Կառավարության աշխատակազմի «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի ծախսերի վերաբերյալ վաղը կառավարության նիստին որոշում կընդունվի, որով կսահմանվի, թե ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տրված գումարներն որքան ժամանակում եւ ինչի համար են ծախսելու:
Ըստ որոշման նախագծի, ծրագրի իրականացման ժամկետն է այս տարվա փետրվարի 5-ից մինչեւ 2017-ի ապրիլի 4-ը: 749.110 դոլար դրամաշնորհից նախատեսվում է այս տարի ծախսել 605.881 դոլարը, իսկ 2017-ին` 143.229 դոլար:
Նախագծում նշված է, որ հատկացվող միջոցները ուղղվելու են երեք նպատակների իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով, 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում, շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում եւ իրականացում: Նշենք, որ այս ծրագիրն իրականացնում է կառավարության աշխատակազմը:
«Միջազգային փորձագետների գիշերակացի հարցերը լուծվելու են լրավճարների տեսքով, որոնց վերաբերյալ դրույթները կնախատեսվեն համապատասխան աշխատանքային պայմանագրերում»-գրված է նախագծում:
Կառավարությունն ակնկալում է, որ այս իրավական ակտի կիրառումը հնարավորություն կտա իրականացնել համապատասխան ծախսերի բաշխումը եւ կապահովի դրա օգտագործման արդյունավետությունը:
Որոշման նախագիծը չի ընդունվել ֆինանսների նախարարության կողմից. այս գերատեսչությունը ներկայացրել է առարկություն եւ առաջարկ: «Առաջարկում ենք ոչ բավարար հիմնավորումներով պայմանավորված, ինչպես նաեւ պետական միջոցների տնտեսման եւ մրցակցության աստիճանի բարձրացման նպատակով Նախագծի N 7 հավելվածի գնումների պլանում առկա 60411200/1 CPV կոդով կանոնավոր օդային փոխադրման ծառայություն (ավիատոմս)» գնման առարկան ձեռք բերել մրցակցային ընթացակարգով»,-նշված է ֆիննախի առարկության մեջ:
Այս որոշման նախագծում կատարված փոփոխության հիմնավորումը հետեւյալն է՝ «Միջազգային փորձագետների ներգրավումը պետք է իրականացվի մրցութային հիմունքներով՝ ՀՀ կառավարության կողմից արված հրապարակային հայտարարության հիման վրա: Նման ընթացակարգի կիրառման պայմաններում հստակ չէ միջազգային փորձագետների ժամանման կոնկրետ ժամանակահատվածը, որից ելնելով էլ սույն որոշման նախագծում նախատեսվել է օրենսդրական այս՝ գնում մեկ անձից մեխանիզմը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ