Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Տիգրան Հովհաննիսյանի, մեքենաների դեպքում ԱԱՀ-ից ազատումով այլ անձանց անձնագրերով կներկրեն՝ որպես բիզնես

Մարտ 16,2016 15:47

Եվրասիական տնտեսական միության երկրներից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ավտոմեքենաների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկի գանձումը վերացնելու մասին նախաձեռնությունն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում:

Հիշեցնենք, որ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր, որ ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս Հայաստանի կողմից 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) գանձելը հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն էլ անդրադառնալով այս հայտարարությանը, վստահեցրել էր, որ օրենք չի խախտվում եւ Հայաստանն իրավունք ունի կիրառել այդ հարկատեսակը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարիամ Ավետիսյանն ասաց, որ հիմա քննարկվում է անձնական օգտագործման համար ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրման ժամանակ ԱԱՀ գանձման շեմի վերացման հարցը, իսկ ավելացված արժեքին վերաբերող օրենքը սահմանում է, որ 1 տարվա ընթացքում 2-ից ավելի ավտոմեքենայի օտարումը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն:

Ինչ վերաբերում է հանրությանն ավելի շատ հուզող այն հարցին՝ արդյոք այս մեկ տարվա ընթացքում նշված մեքենաների համար ԱԱՀ վճարած անձանց գումարները կփոխհատուցվեն, Մարիամ Ավետիսյանն ասաց, որ խնդրի կարգավորման մեխանիզմներից մեկը իրավական ակտի հետադարձ ուժի կիրառումն է. «Սակայն դա գործադիրի խնդիրն է, որովհետեւ լուրջ հաշվարկներ պետք է անել: Համենայնդեպս, մեր հանձնաժողովին նման առաջարկ չի եղել»:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ տնտեսագետ Վահագն Ղազարյանի խոսքերով էլ՝ «Ինձ համար մտահոգիչն այն է, թե ինչո՞ւ Հայաստանը ԵՏՄ-ից ներկրվող ապրանքներին տրամադրում է խտրականություն հարկային դաշտում, նույն մոտեցումը չի կիրառում ԱՄՆ-ից ներկրման կամ Եվրոպական երկրներից: Առեւտրի համաշխարհային կազմակերպության մաքսերի առեւտրի գլխավոր համաձայնագրի առաջին հոդվածի հիմնարար դրույթն է, որ առեւտրում չի կարելի տրամադրել խտրականություն՝ կախված ապրանքի ծագման կամ առեւտուր անող երկրի մոտեցումներից: Եթե մենք այդ արտոնությունը տրամադրում ենք, ուրեմն պետք է տրամադրենք բոլոր երկրներից ներկրվողների դեպքում»:

Քննարկման մասնակից, հանրային կառավարման մասնագետ Կարեն Վարդանյանն էլ հղում անելով ԵՏՄ պայմանագրին, նկատեց, որ այն հստակ սահմանում է՝ կողմերը պարտավորվում են չգանձել ԱԱՀ ֆիզիկական անձանցից, սակայն ամեն մի երկիր ամեն մի ապրանքի վրա քվոտա է դրել, որպեսզի այն չվերածվի բիզնեսի. «Ավտոմեքենաների դեպքում ԱԱՀ գանձումը հակասում է ԵՏՄ պայմանագրին»:

«Ավտոներկրողների միության» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով էլ. «Ես ափսոսում եմ, որ ԱԺ-ում ոչ մի պատգամավոր չանդրադարձավ այս սոցիալական խավին, որ արդեն տասնյակ տարիներ շարունակ իբր ապօրինի կարգավիճակում են գտնվում եւ քրեորեն պատժելի: Նրանցից ցանկացածին կարող են պատժել, որովհետեւ բոլորը հանցագործ են: Ավտոներկրողները չունենալով կարգավիճակ, նորից ներկրում են նոտարով, այլ քաղաքացիների անձնագրերով ու շարունակելու են ներկրել եւ դիտարկվել ապօրինի ձեռնարկատեր: Ընդդիմադիր, իշխանամետ կուսակցությունները խոսում են, մեկն ասում է՝ հանեք ԱԱՀ-ն, մյուսն ասում է՝ փոխհատուցեք: Մեր գոռոզ ասպետներ՝ Գագիկ Խաչատրյան, Վարդան Այվազյան, բա զանգում, ասում ենք՝ կանչեք զրուցեք ավտոներկրողների հետ: Մենք ձեզ ավտոշուկա ենք հրավիրում»:

Հովհաննիսյանի ներկայացմամբ, ավտոներկրողների համար անհավասար պայման է լինում, եթե ֆիզիկական անձին ազատեն ԱԱՀ-ից, իսկ ավտոներկրողներին՝ ոչ, քանի որ ֆիզիկական անձինք էլ կարող են առանց ԱԱՀ-ի մեքենա ներկրել բիզնես նպատակով:

Այս առնչությամբ Մարիամ Ավետիսյանն ասաց, որ կարգավորումը վերաբերում է ֆիզիկական անձանց, որոնք իրենց անձնական օգտագործման համար են ներկրելու, եւ նախագծում սողանքներից եւ պարտավորություններից խուսափելու դրույթներ չի ներառվելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031