Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի այլ պաշտոնատար անձինք, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի Վանաձորի քաղաքային համայնքի 2015թ.-ի բյուջեի կատարման հաշվետվությանը: Վերջինս ներկայացվեց տեսաֆիլմի տեսքով, որից հետո Ս. Դարբինյանը խոսեց համայնքում առկա հիմնախնդիրներից: Նա նշեց, որ քաղաքի 1058 բազմաբնակարան շենքերից շուրջ 800-ը ունեն տանիքի կապիտալ կամ մասնակի վերանորոգման խնդիր, 200 կմ համայնքային ճանապարհներից, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 1.300.000 քառ. մետր է, վերջին 17 տարվա ընթացքում վերանորոգվել է ընդամենը 20 կմ-ը: Վերանորոգման կարիք ունեն նաև բազմաբնակարան շենքերի 400 բակեր, 26 կամուրջներ և այլն: Հիմնախնդիրների շարքում քաղաքապետը խոսեց նաև քաղաքի 4 տնակային մանկապարտեզների, նաև մասնակի կամ կապիտալ վերանորոգման կարիք ունեցող մանկապարտեզների մասին: Այսուամենայնիվ, Ս. Դարբինյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում նաև մեծածավալ աշխատանքներ են իրականացվել:
«Համայնքի բյուջեն պետական դոտացիայի հետ միասին կազմում է ընդամենը 2 միլիարդ 326 միլիոն դրամ, մինչդեռ քաղաքի խնդիրները լուծելու և առաջիկա տասը տարիների ընթացքում բարեկարգ Վանաձոր ունենալու համար մեզ պետք է շուրջ 12-15 միլիարդ դրամ»,-ասաց նա:
Հաշվետվության ավարտին՝ բյուջեի կատարողականին անդրադառնալով՝ Լոռու մարզպետը գոհունակությամբ նշեց, որ համայնքը 2015թ. սեփական եկամուտների հավաքագրումն ապահովել է 100 տոկոսով, ինչը իր դրական ազդեցությունն է ունեցել մարզի ընդհանուր ցուցանիշի վրա:
Քննարկվեցին օրակարգային այլ հարցեր ևս:
Կարդացեք նաև
Լոռու մարզպետարան