Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում թերզբաղված երգչուհին ցանկալի հյուր է «դրսի» օպերային թատրոններում

Մարտ 17,2016 13:00

Հստակ տվյալներ չկան, թե այսօր արտասահմանում մշակույթի տարբեր ոլորտների հայաստանցի քանի արվեստագետ է ստեղծագործում: Խոսքը ֆոլկ կամ շոու-բիզնեսի ոլորտների մասին չէ, որոնց ներկայացուցիչները հանդես են գալիս միայն սփյուռքում, այլ դասական երաժշտարվեստը ներկայացնող արվեստագետների մասին է: Մոտավոր հաշվարկով, օրինակ, Արեւմուտքի տարբեր բալետային թատրոններում բեմ են բարձրանում շուրջ 40 առաջատար հայազգի արտիստներ: Կատակով ասում են, թե եվրոպական օպերային թատրոններում հանդես եկող մեներգիչների թիվը Ազգային վիճակագրական վարչությունն էլ չի կարող ճշտել, քանի որ աստղերին թիվ կա, հայ երգիչներին՝ ոչ: Մի կողմից ողջունելի է, որ արեւմտյան ճանաչված թատրոնների կամ նվագախմբերի կողմից ցանկալի են հայաստանցի արվեստագետները, մյուս կողմից՝ վերջիններիս երկարաժամկետ բացակայությունը բնականաբար անդրադառնում է հայաստանյան մշակութային դաշտի վրա: Վերջին շրջանում մի քանի անուններից բացի, օրինակ՝ բալետի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյան կամ օպերային բարիտոն Գեւորգ Հակոբյան, ովքեր պայմանագրային հիմունքներով գնում եւ վերադառնում են, շատերը գոնե «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրել են, թե, ասենք, երկու ամիս բեմ կբարձրանան «դրսում», հետո անպայման կվերադառնան: Բայց «հետոն» արդեն տարիներ է ձգվում… Գնացածներն էլ չեն վերադառնում:

hasmik_torosyan-3

Օրեր առաջ էլ հրաշալի սոպրանո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը, որը 2015թ. Մյուզետտայի դերերգով (Պուչինի՝ «Բոհեմ») հանդես էր եկել Բելգիայի Անտվերպենի ֆլամանդական թատրոնում, նույնպես հավաստիացրեց, թե երկու ամսով մեկնում է հիշյալ թատրոն, հանդես է գալու Իլիայի (Մոցարտ՝ «Իդեմենեո») եւ Գիշերային թագուհու (Մոցարտ՝ «Կախարդական սրինգ») դերերգերով, ապա վերադառնալու է հայրենիք: Նույն թվականին Նոր Զելանդիայի «Ֆեստիվալ օպերա» փառատոնում երգչուհին հանդես եկավ Ադինայի դերերգով՝ Դոնիցետտիի «Սիրո ըմպելիքում»:

Երեւանի օպերային թատրոնում, որտեղ Հասմիկ Թողոսյանը մեներգչուհի է 2011թ., զբաղված է ընդամենը երկու ներկայացումներում՝ Տիգրանյանի «Անուշում» (Անուշ) եւ Վերդիի «Տրավիատայում» (Վիոլետա): Մինչդեռ 2012թ. ԱՄՆ-ում Մինեսոտայի թատրոնում կատարել է Նեդդայի դերերգը՝ Լեոնկավալոյի «Պայացներում», 2013թ. Մեծ Բրիտանիայի Գլայնբուռնի թատրոնում Նորինայի դերերգը «Դոն Պասկաուլե» եւ Ադինայի դերերգը Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերաներում: 2014թ. երգչուհին հրավիրվել է Իտալիա, ուսանել է Ռոսսինիի ակադեմիայում, մաեստրո Ալբերտո Զեդդայի ղեկավարությամբ եւ հենց կոմպոզիտորի ծննդավայրում՝ Պեզորա քաղաքի թատրոնում էլ կերտել է Կորինայի դերերգը՝ «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում: Կարճ ժամանակ անց սոպրանոն ստանում է նոր հրավեր, դարձյալ մաեստրո Զեդդայի եւ «Ռոսսինի» Օպերա-փառատոնի կողմից՝ հանդես գալու Լիզետայի դերերգով՝ «Լա Գազետա»:

hasmik_torosyan-2

Հասմիկ Թորոսյանը, չնայած հայրենիքում իր «համեստ» գործունեությանը, հաճախ հրավիրվում է նաեւ իբրեւ համերգային կատարող: Օրինակ, անցյալ տարի աշխարհահռչակ դիրիժոր Միխայիլ Յուրովսկու գլխավորությամբ Փարիզի Ազգային նվագախմբի հետ հայ երգչուհին հենց Փարիզում կատարեց Մարֆայի դերերգը Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում (համերգային կատարում), Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ արվեստագետը, նույնպես անցյալ տարի, կատարեց սոպրանոյի պարտիան Մոցարտի «Ռեքվիեմում» եւ այլն:

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ժամանակին երգչուհին Տիգրան Մանսուրյանի հրավերով մասնակցել է կոմպոզիտորի առաջին հայկական ռեքվիեմի հայաստանյան պրեմիերային: Նա հաճախ համագործակցում է նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Ի դեպ, Հասմիկ Թողոսյանը վարպետության դասընթացների է մասնակցել աշխարհահռչակ այնպիսի երգիչների մոտ, ինչպիսիք են Թերեզա Բերգանցան, Միրելա Ֆրենին, Գրեիս Բամբրին եւ Խուան Դիեգո Ֆլորեսը: Հավելենք նաեւ, որ նա ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր է (2009թ.) եւ հատկանշական է, որ երգչուհին մասնակցելով հանրապետական եւ միջազգային տարբեր մրցույթների, արժանացել է միայն առաջին մրցանակների, այդ թվում՝ 2008թ. Գոհար Գասպարյանի անվան, 2010թ. Մոսկվայում կայացած ավանդական 16-րդ «Գեղեցիկ ձայն», 2011թ. Հռոմում կայացած «Musica Sacra» եւ այլն:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031