Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ մենք՝ հարկատուներս գումար ենք վճարում ՀՀ պաշտոնյաների համար, ովքեր պետք է բնակվեն Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում գտնվող առանձնատանը. «Դրանց թվին են պատկանում ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նաեւ Սահմանադրական դատարանի նախագահն է այնտեղ բնակվում: Հաշվի առնելով մեր սուղ պայմանները, կարծում եմ, մենք ոչ թե պետք է այդ մարդկանց համար վարձակալենք բնակարան եւ դրանց վարձավճարը տանք, այլ թող իրենք գնան իրենց տներում բնակվեն, այդ գումարներն էլ ուղղվեն ՀՀ կարիքավոր քաղաքացիներին: Ո՞ր իրավական հիմքով են այդ մարդիկ այնտեղ բնակվում: 1991-ից հետո քանի՞ անտուն նախարար, անտուն վարչապետ, անտուն նախագահ է այնտեղ բնակվել, որքա՞ն են կազմել այդ գումարները բնակվելու: Չե՞ք պատրաստվում այդ մարդկանց ուղարկել իրենց սեփական բնակարանները եւ պետության միջոցները այսպես չվատնել»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նմանատիպ բնակելի տներ ստեղծվում են բազում երկրներում, եւ պատճառը մեկն է: Խոսքը վերաբերում է պետության՝ շատ սահմանափակ թվով բարձրաստիճան պաշտոնյաներին, ում անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ունենալ հատուկ պաշտպանվող բնակավայրեր: Իհարկե, պոպուլիստական առումով հարցը գեղեցիկ է հնչում, եւ տպավորություն կա, որ այ, տեղ են գտել, որտեղ կարելի է գումարները կրճատել»:
Ըստ Դավիթ Հարությունյանի, առանձին տներում այդ պաշտոնյաների անվտանգությունն ապահովելը շատ ավելի թանկ կնստի: Դավիթ Հարությունյանը հիշեցրեց մեր պատմության ողբալի էջը, երբ որոշել էին պարզեցնել անվտանգության համակարգը եւ արդյունքում ունեցանք անկանխատեսելի վատ հետեւանքներ. «Այս հարցին պետք է վերաբերվել պետականորեն, ոչ թե սիրողական»:
Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Ձեր ՀՀԿ-ի տատիկը ինձ բազմիցս դիմել է, եւ խնդիր ունի բնակարանի հետ կապված: Երեւի ձեր ՀՀԿ-ի տատիկին էլ աջակցեք, այդտեղ մի տարածք տաք, որ այդ կինը բնակվի»:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանը Փոստանջյանի հարցը շոու որակեց եւ հորդորեց գրավոր հարցեր ուղղել, որ պատշաճ պատասխան ստանա. «ՀՀԿ-ի տատիկը ձեր տատիկն է, ՀՀԿ-ն տատիկ չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ