Իջեւանի բնակչուհի, 1975թ. ծնված Մարինե Ավանեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-154. 2 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 թ. սեպտեմբերի 13-ին՝ Իջեւանի քաղաքապետի ընտրությունների օրը, առավոտյան, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դիտավորությամբ համաձայնության է եկել իր ընկերուհի, Իջեւանի բնակչուհի Արմենուհի Աղասարյանի հետ, որպեսզի վերջինս, նրա մայրը եւ քույրը, յուրաքանչյուրը 7 հազար դրամ կաշառք ստանալու պայմանով, կողմ քվեարկեն Վ. Ներսիսյանի օգտին:
Համաձայնության գալուց հետո պայմանավորվել են նաեւ, որ Մ. Ավանեսյանն Ա. Աղասարյանին կաշառքի գումարը փոխանցի Սոնա Բեջանյանի միջոցով:
Այնուհետեւ նույն օրը ցերեկով, պայմանավորվածության համաձայն, Մ. Ավանեսյանը Իջեւանում հանդիպել է Ս. Բեջանյանին եւ նրան տվել 21 հազար դրամը՝ Ա. Աղասարյանին փոխանցելու համար, սակայն գումարը վերցնելուց անմիջապես հետո Ս. Բեջանյանն ընտրակաշառք բաժանելու կասկածանքով ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել, որտեղ նրա անձնական խուզարկությամբ այդ գումարը հայտնաբերվել է:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Մ. Ավանեսյանը իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել եւ որպես հավատացյալ, չէր կարող կաշառք տալ:
Կարդացեք նաև
Նա հայտնել է, որ բնակվում է իր հաշմանդամ քրոջ եւ նրա աղջկա հետ, որ աղջկա համակարգչի մարտկոցը եւ լարը փչացել են, օգոստոսի վերջին ինքն իր ընկերուհի Արմենուհուց պարտքով 21 հազար դրամ է վերցրել, որպեսզի դրանք նորոգի: Սեպտեմբերի 10-ին Երեւանից վերադառնալուց հետո ցանկացել է գումարը վերադարձնել, Արմենուհուն զանգել է, սակայն վերջինս չի եկել գումարը տանելու:
Գործով վկա Արմենուհի Աղասարյանը հայտնել է, որ առաջին անգամ լինելով ոստիկանությունում, ինքը շփոթված է եղել, կեղծ ցուցմունք է տվել գումարը պարտքով վերցնելու մասին, սակայն 2 օր անց հասկանալով, որ սխալվել է, գնացել է ոստիկանություն, ճիշտ ցուցմունք տվել, իրեն պետք է վճարեին 21 հազար դրամ՝ իր, իր քրոջ եւ մոր կողմից Վ. Ներսիսյանի օգտին քվեարկելու համար:
Դատավոր Զոյա Զաքինյանը համարել է, որ բացի Արմենուհի Աղասարյանի հակասական ցուցմունքներից, մեղադրանքը հիմնավորող այլ ապացույցներ չկան, իսկ չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի են:
Դատարանը հատկանշական է համարել այն, որ համաձայն Ա. Աղասարյանի ցուցմունքի՝ ընտրատարածքից դուրս գալուց հետո վերջինս Մ. Ավանեսյանին հայտնել է, որ իր մայրն ընտրության չի գնալու, սակայն դրանից հետո Ավանեսյանը Ս. Բեջանյանին փոխանցել է 21 հազար դրամ, Ավանեսյանի մոր ընտրության չգնալու պատճառով գումարը չի պակասեցրել:
Փետրվարի 25-ին Բերդ քաղաքում Զ. Զաքինյանը վճռել է առաջադրված մեղադրանքում Մ. Ավանեսյանին արդարացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, նրա տնօրինմանը հանձնել գործով իրեղեն ապացույց ճանաչված 2 հատ տասը հազարանոց եւ մեկ հատ հազար դրամանոց թղթադրամները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ