Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կա մուտքի խոչընդոտ՝ բանան, փամփերս, դեղ, զոդման էլեկտրոդներ ներմուծելու համար». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Մարտ 16,2016 15:08

ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավորները մրցակցության խախտման բազմաթիվ օրինակներ ներկայացրեցին Արտակ Շաբոյանին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց կեղծ զեղչերի մասին, երբ արհեստականորեն գին են բարձրացնում, հետո ջնջում են ու նոր գին գրում՝ իբր թե զեղչ է. «14-օրյա ժամկետում ապրանքը պիտի հետ վերցվի, բայց դեղատներում, գրեթե համատարած խանութներում թղթի վրա փակցնում են, որ վաճառված ապրանքը հետ չենք վերցնի: Բացահայտ ապօրինությունը փակցված է, եւ ես այդպես էլ չեմ կարողանում գտնել ՀՀ-ում պետական այն կառույցին, որը պատասխանատու է այդ խայտառակ ապօրինության համար»:

Նա նաեւ խոսեց պարենային ապրանքների գնաճի մասին, երբ «ներքին զգացողությամբ գին են բարձրացնում՝ տերյանական հուշիկ քայլերով»:

Էդմոն Մարուքյանը խոսեց այն մասին, որ Վրաստանում դեղերն անհամեմատ ավելի էժան են, քան ՀՀ-ում. «Պարոն Շաբոյան, ՀՀ-ում կան մուտքի խոչընդոտներ՝ բանան ներմուծելու համար, կա մուտքի խոչընդոտ՝ փամփերս ներմուծելու համար, կա խոչընդոտ՝ դեղերի հետ կապված: Անվանումները կուղարկեմ ձեզ: Կա խոչընդոտ՝ զոդման էլեկտրոդներ ներմուծելու համար: Տվյալներն էլի ասում եմ՝ ստուգեք: Ոչ թե մեզ ասեք, թե ինչ բան է համաձայնությունը: Բագրատաշենում մարդիկ ամեն օր խոսում են, որ այս պրոբլեմները կան: Երբ Սադախլուի շուկան փակվեց, հիմա այդ մարդիկ չեն կարողանում գործ անել: Այդ մարդիկ անգիր գիտեն՝ ով ինչ է ուզում ներմուծել՝ չեն թողնում: Մի հատ կարելի է էնտեղ հարցում անել: Որեւէ բարդ բան չկա: Բոլորը գիտեն, բոլորը խոսում են»:

Էդմոն Մարուքյանը կոնկրետ դեղի անուն ասաց, որը ՀՀ-ում՝ «Նատալի ֆարմ» դեղատներում 44 հազար դրամ է, Վրաստանում՝ 30 հազար դրամ. «Որովհետեւ ՀՀ-ում կա մուտքի խոչընդոտ այդ շուկայում»:

Նա ասաց, որ նոր օրենսդրական նախաձեռնություն է պատրաստել, որով առաջարկում է, որ ՀՀ-ում նման հանձնաժողովները, մարմինները անկուսակցական լինեն, որ կարողանան նորմալ ուսումնասիրել մուտքի խոչընդոտները եւ քայլեր ձեռնարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031