«Պահը շատ հարմար է ընտրված։ Սիրիական խաղաղության բանակցություններն են սկսվել Ժնեւում։ Պուտինը հայտարարեց, որ դուրս է բերելու զորքի հիմնական մասը։ Փաստորեն խոսք չի գնում զորքերը դուրս բերելու մասին, այլ հիմնական մասի դուրս բերման»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արեւելագետ Հայկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ մեծ հաշվով շատ բան չի փոխվում, պարզապես ունենք մի հայտարարություն, որը տրամադրություններ է փոխում ամբողջ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում. «Առաջին մակարդակում ռուսական հասարակությանը ներկայացնում են, որ կա առաջնորդ, տիրակալ, որը որոշեց, արեց եւ մյուս կողմից դուրս է բերում զորքը։ Մյուս կողմից ասվում է, որ սա ֆինանսապես ծանր բեռ չի լինի պետության համար»։
Հայկ Քոչարյանը կարծում է, որ Պուտինն այս քայլով տարածաշրջանային ուժերին բացատրեց, որ Ռուսաստանը չի գնում, դեռ այստեղ է. «Պարզապես ներգրավման տեմպերն են թուլացնում։ Դա նույնպես կարելի է առանձնացնել։ Մյուս կողմից կա նաեւ Միացյալ նահանգների հետ հարաբերությունները, որովհետեւ եթե այս երկու օրվա հայտարարություններին նայենք, կտեսնենք, որ Օբաման ու Պուտինը խոսեցին հայտարարությունից հետո»։
Ըստ արեւելագետի՝ դա կարող է նշանակել, որ նախապես անվտանգության, գաղտնի ծառայությունների գծով փոխադարձ համաձայնություն կար հարցի վերաբերյալ. «Որովհետեւ չհետեւեց Քերի-Լավրով խոսակցություն, ինչը կասկածելի էր այս պարագայում»։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ