Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ռուսաստանը չի իջեցնի գազի գինը Հայաստանի համար

Մարտ 16,2016 17:50

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցելության ընթացքում, հակառակ սպասումներին, գազի գնի իջեցման վերաբերյալ որեւէ քննարկում տեղի չունեցավ: Չնայած, որ նախագահականի կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Aravot.am-ն այսօր նախագահի աշխատակազմից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մեր երկրի ժողովրդի համար սոցիալ-տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող գազի գնի հարցը չի ընդգրկվել նախագահների օրակարգ:

Հաշվի առնելով, որ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նախորդ հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է, նախագահի աշխատակազմից նաեւ հետաքրքրվեցինք, թե գուցե ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ գազի գնի վերաբերյալ քննարկումը նախատեսված եղել է, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվե՞լ է:
Aravot.am-ի հարցերին նախագահի աշխատակազմից խոստացան պատասխանել առաջիկայում:

Vilen-Khachatryan
Թե ինչո՞ւ  է Ռուսաստանը ձգձգում, ոչ հա է ասում, ոչ` չէ, մեր հարցին տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ասաց. «Ռուսաստանի բյուջեն դժվարություններ ունի, մուտքերի խնդիր ունի հակաճգնաժամային ծրագիր է մշակած, մոտ 10 տոկոսի չափով սեկվեստոր է արված, դեֆիցիտը հասցված է մինչեւ 5,1 տոկոսի, այսինքն` Ռուսաստանը ֆինանսական մուտքերի խնդիր ունի, նման պարագայում գազի գները վերանայելը ճիշտ չէ»:

Վիլեն Խաչատրյանը սակայն նկատեց. «Իհարկե հստակությունը` կամ ասեն այո կամ` ոչ, ես դրան կողմ եմ, անորոշության մեջ պահելուց վատ բան չկա»:

Պարոն Խաչատրյանի մեկնաբանմամբ, գազի գինը որոշվում է երկարաժամկետ ժամանակահատվածի համար. «Իսկ երկարաժամկետում Ռուսաստանը չգիտի ինչ է լինելու, մյուս կողմից էլ իրենց  բյուջեն մուտքերի կարիք ունի, հետեւաբար հայ ժողովուրդը որքան շնչակտուր սպասի, դա հարցի մյուս կողմն է, կարա լինի  առաջարկություն, որին ընթացք չտրվի: Բացի այդ,  գուցե երկարաժամկետ ժամանակահատվածում նաեւ կանխատեսվում է նավթի գների բարձրացում, որից կախված է նաեւ գազի գնի բարձրացումը, հետեւաբար, եթե իր բյուջեի հիմքում դրված է 40 դոլար նավթը եւ եթե որոշակի առումով բարձրանա, նաեւ գազի գներն են բարձրանալու, այդ պարագայում նրանք երկարաժամկետ կանխատեսումների հիման վրա հնարավոր է նաեւ, որ այս պահին չվերանայեն, քանի որ այդ պայմանագիրը կնքվում է ավելի երկարաժամկետ ժամանակահատվածի համար, քան կարճաժամկետ, դրա համար գների իջեցում այս պահին իրենց թույլ տալ չեն կարող»:

Մեր այն հարցին, թե Հայաստանից ստացվող եկամուտները այդքան մեծ նշանակությո՞ւն ունեն Ռուսաստանի բյուջեի համար, պարոն Խաչատրյանն ասաց.
«Եթե Հայաստանի համար իջեցնի, նախադեպ կստեղծվի եւ մյուս երկրներն էլ նման ցանկություն կդրսեւորեն, կպահանջեն, որ իրենց համար էլ գինն իջեցնի»:

Մեր այն հարցին, թե ռազմավարական գործընկեր, ԵՏՄ անդամ լինելը չի՞ նշանակում, որ որոշակի արտոնություններ պետք է ունենան այլ երկրների համեմատությամբ, Վիլեն Խաչատրյանն ասաց. «Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանին էժան գնով է գազը տալիս եւ մեկ անգամ եւս էժանացնելու կարիք չկա»:

Հիշեցնենք, որ մոտ 4 ամիս առաջ Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին` գազի գինն իջեցնելու առաջարկով, սակայն մինչ օրս Ռուսաստանը որեւէ պատասխան չի տվել:

Հայաստանի հետ սահմանին գազն արժե 165 դոլար, սակայն այդ գինը գործում է մինչեւ այս ապրիլի 1-ը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031