Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը չկարողացավ գիշերային ակումբի պարուհի Մարիշին դատարան բերման ենթարկել

Մարտ 16,2016 23:00

Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասություն դատարանում շարունակվում է Անդրանիկ Սահակյանի, Լիանա Ղուկասյանի, Արշակ Սարգսյանի, Ժենյա Մեհրաբյանի եւ Հայկ Դավթյանի դատավարությունը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ նրանք 2014 թ. հուլիսի 18-ին նախնական համաձայնության գալով՝ գնացել են Ռոզա Զոհրաբյանի բնակարան, ներկայացնելով իրենց պահանջները՝ Լ. Ղուկասյանի կոշիկը Մարիամ Մանուկյանից վերադարձնելու վերաբերյալ եւ դանակի գործադրման սպառնալիքով պահանջել են, որ նա իրենց հետ դուրս գա բնակարանից, սակայն նրա կողմից մերժում ստանալուց հետո նրա կամքին հակառակ, քաշքշելով դուրս են բերել բնակարանից եւ ստիպողաբար վերջինիս նստեցրել են ավտոմեքենա:

Այնուհետեւ տեղեկանալով, որ Ռոզա Զոհրաբյանի մայրը զանգահարել է ոստիկանություն, ժամը 06. 30-ին  Ռ. Զոհրաբյանին պատահական մեքենայով ճանապարհել են տուն: Նախկինում չդատված 5 ամբաստանյալներից 2-ն անչափահաս են: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասին 1-ին եւ 2-րդ կետերով:

Սույն քրեական գործով դատավարությունը նշված դատարանում մեկնարկել է 2014թ, նոյեմբերի 26-ին: 2016թ. մարտի 14-ի նիստին պետք է ներկա լիներ  վերոհիշյալ Մարիամ Մանուկյանը, նախորդ՝ մարտի 1-ի նիստում դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Դատարանում ստացվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի տեսուչ, ավագ լեյտենանտ Այվազյանի կազմած արձանագրությունն այն մասին , որ նշված հասցեի սեփականատիրոջ վկայությամբ՝ տվյալ հասցեում Մարիամ Մանուկյանը չի բնակվում: Ամբաստանյալների պաշտպանները նշեցին, որ առկա է Մ.Մանուկյանի բջջային հեռախոսահամարը, նրան հնարավոր է գտնել, հարկ է դիմել համապատասխան մարմիններին՝ ճշտելու համար, թե նա լքե՞լ է արդյոք Հայաստանի սահմանները, առաջարկեցին դատական նիստը հետաձգել, մինչեւ վկան դատարան բերվի: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը համարեց,որ դատարանը բավարար միջոցներ է ձեռնարկել վկա Մ. Մանուկյանին ներկայությունը դատարանում ապահովելու համար, սակայն ապարդյուն, ուստի պետք է հրապարկել նրա նախաքննական ցուցմունքը:

Արշակ Սարգսյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը առարկեց դրա դեմ, ասելով, որ սպառված չեն ՀՀ տարածքում Մ. Մանուկյանին հայտնաբերելու հնարավորությունները, որ այդ վկայի դատաքննական ցուցմունքը կարեւոր է դեպքի փաստական հանգամանքների եւ շարժառիթների առումով: Դատավորը հրապարակեց Մ. Մանուկյանի նախաքննական ցուցմունքը, այնտեղ Մանուկյանը հայտնում է, որ ինքը, որպես պարուհի աշխատում է Երեւանի գիշերային ակումբներից մեկում, ուր իրեն Մարիշ են կոչում:  Սեդա Սաֆարյանը նշելով, որ իրենք հնարավորություն չունեցան հարցեր ուղղելու Մ. Մանուկյանին, վերջինիս եւ տուժող Ռ. Զահրաբյանի ցուցմունքների մեջ հակասությունների կապակցությամբ միջնորդեց տուժողին լրացուցիչ հարցաքննել: Մյուս պաշտպանները միացան այդ միջնորդությանը: Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ տուժողը նախկինում դատարանում ցուցմունքներ է տվել: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց միջնորդությունը: Սեդա Սաֆարյանն առարկելով՝ հայտնեց, որ նախորդ դատական նիստում դատավորը խախտել է ապացույցների հետազոտման կարգը, որի հետեւանքով  իրենք հնարավորություն չունեցան Մ.Մանուկյանի ցուցմունքի վերաբերյալ հարցեր տալ տուժողին: Պաշտպան Սեդա Սաֆարյանը դատարանից ժամանակ խնդրեց ապացույցների վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար, դատավոր Տ. Գրիգորյանն այն համարեց անհիմն եւ մերժեց: Դատաքննությունը մտավ դատական վիճաբանությունների փուլ: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 5-ին:

Հավելենք, որ նախորդ՝ մարտի 1-ի դատական նիստում, որին մենք մասնակցել ենք, տուժող Ռոզա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրեն չեն առեւանգել, ինքն ամբաստանյալների դեմ բողոք չունի, նախաքննության ժամանակ նրանց դեմ ցուցմունք է տվել քննիչի ճնշման ներքո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031