Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Թուրքիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր թուրք գործընկերոջ հետ մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին, որի ընթացքում երկու երկրների նախագահները մի շարք հայտարարություններ են արել։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի նստավայրի պաշտոնական կայքը։
Նախագահները խստորեն դատապարտել են 2016թ. մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։ Իր խոսքում Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է. «Մեր ժողովրդի անունից առաջնահերթ երախտագիտություն եմ հայտնում Ադրբեջանի նախագահ, իմ թանկագին բարեկամ Իլհամ Ալիևին և մեր ազերի եղբայրներին։ Մենք էլ, որպես Թուրքիա, առաջին հերթին՝ բռնազավթված Լեռնային Ղարաբաղի հարցում և մյուս բոլոր ոլորտներում վճռականորեն շարունակում և շարունակելու ենք սատարել մեր ադրբեջանցի եղբայրներին»։
Նախագահ Էրդողանն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը. «2023թ. մեր առջև սահմանել ենք երկու երկրների ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 15 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Դրան հասնելու համար, Աստծո կամքով, կանենք անհրաժեշտը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հիշել է, որ 25 տարի առաջ, երբ Ադրբեջանը անկախացավ, առաջին երկիրը, որ ճանաչեց նորանկախ երկրի անկախությունը, Թուրքիան էր։ Նախագահ Ալիևը բնութագրել է թուրք-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները. «Այսօր աշխարհի մասշտաբով Ադրբեջանի և Թուրքիայի նման միմյանց կապված այլ երկրներ չկան։ Այս միությունը մեր ազգային հարստությունն է, մենք պաշտպանում և պաշտպանելու ենք մեր միությունը և վստահ եմ, որ հետագա տարիներին մենք մեծ հաղթանակներ ենք ձեռք բերելու»։
Կարդացեք նաև
Մամուլի ասուլիսից հետո Ալիևի պատվին ճաշ է մատուցվել, որից հետո էլ Էրդողանի ուղեկցությամբ Ալիևը մեկնել է օդանավակայան՝ վերադառնալու Ադրբեջան։
Տեսանյութերը այստեղ