Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բուժող բժշկին այսօր թույլ չեն տվել այցելել Շիրխանյանին: «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկը, որը պետք է հետազոտեր Շիրխանյանին, չի կարողացել ներս մտնել, որովհետեւ իր հետ չի ունեցել աշխատանքի վայրից վկայական: Այցելությունը տեղափոխվել է վաղը»:
Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Մեր հարցին, թե ինչու է Վահան Շիրխանյանը հրաժարվում դեղերն ընդունելուց, պարոն Ոսկանյանն ասաց. «Ինքը հրաժարվում է միայն կոնսերվատիվ բուժմամբ նշանակված դեղամիջոցներից, կոնկրետ տրոմբի հետ կապված, իսկ սրտի հետ կապված դեղամիջոցներ ու քնաբեր ընդունում է: Դեղերից հրաժարվում է այն պատճառով, որ կարծում է՝ նշանակված դեղերը չեն կարող լիարժեք բուժում ապահովել, օգուտ չեն տալու, գուցեեւ վիճակն ավելի վատթարացնեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ