ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործի նախաքննությունից անցել է 3,5 ամիս, սակայն կան գործով կալանավորված անձինք, որոնք պնդում են, որ իրենք խմբի անդամներից որեւէ մեկին չեն ճանաչել եւ, առհասարակ, կապ չունեն եւ ավելին՝ հրաժարվում են ցուցմունք տալ։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչ օրս իրավապահներին ցուցմունք չի տալիս 2015 թվականի դեկտեմբերի 6-ից կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանը՝ Զիմ մականունով։ Վերջինս իրավապահներին վստահեցնում է, որ ինքը խմբի անդամներին չի ճանաչում եւ գործի հետ կապ չունի։ Սակայն ԱԱԾ քննիչները ի պատասխան Սարիբեկյանի պնդումներին՝ ասել են, որ այս գործով կալանավորված 5 անձ ցուցմունքներ են տվել հենց Սարիբեկյանի դեմ։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով, սակայն, ցուցմունքներ կան գործում առ այն, որ Հարություն Սարիբեկյանը անձամբ պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։ Իսկ թե ինչքանով են արժանահավատ գործով անցնող անձանց ցուցմունքները, արդյո՞ք Սարիբեկյանն է ցանկացել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, դեռ հարց է։
Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ իրավապահները Հարություն Սարիբեկյանին հարցրել են, թե նա իսկապես ցանկացել է պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, վերջինս վստահ պնդել էր, որ ինքը նման բան չի պատրաստվել անել՝ եւս մեկ անգամ կրկնելով, որ անգամ խմբի անդամներից որեւէ մեկի չի ճանաչում։
Տեղեկացնենք, որ պաշտոնապես Հարություն Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին զենք– զինամթերք տրամադրելու եւ բանդայի անդամների հետ համագործակցելու համար, ինչը մինչ օրս Հարություն Սարիբեկյանը չի ընդունում։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»