Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական նոր օրենսգրքով հեշտացնում են մարզերի բդեշխների, գեներալների ու օլիգարխների գործը (Տեսանյութ)

Մարտ 16,2016 21:00

Այսօր Գյումրու «Արաքս» հյուրանոցի դահլիճում գրեթե բոլոր կուսակցությունների, հասարակական ակտիվ մասսայի մասնակցությամբ տեղի ունեցավ «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը եւ ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներ»-ը թեմայով հանրային քննարկում: Բանախոսներից «Թրանսփերենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, նշելով, որ ընտրական նոր օրենսգրքի մշակման ամբողջ գործընթացը եղել է հակաօրինական, խոսեց նախագծի խնդրահարույց կարգավորումների մասին:

«Այդ հակաօրինական գործընթացի արդյունքում ներկայացված փաստաթուղթն էլ իր բովանդակությամբ գոհացուցիչ չէ, որովհետեւ դրանում կան ընտրական համակարգի շեղված կարգավորումներ կամ ընտրական գործընթացն ավելի անթափանցիկ դարձնելու մեխանիզմներ: Ես կուզեի մի փոքր խոսեինք քվեարկության կարգի մասին. այս լսարանում կան մարդիկ, որոնք եղել են դիտորդներ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին գուցե եւ հանդես են եկել քաղաքացի-դիտորդ նախաձեռնության շրջանակում եւ շատ ցայտուն տեսել են ընտրախախտումների ողջ զինանոցը, որոնք կարող են օգտագործել ցանկալի արդյունքի հասնելու համար:

IMG_2480

Երբ որ գործող օրենսդրությամբ մենք ասում ենք անգամ դիտորդի լիազորությունների շրջանակը նեղ է եւ պետք ընդլայնել, մեզ հետ համակարծիք է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը , որը իր հանձնարարականով, սահմանադրական փոփոխությունների հետ կապված զեկույցում նշել էր, որ դիտորդներին պետք է տալ այնքան լայն հնարավորություններ ընդհուպ մինչեւ տեղամասի արդյունքները բողոքարկելու հնարավորություն: Բայց նայեք այս նախագծում բողոքարկման ինստիտուտը ինչպես է ձեւակերպված. դիտորդը կարող է բողոքարկել միայն այն ընտրախախտումը, որը կպչում է, կոպիտ եմ ասում այդ բառը, առնչվում է իր դիտորդի սուբյեկտիվ ընտրական իրավունքներին: Եվ եթե անգամ տեղամասում տեղ է ունեցել կոպտագույն խախտումներ՝ լցոնում, բռնություն եւ այլն, նա չի կարող տեղամասի արդյունքները վիճարկելու բողոք ներկայացնել, ինչը եւս ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հանձնարարականի խախտում է: Ընտրական համակարգի հետ կապված, գիտեք, որ Սահմանադրությամբ նախատեսվեց, որ Ազգային ժողովը պետք է ձեւավորվի համամասնական ընտրակարգով, ինչը միանգամից ենթադրել է տալիս, որ ամբողջ հանրապետությունում պիտի լինեին համապետական ցուցակներ, ու քվեարկությունը պետք է լիներ ըստ կուսակցությունների:

Բայց այն, ինչ առաջարկվել է ընտրական օրենսգրքի նախագծով, հեռու է համամասնական ընտրական համակարգի դասական լինելուց, ինչո՞վ. նախագծով առաջարկում է, որ Ազգային ժողովի կձեւավորվի համամասնական ընտրակարգով, բայց համապետական եւ տարածքային ցուցակներով: Երբ որ մենք ասում են տարածքային ցուցակի առկայությունը նշանակում է ռեյտինգային քվեարկություն, նախագծի հեղինակները առարկում են, թե ռեյտինգային քվեարկությունը բոլորովին այլ ինստիտուտ է, սա ընդամենը բաց, թե փակ ցուցակներով քվեարկություն է, բայց երբ որ նայում ենք նույն հոդվածի շարունակությունը, որ Հայաստանի ամբողջ տարածքը 41 ընտրատարածքից վերածվում է 13 ընտրատարածքի՝ 4-ը Երեւանում, 9-ը մարզերում, այստեղ միանշանակ ակնհայտ է այն փաստացի իրողությունը, որ մենք ունենք Հայաստանում. Յուրաքանչյուր մարզում կան մարզի բդեշխներ, թե տվյալ մարզի գեներալներ. մարզերը բաժանված են, եւ այդ տարածքային ցուցակներով բնակիչը, ըստ էության, ռեյտինգային կարգով քվեարկելու է նրան, ով այդ տարածքում ունի բարձր հեղինակություն: Եվ պատահական չէ, որ 41 հիմա վերածվեց, դարձավ 13 տարածքների»: Բանախոսը խոսեց նաեւ բարդեցված ընտրական մեխանիզմի մասին:

Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն էլ, անդրադառնալով Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու դրույթին, ասաց, որ շատերը, որոնք չեն ուզում լինել կուսակցության ցուցակներում, որովհետեւ նրանք կնույնականցվեն այդ կուսակցության գաղափարախոսության հետ, խաղից դուրս են մնում: Նա կարծիք հայտնեց, որ Գյումրիում ու Վանաձորում լավ կլինի պահպանվի քաղաքապետի ուղիղ ընտրության համակարգը: Նա խոսեց նաեւ այս երեք քաղաքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար նախատեսվող գրավադրույքների մասին. Երեւանում ցուցակ առաջադրողը 3 միլիոն դրամ պիտի գրավադրի, Գյումրիում ու Վանաձորում՝ 2 միլիոն դրամ:

«Կարծես թե ամեն ինչ արել են, որ հանրային մասնակցությունն այս ընտրություններին հնարավորինս նվազեցնեն. Գյումրու, Վանաձորի համար, շատ կուսակցությունների համար էդ թիվը գրեթե անհաղթահարելի է: Կուսակցության կա, որ կարող է տալ, օլիգարխները սաղ էդ կուսակցության մեջ են, իրենց համար 3 միլիոնն ի՞նչ է, 30 միլիոն էլ լինի, կարող են տալ: Շնորհակալ պետք է լինենք, որ 20 ու 30 միլիոն չեն գրել, էս թիվը պետք է սահմանվի՝ հաշվի առնելով բնակչության համամասնությունը, աղքատության ցուցանիշները եւ այլն, եւ այլն եւ այլն: Իմ տրամաբանությունը ինձ հուշում է, որ Գյումրիում ու Վանաձորում այդ գրավադրումը կարող է լինել ոչ ավելի, քան 10 տոկոս Երեւանի համար նախատեսված թվից: Երեւանում 3 միլիոն եք գրել, ախպեր, Գյումրու ու Վանաձորում առաջադրվողը թող 300 հազար դրամ դնի: Էս գրավը օգտագործել որպես պատժամիջոց կամ ֆիլտրի միջոց, խայտառակ բան է», -ասաց Լեւոն Բարսեղյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031