Ընտրական օրենսգրքի նախագծում գրված բառերի
եւ իրականության միջեւ հակասություն կա
Եվրոպական փորձագետերը, որոնք ծանոթանում են Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, հաստատ վերացած են հայաստանյան իրողություններից: Նրանք մտածում են՝ «էս ի՞նչ առաջադեմ նորմ են գրել նախագծի հեղինակները: Իսկապես, կուսակցական ցուցակներում պետք է լինեն նաեւ ամեն ընտրատարածքի համար «անհատականացված» թեկնածուներ, որպեսզի այդ թեկնածուները ներկայացնեն տվյալ տարածքի շահերը»: Վենետիկի հանձնաժողովի անդամները ծանոթ չեն Թոխմախի Մհերին, որը «ընտրություններ է կազմակերպելու» Էրեբունիում, կամ գեներալ Մանվելին, որը «ռուլիտ է անելու» Էջմիածնում ու մոտակա գյուղերում, եւ չգիտեն, թե ինչպես եւ ում շահերն են նրանք պաշտպանելու:
Նախագծում եւս մի «առաջադեմ նորմ» կա ազգային փոքրամասնությունների մասին: Ընտրական օրենսգրքի նախագծի 84-րդ հոդվածում գրված է. «Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 եւ ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված թեկնածուն կարող է ընդգրկվել նաեւ ընտրական ցուցակի առաջին մասում»: Չխորանանք, թե ինչ խառնաշփոթ կարող է առաջանալ «ցուցակի առաջին եւ երկրորդ մասերի» շուրջ՝ դա առանձին խոսակցության թեմա է: Խոսքը տվյալ դեպքում ազգային փոքրամասնությունների մասին է: Եվ այսպես, բոլոր կուսակցական ցուցակներում պետք է լինի ազգային փոքրամասնությունների 2-4 ներկայացուցիչ: Դարձյալ հայ իրականությանն անծանոթ փորձագետի համար շատ գեղեցիկ է հնչում՝ բա, իհարկե, պետք է, ասենք, եզգի ընտրողին հնավորություն տրվի նշում կատարել եզդի կուսակցականի անվան դիմաց, ասորուն՝ ասորու դիմաց եւ այլն: Բայց իրականությունն այլ է:
Նախ՝ Հայաստանի նման երկրում ընդդիմադիր կուսակցություններին դժվար կլինի գտնել ազգային փոքրամասնությունների 2-4 ներկայացուցչի, որոնք կհամաձայնեն ընդգրկվել իրենց ցուցակում: Գերմանիայում, օրինակ, թուրքեր կան ե՛ւ սոցիալ-դեմոկրատների, ե՛ւ քրիստոնյա դեմոկրատների շարքերում, որովհետեւ դա իր մեջ ոչ մի վտանգ չի պարունակում, եւ երկու կուսակցություններն էլ շանսեր ունեն ոչ միայն ընդգրկվել Բունդեսթագում, այլեւ մեծամասնություն դառնալ: Բայց դժվար է պատկերացնել, որ, ասենք, Ռուսաստանում Արա Աբրահամյանի կառույցը սատարեր Նեմցովին, Նավալնիին կամ նույնիսկ հարաբերականորեն ընդդիմադիր կոմունիստներին: Եվ դա բացարձակապես մեղադրելու չէ՝ եթե Ռուսաստանի հայերի միությունը նման բան աներ, այդ կառույցը կվատացներ այդ երկրում ապրող մեր հայրենակիցների վիճակը: Ավտորիտար երկրներում, մի խոսքով, ազգային փոքրամասնությունները միշտ իշխանությունների կողքին են: Հայաստանում էլ ես 25 տարում չեմ լսել, որ որեւէ ազգային համայնք հանդես գար, ասենք, նախագահի որեւէ ընդդիմադիր թեկնածուին սատարող հայտարարությամբ: Ի դեպ, Վրաստանում նույնպես հայկական հիմնական կազմակերպությունները հաջորդաբար սատարում էին Շեւարդնաձեին, Սաակաշվիլիին եւ Իվանիշվիլիին:
Կարդացեք նաև
Բացի այդ, Հայաստանի դեպքում ազգային փոքրամասնություններին խորհրդարանում պարտադիր ընդգրկելու խնդիրն այնքան էլ սուր չի դրված: Վրաստանում, Ռուսաստանում, Իրանում անհրաժեշտություն կա, որ լինեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ դրանք բազմազգ երկրներ են, եւ ազգերը կարող են ունենալ քաղաքական, ոչ միայն մշակութային եւ կրթական խնդիրներ, եւ պետք է ներկայացված լինեն գլխավոր քաղաքական կառույցում: Հայաստանում, որտեղ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ եզդիները կազմում են բնակչության 1,2%-ը, ռուսները՝ 0,4%-ը, ասորիները՝ 0,09%-ը, եւ այլն, քաղաքական խնդիրներ կարծես թե չպիտի առաջանան: Իհարկե, մեր այլազգի համաքաղաքացիները պետք է լայն մշակութային եւ կրթական իրավունքներ ունենան, բայց արդյո՞ք դրա համար պետք է «պատգամավորական քվոտա»:
Իսկ ամենակարեւորն այն է, որ եթե նույնիսկ նման քվոտա ցուցակում պետք է, ապա, միեւնույն է, ԱԺ-ում «առնվազն 101» տեղի պարագայում այդ «ցուցակի երկրորդ մասին» անհատականացված հավակնորդների մեջ այնպիսի «փողային մրցակցություն» է լինելու, որ ազգային փոքրամասնություններին ոչ մի տեղ էլ չի հասնի: Այնպես որ՝ օրենսգրքի նախագծի մեջբերված հոդվածը պարզապես ձեւական նախադասություն է: Հավանաբար, Վենետիկի հանձնաժողովի համար:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.03.2016