«Ճիշտ աշխատելու դեպքում, մեկ տարին քիչ ժամանակ չէ: Կուսակցությունը հաջողություն կունենա, եթե ճիշտ աշխատի` հարցերը ճիշտ ձեւակերպի, իր անելիքները ճիշտ շարադրի եւ հասարակությունը զգա, որ իսկապես, գործ ունի մի ուժի հետ, որն իսկապես երկրում փոփոխություն է ուզում»,- այսօր խորհրդարանում, մի քանի լրագրողների հետ զրույցում, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն`անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանը:
Ստեփան Մարգարյանը դեռ չգիտե`ի՞նչ իրավաբանական կարգավիճակ կունենա այդ կուսակցությունում, բայց շատ սերտորեն համագործակցելու է: Ստեփան Մարգարյանը վստահ է` նոր ստեղծվելիք կուսակցությունը 2017-ի խորհրդարանում լուրջ ներկայություն կունենա: Նաեւ վստահ է, որ «շատ հայտնի» մարդիկ են լինելու այդ կուսակցության շարքերում: Անուններ առայժմ չի տալիս:
«Եթե կուսակցության իմիջն անձից կախված լինի, այդ կուսակցությունը հաջողություն չի ունենա»,- ասաց Ստեփան Մարգարյանը` դեռ վաղ համարելով խոսել այն մասին, թե ո՞ր դաշտում է գործելու ստեղծվելիք կուսակցությունը: «Մեր նախկին գործունեությունը կարող է ասել, թե ո՞ր դաշտում ենք լինելու` իր ծրագրերն իրականացնելու, խնդիրներ դնելու եւ լուծելու ուղղությամբ: Մենք գնալու ենք հարցեր լուծելու ճանապարհով, ոչ թե թշնամիներ հայտարարել-հավաքելու, ինչ-որ մեկի փորը թափելու ճանապարհով»,- ասաց նա:
Aravot.am-ի դիտարկմանը, որ «մարտի 1»-ը խարան է լինելու նորաստեղծ կուսակցության վրա, այնքանով, որքանով Վարդան Օսկանյանն այդ ժամանակ եղել է իշխանավոր եւ հավասարապես պետք է կիսի պատասխանատվությունը, Ստեփան Մարգարյանն ասաց. «Այս վերջին օրերին մարտի մեկի հարցը շատ է շոշափվում: Ես կարծում եմ, պարոն Օսկանյանը շատ հանգամանորեն բացատրել է: Ես որեւէ տրամաբանական բացատրություն, թե ինչո՞ւ է մարտի մեկը կապված Օսկանյանի, առավելապես կուսակցության հետ, չեմ լսել»:
Կարդացեք նաև
Ստեփան Մարգարյանը համամիտ է Վահե Հովհաննիսյանի հետ, թե Օսկանյւանը միակ մարդն է, որը կապ չունի «մարտի 1»-ի հետ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ