Լրահոս
Օրվա լրահոսը

Սուդանի անձնուրաց բժիշկը եւ կաթոլիկ հոգեւորականը`«Ավրորա» մրցանակի հավակնորդներ

Մարտ 16,2016 17:54

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովն այսօր Impact Hub-ի սրահում հայտարարեց մրցանակի դափնեկրի չորս հավակնորդների անունները` Մարգարիտ Բարանկիցե, Թոմ Քաթինա, Սայիդա Ղուլամ Ֆաթիմա եւ Հայր Բերնարդ Կինվին:

«Մրցանակը շնորհվում է ցեղասպանությունը վերապրածների անունից` որպես երախտիքի նշան` իրենց փրկողներին: Խոսքն այն անձանց մասին է, որոնք նվիրում են ցուցաբերել եւ ազդեցիկ փոփոխությունների հասել: Թեկնածուներից միայն մեկը կդառնա դափնեկիր: Նրան կշնորհվի 100․000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, եւս 1.000.000 ԱՄՆ դոլար կհատկացվի, որը մրցանակակիրն իր հայեցողությամբ կնվիրաբերի մարդասիրական որեւէ կազմակերպության: Ի դեպ, թեկնածուներն արդեն որոշել են` դափնեկիր լինելու դեպքում որ կազմակերպությանն են հատկացնելու դրամական պարգեւը: Այդ մասին կհայտարարվի առաջիկայում»,-լրագրողներին տեղեկացրեց «100 կյանք» եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության հաղորդակցության հարցերով տնօրեն Արմինե Աֆեյանը:

Նրա փոխանցմամբ` «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։

Մրցանակի հավակնորդներից Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի «Խաղաղության Տուն» խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Նա փրկել է, ընդհանուր առմամբ 30 000 երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

avrora

Թոմ Քաթինան էլ Սուդանի Նուբա լեռներում գտնվող «Գթության Մայր» հիվանդանոցի միակ բժիշկն է, որը սպասարկում է տարածաշրջանի 500,000 բնակչի: Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, բժիշկ Քաթինան մարդկանց հասանելի լինելու համար ապրում է հիվանդանոցի նկուղում:

Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության տեսակներից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» ջանքերով փրկել է աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդկանց, այդ թվում` 21,000 երեխայի։

Հայր Բերնար Կինվին հոգեւորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատեւ բռնությունների ու հիվանդության հետեւանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ դպրոցը, եկեղեցին եւ Հովհաննես Պողոս Բ Պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների եւ Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջեւ (Anti-balaka) քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվին ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

Նշենք, որ «Ավրորան» դափնեկրին կշնորհի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին` ապրիլի 24-ին, Երեւանում: «Մենք` հայերս, հաղթած ազգ ենք: Կարեւոր է, որ աշխարհը եւս հասկանա դա: Մեզ փորձեցին ոչնչացնել, բայց մենք հաղթեցինք: Այս փիլիսոփայության հիմնաքարը շնորհակալ լինելն է: Շնորհակալ ենք այն մարդկանց, որոնք օգնության ձեռք մեկնեցին մեզ եղեռնի տարիներին եւ նրանց, ովքեր այսօր էլ մարդկային կյանքեր են փրկում: Համոզված ենք, որ Հայաստանը կարող է դառնալ աշխարհի մարդասիրական կենտրոններից մեկը»,-ասաց «100 կյանք» եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը:

Հավելենք, որ «Ավրորա» մրցանակը հիմնել են «100 կյանք» նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031