2016թ. մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ իր ընտանիքի հետ միասին, կայցելի Կուբա։ Վերջին անգամ, որպես ԱՄՆ նախագահ, Կուբա է այցելել Քելվին Քուլիջը՝ 1928թ։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը։
Օբամայի պատմական այցի ընթացքում նախատեսվում է ԱՄՆ նախագահի հանդիպումը Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, ինչից հետո տեղի կունենա երկու երկրների նախագահների մասնակցությամբ մամուլի ասուլիս։
Նախատեսվում է նաև Օբամայի և Կուբայի ընդդիմադիրների հետ փակ հանդիպում, ինչպես նաև ԱՄՆ նախագահի այցը Կուբայի ազգային հավաքականի մասնակցությամբ բեյսբոլի հանդիպմանը։ Բարաք Օբաման կայցելի նաև կաթոլիկ եկեղեցի։
ԱՄՆ նախագահի այս այցելությունը գնահատվում է, որպես 2014թ. դեկտեմբերին սկսված հաշտության գործընթացի գագաթնակետ։
Կարդացեք նաև
Նախագահ Օբամայի կինը՝ Միշելը, հանդիպումներ կունենա Կուբայի մայրաքաղաք Հավանայի ավագ դպրոցի աշակերտների և Կուբայի՝ իգական սեռի ուսանողուհիների հետ, որոնց մի մասը կրթություն է ստանում ԱՄՆ-ում։ Հանդիպման ընթացքում Միշել Օբաման կպատասխանի ներկաներին հետաքրքրող հարցերին։
Տեղեկացնենք նաև, որ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմական ավիացիոն օդուժին պատկանող C-17 Globemaster տեսակի երկու օդանավ արդեն ժամանել են Կուբայի օդանավակայան։ Օդանավերը ԱՄՆ նախագահի արտագնա այցերը կազմակերպելու արարողակարգում կարևոր նշանակություն ունեն։