«Որոշում չկա, բայց քննարկում կա: Հանրապետության նախագահը, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիան» գազի գնի շուրջ բանակցություններ են տանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը`պատասխանելով հարցին` գազի գնի շուրջ բանակցություններում վերջնական համաձայնություն կա՞: Հստակություն չկա նաեւ ԵԱՏՄ տարածքում էներգակիրների`ռուբլով առեւտուր անելու հարցով:
Հիշեցնենք, այդ առաջարկը ներկայացրել էր Հովիկ Աբրահամյանը: Ավելի ուշ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր պատկան մարմիններին`ուսումնասիրել հնարավորությունները: «Ապրիլի յոթին կլինի ՌԴ վարչապետի այց, իսկ ապրիլի ութին ԵՏՄ վարչապետերի այցը, խորհուրդ կանցկացնենք, եւ կունենանք պատասխան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանում, իբրեւ ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, տեղի է ունենալու ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` կառավարության կազմում փոփոխություններ լինելո՞ւ են: «Փոփոխություններ միշտ էլ լինելու են, բայց ժամանակին եւ ճիշտ»,- ասաց վարչապետը` հավելելով. «Դուք գիտեք, որ մենք քաղաքական համագործակցության մեջ ենք ՀՅԴ-ի հետ եւ այդ բանակցությունների արդյունքում մենք կայացրել ենք նման որոշում: Իսկ մենք հաստիքների կրճատում իրականացնելու ենք եւ հիմա պատկան մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ վարչապետի եւ գործադիրի որոշ անդամների հետ հարաբերություններում հակասություններով: Հիշեցնենք, խոսակցություններ կան վարչապետի եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հարաբերությունների լարվածության մասին, քանի որ վարչապետը հովանավորում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Ոչ մի նախարարի եւ վարչապետի հարաբերությունները չեն կարող լարված լինել: Դա միշտ հիշեք, որովհետեւ վարչապետը վարչապետ է, նախարարը` նախարար»,- ասաց նա:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն հիմնելու հայտարարությանը, վարչապետը պատասխանեց. «Ես ողջունում եմ յուրաքանչյուր անձին, կամ քաղաքական ուժին, որը կուսակցություն կորոշի բացել, այդ թվում եւ Վարդան Օսկանյանին: Ես որեւէ կապ չգիտեմ պարոն Քոչարյանի հետ, եւ դա ինձ չի էլ հետաքրքրում»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ