ՀՀ-ում աղքատ է յուրաքանչյուր 3-րդ մարդ: Ըստ պաշտոնական տվյալների, բնակչության 32 տոկոսն է աղքատ, իսկ Շիրակում, Կոտայքում աղքատ է բնակչության 46 տոկոսը: Կա նաեւ թաքնված աղքատություն: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ նոր աղքատների ռիսկեր են առաջանում, որոնց պատճառը գիտության, կրթության եւ մի շարք այլ բնագավառներում ցածր եկամուտն է: ՀՀ յուրաքանչյուր 3-րդ երեխան թերսնվում է, սա հանգեցնում է ֆիզիկական եւ հոգեկան առողջության խնդիրների: Երեխաների 18 տոկոսը թերաճ է, 8 տոկոսը՝ խիստ թերաճ:
Մի շարք մարզերում թերհաս է յուրաքանչյուր 4-րդ երեխան: Այս տվյալները ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը վերցրել է պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա այդ առնչությամբ հարց ուղղեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե ինչ է ձեռնարկում կառավարությունը: Նախարարը պատասխանեց, որ աղքատությունը 2 տոկոսով արդեն նվազել է, կազմում է 30 տոկոս, բայց դա էլ լուրջ մարտահրավեր է. «Առաջնահերթ խնդիրներից մեկը կայուն զբաղվածության ապահովումն է՝ բարձր աշխատավարձով: Մենք ունենք զբաղվածության ակտիվ ծրագրեր»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանին հարցրեց՝ «Նաիրիտը» վերագործարկվելո՞ւ է, թե՞ ոչ եւ ի՞նչ են անելու տասնյակ միլիոնների չարաշահման հետ.: Նախարարը ժամանակ խնդրեց եւ վստահեցրեց,որ ինքն անելու է հնարավոր ամեն ինչ, ինչը ձեռնտու կլինի մեր բնակչությանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ