Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիան» վերադառնում է շուկա

Մարտ 17,2016 14:00

«Էյր Արմենիա» ավիաընկերությունն «առողջանում է». երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ավիաընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու սնանկացման գործով կառավարչի միջնորդությունը: Այսինքն՝ ավիաընկերությունը փորձելու է կրկին աշխատել քաղաքացիական ավիացիոն շուկայում, նրան ժամանակ է տրվել կուտակած պարտքերը մարելու, թռիչքները վերսկսելու:

Սա նախատեսված է ավիաընկերության 49% բաժնետեր «East Prospect Fund»-ի ներկայացրած առողջացման ծրագրով:

«Առավոտի» հետ զրույցում ավիաընկերության 51%-ի բաժնետեր Արսեն Ավետիսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց թե՛ առողջացման ծրագրի, թե՛ իրենց հետագա քայլերի մասին:

Պարոն Ավետիսյանի ներկայացմամբ՝ առողջացման ծրագրով գրավով ապահովված գույքը մնում է գրավատիրոջը՝ HSBC բանկին՝ պայմանով, որ բանկը չխոչընդոտի առողջացման ծրագրի իրականացմանը: Խոսքը Ավետիսյանի առանձնատան մասին է:

Ավիաընկերությունը բանկին պարտք էր 2 միլիոն 150 հազար եվրո, եւ հենց այս պարտքը ստանալու համար էր բանկը դիմել դատարան՝ պահանջել սնանկ ճանաչել ավիաընկերությանը: «Այդ տունը մնաց բանկին»,- ասաց Ավետիսյանը:
Ըստ ծրագրի՝ ինչպես տեղեկացրեց Ավետիսյանը, կառավարիչը ավիաընկերության բոլոր դեբիտորներից պետք է հավաքագրի պարտքերը, այսինքն՝ կան ընկերություններ, որոնք ավիաընկերությանն են պարտք: Այս գումարները ստանալուց հետո, ըստ Ավետիսյանի, դրանք օրենքով սահմանված կարգով ուղղվելու են հարկերի եւ աշխատակիցների աշխատավարձերի պարտքերի մարմանը: Թե ով ում որքան գումար է պարտք՝ կանդրադառնանք առաջիկայում, երբ պաշտոնապես հրապարակվի առողջացման ծրագիրը:

Ավետիսյանն ասաց, որ ծրագրով նախատեսված է վաճառել «Էյր Արմենիայի» այն գույքը, որն անհրաժեշտ չէ ավիաընկերության աշխատանքները վերսկսելու համար: Օրինակ՝ կան ավտոմեքենաներ, որոնց մի մասը վաճառվելու է, կան օդանավերի պահեստամասեր եւ գործիքներ, որոնք այլեւս պետք չեն ավիաընկերությանը, քանի որ հետագայում այլ տիպի օդանավեր են շահագործելու:

«Առողջացման ծրագրին զուգահեռ՝ ես, որպես տնօրեն, այդ ընթացքում պետք է աշխատեմ երկարացնել մեր բոլոր ունեցած լիցենզիաների ժամկետները, վերականգնել ընկերության ինֆրակառուցվածքը՝ վաճառքի համակարգը, մի շարք պայմանագրեր կնքել: Այսինքն՝ այն, ինչ այս 1,5 տարվա ընթացքում սառեցված է եղել, ամբողջությամբ վերականգնենք. սրա համար առնվազն 2 ամիս է պետք»,- ասաց Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ ավիաընկերության մյուս բաժնետերը՝ «East Prospect Fund»-ը, զբաղվելու է օդանավերի վարձակալությամբ. «Նա ձեռք է բերելու 2 օդանավ եւ հանձնելու է «Էյր Արմենիային», ապա՝ եւս 2-ը, ընդհանուր 4 օդանավ ենք ունենալու: Երթուղիների մասին առայժմ որեւէ բան չեմ ուզում ասել»:

«Առավոտը» պարոն Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ավիաընկերության կրած վնասների համար նախկինում, այսպես ասած, մեղադրվում էին Հայաստանում ներդրված «բաց երկնքի» քաղաքականությունն ու օտարերկրյա ավիաընկերությունները, որոնց հետ «Էյր Արմենիան» անհավասար մրցակցային դաշտում էր, հիմա ինչպե՞ս է մրցակցելու: Ավետիսյանն այս առնչությամբ ասաց. «Մեր առողջացման ծրագիրը համահունչ է «բաց երկնքի» քաղաքականությանը: Ուղղակի կառավարությունից մեր միակ խնդրանքն այն է, որ նրանք հետեւողական լինեն՝ «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում կնքված միջպետական պայմանագրերում հավասար պայմաններ ստեղծվեն թե՛ Հայաստանի ավիափոխադրողների, թե՛ հանդիպակաց օդանավակայաններից դեպի Հայաստան փոխադրվողների համար: Այսինքն՝ եթե «Զվարթնոցի» կամ ավիացիոն այլ ծառայություները «Էյր Արմենիային» կամ այլ հայկական ընկերությանը տրամադրում է այն նույն սակագները, ինչ սակագներ, որ տրամադրվում է ասենք՝ «Աերոֆլոտին» եւ մյուսներին, նույն պայմանները մեզ համար ապահովվեն ռուսական կամ այլ երկրների օդանավակայաններում»:

Ավետիսյանն ասաց, որ ինքը որեւէ արտոնություն չի ուզում կառավարությունից, սակայն քանի որ հայկական օդային շուկան բաց է բոլոր ավիաընկերությունների համար, ապա հայկականի համար տրամադրվեն նույն պայմանները, ինչ օտարերկրյա ավիաընկերությունները ստանում են իրենց երկրի օդանավակայաններում. «Ասենք՝ 11 թռիչքի իրավունք ունի ռուսական ընկերությունը, 11 էլ՝ հայկականը, բայց ես ուզում եմ, որ միջպետական պայմանագրերով նաեւ նախատեսվի, քանի որ Հայաստանում «բաց երկինքն» է գործում, ուրեմն հանդիպակաց պետությունն ում հետ որ կնքում է պայմանագիրը, ինքն էլ պարտավորոթյուն վերցնի, ինքն էլ տվյալ երթուղու վրա իր փոխադրողին արտոնություն չտրամադրի: Եթե օտարերկյա ընկերությունը կարող է գալ Հայաստան եւ կատարել 5-րդ ազատությունով թռիչք որեւէ 3-րդ երկիր, նույն իրավունքն էլ ես պիտի ունենամ հակառակ ուղղությամբ: Մենք ուզում ենք պետությունը պաշտպանի հայկական ընկերությունների շահերը»:

Պարոն Ավետիսյանը վստահեցրեց, որ հայկական ավիաընկերությունների համար ռուսական օդանավակայաններում նույն սակագները չեն, ինչ ռուսականների համար են, ռուսականների համար զգալի զեղչեր են արվում. «Ես 100%-ով ասում եմ՝ ռուսական ավիաընկերությունները Ռուսաստանից որեւէ երկիր թռիչք կատարելու համար տուրք են վճարում 3 դոլար, հայկական կամ այլ ընկերություններ՝ 23 դոլար: Այսինքն՝ միջպետական պայմանագրերով պետք է այսպիսի ոլորտներում հավասար պայմաններ նախատեսեն: Բացի այս, նույն միջպետական պայմանագրերով պետք է աուդիտ, ստուգումներ կատարելու իրավունք ունենանք, որովհետեւ նրանք կարող են ասել՝ նույն սակագներն ենք տրամադրում, սակայն աուդիտն այլ բան պարզի: Քանի՞ անգամ է ստուգում եղել, թե, ասենք, «Աերոֆլոտն» արդյոք օգտվե՞լ է «Շերեմետեւո» օդանավակայանի նույն սակագներից, ինչը որ, ասենք, «Արմավիան»: Այսինքն՝ կառավարությունը պետք է միջպետական պայմանագրերով ավիաընկերության կամ քաղավիացիայի վարչության համար ֆինանսական ստուգումներ անելու իրավունք ստանա»:

Որպես օրինակ՝ պարոն Ավետիսյանը բերեց Իրանի օդանավակայանի տարբերակը: Ըստ Ավետիսյանի՝ իրանական ավիաընկերությունների հետ անհնար է մրցակցել Երեւան-Թեհրան թռիչքներով. «Որովհետեւ նրանք ավիավառելքը լիցքավորում են 10 անգամ ավելի էժան, քան հայկականը կամ այլ երկրի ավիաընկերությունը: Եթե պաշտոնական նամակ գրենք՝ կպատասխանեն՝ ոչ, շուկայական գներով ենք լիցքավորում, բայց իրականությունն այլ է: Սա պարզելու համար ստուգելու իրավունք պիտի ունենաս: Թե չէ՝ իրենք կասեն՝ կոմերցիոն հիմնարկ է, իրավունք չունես ստուգելու, ու փակուղի է ստացվում, վերահսկողական մեխանիզմներ չկան: Այս ամենը պետք է կարգավորվի»:
Պարոն Ավետիսյանն ասաց, որ հայկական ավիաընկերությունները կկարողանան աշխատել, եթե հավասար մրցակցային պայմաններ լինեն նաեւ հանդիպակաց երկրների օդանավակայաններում. օտարերկրյա ավիաընկերությունները մեզ մոտ ազատ աշխատում են այն սակագներով, որով տեղականներն են աշխատել, իսկ մերոնք դրսի օդանավակայաններում այնտեղի սակագներով չեն աշխատել, ավելի թանկ են վճարել գրեթե բոլոր ծառայությունների համար. «Ահա այս խնդիրները պետք է լուծվեն, մենք հավասար մրցակցային պայմաններ ենք ուզում. ինչպես նրանք են այդ հավասար պայմաններով մեզ մոտ աշխատում, այնպես էլ մեզ համար հավասար պայմաններ ապահովվեն իրենց երկրներում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Էյր Արմենիա» !!!

    հազար ներողութիւն (բժշկական մօտեցումով ընկալեցէք բացատրածս), սակայն վազ անցէք այդ «Էյր» բառից

    որ արաբերէնով իմաստը ստուգէք, կը հասկանաք թէ ինչու

    «Էր Արմենիա»… աւելի ապահով է
    (թէեւ այդ պարագային ալ կարող է նշանակել՝ կար, եղել է, անցել է…
    ինչ որ սովորական վիճակն է այս ընկերութեան… սակայն նախընտելի է այդ արաբական, ահաւոր «Էյր»ից…)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031