Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Սամվել Ալեքսանյանի սարքած «աջաբսանդալի» մասին. «Միկրոսկոպով չես իմանա՝ լոբին որտեղ ա, բադրջանը որտեղ ա» (Տեսանյութ)

Մարտ 16,2016 14:16

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի շաքարավազի բիզնեսին եւ Ախուրյանի գործարանին, որտեղ, ըստ նրա, ոչ թե արտադրվում է շաքարավազ, այլ պատրաստի շաքարավազ է մի դռնից մտնում, մյուսով դուրս գալիս՝ միլիոնավոր դոլարների մաքսատուրքերից խուսափելու համար:

Նա հիշեցրեց, թե 2010-ին այդ գործարանի բացմանը ինչ էր խոստացել Սերժ Սարգսյանը, որ այն պետք է նպաստեր այդ համայնքների շաքարի ճակնդեղի մշակմանը, լոկոմոտիվի դեր էր կատարելու եւ այլն. «Ես հարցում եմ ուղարկել գյուղնախարարությանը, թե 2010, 2011, 2012, 2013-ին եւ 2014-ին քանի՞ տոննա ճակնդեղ է մթերվել գործարանում: Սերգո Կարապետյանից սենսացիոն պատասխան եմ ստացել՝ ՀՀ-ում ոչ մի կիլոգրամ շաքարի ճակնդեղ չի մթերվել: Սերժ Սարգսյանի մակարդակի հայտարարությունից հետո այդ գործարանը նույնիսկ ձեւի համար ոչ մի կգ ճակնդեղ չի մթերել: Բա սա ի՞նչ է, եթե ոչ բուտաֆորիա, փուչիկ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հետաքրքրվել է նաեւ, թե Ախուրյանի գործարանում քանի՞ աշխատող կա, որքա՞ն հարկ է վճարում. «Եթե շաքար ես արտադրում, առանց աշխատողի չես կարող, չէ՞: 2015-ի ապրիլին ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ինձ պատասխան է ուղարկել, թե հնարավոր չի պարզել՝ Ախուրյանի գործարանում ինչքան աշխատող կա, որովհետեւ նման իրավաբանական անձ գոյություն չունի, կա «Ալեքս Գրիգ» ընկերություն, որն ունի 3000 աշխատող եւ հնարավոր չէ պարզել՝ նրանցից ով է Ախուրյանում աշխատում, ով է Սեւանում աշխատում, ով է Երեւան սիթի-ում աշխատում: Հնարավոր չէ պարզել նաեւ, թե գործարանը որքան հարկ է վճարում, որովհետեւ հարկատուն «Ալեքս Գրիգն» է: Պարզ է, չէ՞, որ այսպիսի աջաբսանդալ են սարքել, որտեղ նույնիսկ միկրոսկոպով չկարողանաս տարբերել լոբին որտեղ ա, բադրջանը որտեղ ա»:

Փաշինյանն անդրադարձավ Սամվել Ալեքսանյանի մեկ այլ չարաշահմանը, թե ինչպես է անում, որ պատրաստի շաքարի հումքից 1 կգ շաքարավազ ստանալու համար 17 դրամի գազ է ընդամենը ծախսում, երբ դրա ինքնարժեքի 30 տոկոսից ավելին պետք է գազի ծախսը լիներ. «Եթե դրսից պատրաստի շաքարավազ ես բերում ու տեղում միայն փաթեթավորում, դա հնարավոր է, բայց ոչ թե արտադրության համար 17 դրամ ես ծախսում: Այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը ոչինչ չի տվել»:

Նա կոչ արեց այս ամենից հետո գոնե Սերժ Սարգսյանին եւ Սամվել Ալեքսանյանին Հայաստանի պատվավոր ճակնդեղագործի կոչում շնորհեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031