«Անբարոյականություն է ոչ միայն նման բան մտածելը, գործելը… ի՞նչ ԱԺ նախագահ: Մենք ունենք ԱԺ-ի նախագահ եւ ես կարծում եմ, որ նման հրապարակումները, նման բան նույնիսկ մտածելը, նման հավակնությունները պարզ ասում եմ՝ անբարոյականություն են, ով ուզում է լինի 131 պատգամավորներից: Գալուստ Գրիգորիչին առողջություն ենք մաղթում: Նման բան «զակազ» տալը, հրապարակելը, մտածելը, գործելը դա անբարոյական է, իսկ մնացածները թող իրենց համար մտածեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ունենալու մասին հրապարակվող լուրերին:
Հրապարակումներ եղան, որ ԱԺ նախագահի պաշտոնին հավակնում է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Լրագրողներից մեկի այդ առիթով հարցին`Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Արտակ Զաքարյանին էլ եմ շատ լավ ճանաչում: Չկա նման բան: Մենք այսօր բոլորս ավելի լավ աշխատում ենք նաեւ մեր սիրելի Գալուստ Գրիգորիչի համար, որովհետեւ երբ որ ինքն այսօր մեզ հետ չի, այստեղ չի, պառլամենտում չի, ինքն արտերկրում է, բուժզննում է անցնում, մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն ավելի լավ աշխատելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ