Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործի քննությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրային պաշտպանի գրասենյակը դատարան էր գործուղել փաստաբան Լիանա Գասպարյանին, սակայն վերջինս հեռացել էր նիստերի դահլիճից: Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, Նելլի Բաղդասարյանը հրապարակեց որոշումը, ըստ որի Լիանա Գասպարյանին պատասխանատվության ենթարկելու համար դատարանը դիմելու է Փաստաբանների պալատ:
Նելլի Բաղդասարյանը Վարդգես Գասպարիից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է համարում նման պայմաններում շարունակել գործի քննությունը: Գասպարին հայտարարեց, որ իր երեք պաշտպանները ծանուցագիր չեն ստացել դատական նիստին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով պաշտպանների բացակայությանը՝ Գասպարին ասաց, որ պարտադիր չէ, որ իր երեք պաշտպաններն էլ ներկա լինեն դատական նիստին:
Դատավորը ընդհատեց Գասպարիին՝ նշելով, որ իր խոսքը կապված չէ մեղադրական ծավալին, եւ խնդրեց խոսել ըստ էության: Գասպարին սկսեց բղավել՝ ես պահանջում եմ, որ ինձ չընդհատեք: Դատավորը հետաքրքրվեց, թե համաձա՞յն է, որ առանց իր պաշտպանների մասնակցությամբ շարունակվի գործի քննությունը:
Գասպարին պառկեց դատարանում եւ չէր պատասխանում դատարանի հարցերին:
Դատարանը համարեց, որ Գասպարին համաձայն է, որ առանց իր պաշտպանների շարունակվի գործի քննությունը: Դատարանը առաջարկեց նրան ցուցմունքներ տալ, սակայն Գասպարին շարունակում էր լռել: Այնուհետեւ վեր կացավ եւ հայտարարեց, որ դատարան կվերադառնա նույնչափ կտտանքների ենթարկելուց հետո միայն, եւ դուրս եկավ նիստերի դահլիճից:
Դատական նիստը շարունակվեց:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ