Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը վաղը, մարտի 17-ին կառավարության նիստին կներկայացնի նախագիծ՝ մասնավոր գերեզմանատների շահագործման թույլտվություն ստանալու կարգի վերաբերյալ: Կարգն ընդունվում է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Ըստ այդմ, մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար թույլտվություն ստանալու անհրաժեշտ պայմաններից եւ պահանջներից են, օրինակ՝ նվազագույնը 3 հեկտար հողամաս ունենալը, որը կառուցապատման կամ սեփականության իրավունքով է տրված:
Ըստ առաջարկվող կարգի, գերեզմանատան շահագործման թույլտվությունը տրամադրվում է համայնքի ղեկավարի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին:
Գերեզմանատուն կազմակերպելու նպատակով հողամասը հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների համաձայն պետք է գտնվի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա: Բացի այս նաեւ գերեզմանատան շահագործողը պետք է ունենա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ