Լրահոս
Օրվա լրահոսը

Յոհան Շտրաուսի ռուսական սիրավեպը

Մարտ 17,2016 12:30

Կամ՝ ինչպես ազնվական օրիորդի ծնողները մերժեցին «վալսի արքային»
Ավստրիացի հանրահայտ կոմպոզիտոր, «վալսի արքա», բազմաթիվ պարային ստեղծագործությունների եւ օպերետների հեղինակ Յոհան Շտրաուս կրտսերը, ըստ որոշ տեղեկությունների, սրտակեր է եղել: Նա բազմաթիվ սիրավեպեր է ունեցել, սակայն եղել է մի կին, որին չի մոռացել ողջ կյանքում: Ըստ kulturologia.ru կայքի, այդ կինը ռուս ազնվական օրիորդ Օլգա Սմիրնիտսկայան էր:

Յոհան Շտրաուս կրտսերն անվանի կոմպոզիտոր ու դիրիժոր Յոհան Բատիստ Շտրաուսի որդին էր, մարդ, որի պոլկաների ու վալսերի ներքո ժամանակին պարում էր ողջ Վիեննան: Որդին գնաց հոր ճանապարհով ու անգամ իր շնորհներով գերազանցեց նրան: Յոհան Շտրաուսը շատ արագ հզոր կարիերա արեց, իսկ 1852 թվականից Շտրաուս կրտսերի նվագախումբն արդեն նվագում էր Ավստրիայի կայսր՝ Ֆրանս-Իոսիֆ 1-ինի պալատում:
1854-ից Շտրաուսը պայմանագիր կնքեց նաեւ Ռուսաստանի հետ: Նա սկսեց հանդես գալ ռուսական կայսերական ընտանիքի եւ բարձրաշխարհիկ ռուսների առաջ: Շտրաուսը Ռուսաստանում ընդմիջումներով անցկացրեց շուրջ 10 տարի: Նրա մասին բամբասում էին, որ տարված է կանանցով, սիրում է կարճատեւ սիրավեպեր, սակայն տպավորված է Օլգա Սմիրնիտսկայայով:

Ավստրիացի կոմպոզիտորի ռուս մուսայի մասին մինչեւ վերջերս շատերը չգիտեին: Իսկ ոմանք էլ դա զուտ լեգենդ էին համարում, ուղղակի գեղեցիկ հորինվածք: Ռուս հանդիսատեսը նրանց սիրո մասին տեղեկացավ Յան Ֆրիդի «Հրաժեշտ Պետերբուրգին» ֆիլմից հետո: Հայտնի էր, որ Շտրաուսն ու Օլգան երկար ժամանակ նամակագրական կապ են ունեցել, սակայն այդ նամակները կորած էին համարվում: 1990-ականների սկզբին Վիեննայի քաղաքային գրադարանի արխիվում հայտնաբերված ձեռագրերի հիման վրա գիրք հրատարակվեց, որն իսկական ֆուրոր առաջացրեց: Շտրաուսի եւ Օլգայի սիրային նամականին հաստատեց, որ Շտրաուսն իսկապես ազգությամբ ռուս սիրած էակ է ունեցել:
Կոմպոզիտորն Օլգայի հետ ծանոթացել էր 1858թ.: Օլգան եւս երաժշտական ստեղծագործություններ էր գրում: Շտրաուսը նույնիսկ նրա պոլկա-մազուրկան մի անգամ մտցրեց իր համերգներից մեկում կատարվող երկերի ցանկում: Նրանք թաքցնում էին իրենց սերը, քանի որ Օլգայի ծնողները դեմ էին այդ ոչ «համարժեք» կապին: Շտրաուսը սիրառատ նամակներ էր գրում Օլգային, վերջինս էլ դրանց պատասխանում էր ռոմանսներով: Ամուսնությանը դեմ էր նաեւ Շտրաուսի հարազատ մայրը: Ռուս արիստոկրատները իրենց դստեր համար արժանի ու համապատասխան փեսացու չէին համարում ավստրիացի կոմպոզիտորին: Նրանք կարեւորում էին իրենց ազնվական ծագումը եւ կարգավիճակը, նաեւ վախենում էին, որ երիտասարդ կոմպոզիտորը հոր նման վաղաժամ կվախճանվի: Սիրահարները նույնիսկ փախուստ էին պլանավորել, սակայն վերջին պահին օրիորդը տեղի էր տվել, ինչը վիրավորել էր Շտրաուսին:

Նրանք ի վերջո բաժանվեցին, Օլգան ամուսնացավ, սակայն այդպես էլ երջանիկ չեղավ 60-ամյա ամուսնական կյանքի ընթացքում: Շտրաուսը եւս ամուսնացավ, այն էլ երեք անգամ եւ նույնպես երջանիկ չեղավ: Մինչեւ մահ նա պահում էր Օլգայի դիմանկարը իր կողքին:

 
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031