակ դժբախտություն է ունեցել իշխանություն լինելու. նա ինչ-որ տեղ թիրախ դարձավ» (Տեսանյութ)

Մարտ 17,2016 11:44

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի համար անակնկալ չէ այն, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում եւ 2017-ի խորհրդարանական ընտրությունների մասով բավական լուրջ ակնկալիքներ ունի:

«Սպասվում էր, այդ մասին էլ բազմաթիվ հրապարակումներ եղան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սարգսյանը`հավելելով, որ ՎՍԴՀԿ-ն ողջունում է ցանկացած նորաստեղծ կուսակցության մուտքը քաղաքական դաշտ. «Վերջին մեկ տարվա ընթացքում երեք նոր քաղաքական ուժ ձեւավորվեց`երիտասարդ լիդերներով: Կարծում եմ, նրանց փորձառությունն ավելի մեծ չէ, քան Վարդան Օսկանյանինը: Ես բավական դրական կարծիք ունեմ պարոն Օսկանյանի մասին`զուսպ, հավասարակշիռ, հաշվարկային մարդ է: Ես նրան գնահատում եմ եւ որպես պետական, եւ որպես քաղաքական գործիչ: Այն, որ պարոն Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության շուրջ բավական մեծ աղմուկ է բարձրացել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ քաղաքական դաշտում որոշակի խուճապ կա եւ կլինեն որոշակի վերադասավորումներ: Որոշակի ներքին հաշվարկները կվերահաշվարկվեն: Վարդան Օսկանյանն իր քաղաքական հայտով ասում է, որ լուրջ գործընթացների մեջ է մտնում: Ես կարծում եմ, որ նա լուրջ դերակատարում կունենա ընտրական գործընթացներում»:

Ակնկալիքների մասով էլ նկատեց, որ միայն Վարդան Օսկանյանը չէ, բոլորը լուրջ ակնկալիքներ ունեն, բայց, բնական է, որ ոչ բոլորի մոտ է իրենց պատկերացումներով ստացվելու:

Aravot.am-ի դիտարկմանը, որ Վարդան Օսկանյանը 2008-ի իր հայտնի ելույթով, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում «մահվան դատավճիռներ էր հրապարակում», մինչդեռ նա եւ իր մտերիմները  փորձում են ներկայացնել, որ ամենաքիչը Վարդան Օսկանյանը մեղք ունի այդ ամենում, իսկ տիկին Սարգսյանն, որն այն ժամանակ Վարդան Օսկանյանի հետ բարիկադի տարբեր կողմերում էր, այժմ դրվատանքով է խոսում նրա մասին, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Այո, այն ժամանակ մենք պարոն Օսկանյանի հետ եղել ենք բարիկադի տարբեր կողմերում: Եվ ոչ միայն ես եմ եղել բարիկադի տարբեր կողմերում: Բայց եթե բարիկադի`իմ հատվածի քաղաքական ուժերը պատրաստակամ են Վարդան Օսկանյանի հետ համագործակցության… Ինչ վերաբերվում է իմ կարծիքին`ես մեկ բան կասեմ`Վարդան Օսկանյանն այդ ժամանակ դժբախտություն է ունեցել իշխանություն լինելու: Չեմ բացառում, որ այդ իրավիճակներում, նա ինչ-որ տեղ թիրախ դարձավ»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031