Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը անհերքելի հիմքեր ունի հայտարարելու, որ Շիրակի մարզպետարանը մարզպետարանի շենքում անցած օրերին տեղի ունեցած հանրային նշանակության երկու իրադարձությունների մասին եւ դրանք լուսաբանելու համար մարզում գործող տեղական տասնյակ զլմ-ներից, Հայաստանյան եւ այլ զլմ-ների` Շիրակի մարզում գործող մեկ տասնյակից ավելի թղթակիցներից իրազեկել է համապատասխանաբար` երկուսին եւ մեկին, իսկ մյուսներին չի իրազեկել: Սա մարզպետարանի պաշտոնյաներից մեկը մեկնաբանել է այն հանգամանքով, թե իբր ժամն ուշ է եղել, եւ, իրենց ենթադրությամբ` մյուսները չէին հետաքրքրվելու այդ իրադարձություններով: Այսպիսով Շիրակի մարզպետարանը իրեն թույլ է տվել ԶԼՄ-ների եւ լրագրողների փոխարեն որոշել նրանց հետաքրքրությունները:
Այս վարքը մի կողմից սահմանափակում է չտեղեկացված լրագրողների խոսքի ազատության իրավունքի իրականացման հնարավորությունը, խոչընդոտում է նրանց մասնագիտական պարտականությունների կատարմանը, զրկում է այս զլմ-ների շահառուներին տեղեկացված լինելու հնարավորությունից, իսկ մյուս կողմից` խտրականություն է հաստատում նրանց նկատմամբ, ինչով առավել դիրքի է բերում նրանցից որոշներին մյուսների նկատմամբ:
Արձանագրում ենք, որ նման ապօրինություն եւ խտրականություն Շիրակի մարզպետարանի կողմից չի կիրառվել մարզպետարանի գոյության երկու տասնամյակների ընթացքում եւ այս միջադեպերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ վերջերս փոխվել է Շիրակի մարզպետը:
Դիմելով Շիրակի մարզպետին, առաջարկում ենք, վարչական վարույթով քննել այս խայտառակ պատահարը, պատասխանատվության ենթարկել զանցառու(ներ)ին, հրապարակային բացատրությամբ հանդես գալ այս դեպքի եւ քննության մասին, այսուհետ մշակել եւ ունենալ վարչական այնպիսի ընթացակարգեր, որոնց կբացառեն որեւէ խտրականությունը եւ կամայականությունը ԶԼՄ-ների հետ հարաբերություններում:
Կարդացեք նաև
ԺԱԱ