Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ

Մարտ 16,2016 16:30

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 16-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի շրջանակում Հայաստան այցելած ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի հետ:

Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ը, որի գործունեության ձեւաչափը միտված է տնտեսական համագործակցության ամրապնդմանը, լավագույն հիմքն է ժողովուրդների միջեւ առկա վիճելի խնդիրների քննարկման եւ լուծման համար: Տիկին Նաղդալյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը, ինչն իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ կառույցին անդամակցող երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացմանը:

ԱԺ փոխնախագահն իր խոսքում ընդգծել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման համար ներդրումները խթանելու եւ ընդլայնելու անհրաժեշտություն կա, հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Այս համատեքստում նա հավելել է, որ կարեւոր նշանակություն կարող են ունենալ նաեւ մշակութային, կրթական, գիտական ծրագրերը եւ զբոսաշրջության զարգացումը: Տիկին Նաղդալյանի համոզմամբ՝ տարածաշրջանային համագործակցության շնորհիվ է միայն հնարավոր փոխվստահության դաշտ ձեւավորել, որը հիմք կարող է հանդիսանալ նաեւ քաղաքական երկխոսության համար:

ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ նման ձեւաչափով հանդիպումներն ու քննարկումները խորհրդարանականներին լայն հնարավորություն են ընձեռում տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծմանն ուղղված համատեղ որոշումների կայացման համար:

Անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստի աշխատանքներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նիստում քննարկվելու են փախստականներին եւ միգրացիային վերաբերող հարցեր, որոնք այսօր մարտահրավեր են ողջ մարդկության համար:

Պարոն Հաջիեւը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ՍԾՏՀ ԽՎ-ի աշխատանքներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ-ի հռչակագրի թարմացմանը՝ նա հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի այն: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հերթին նշել է, որ կծանոթանա հռչակագրի դրույթներին եւ կքննարկի հարցը ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031