«Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը» (SOCAR) պայմանագիր է կնքել կանադական Zenith Aran Oil company ընկերության հետ՝ Մուրադհանլը, Ջեֆերլի, Զերդաբ նավթահորերը վերակառուցելու և շահագործման հանձնելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փախանցմամբ, Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող ցամաքային 3 նավթահորերի վերակառուցման և շահագործման մասին պայմանագիրը ստորագրել են «Ադրբեջանի պետական նավթային ընկերության» ղեկավար Ռովնագ Աբդուլաևը և կանադական ընկերության նախագահ Անդրեա Կատանեոն։
Կնքված պայմանագրի համաձայն, վերակառուցվելիք 3 նավթահորերի բաժնետոմսերի 80%-ը կպատկանի կանադական ընկերությանը, մնացած 20%-ը կտնօրինի «Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը»։ Կողմերի միջև ստորագրված փաստաթուղթը վավեր կլինի 25 տարի։
642 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք զբաղեցնող 3 նավթահորերից օրական ստացվում է միջինը 350 գլանաձև կոնտեյներ (սրանցից յուրաքանչյուրի տարողությունը 208 լիտր է,- խմբ.) չմշակված նավթ։