Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ հանրապետության երկունքը

Մարտ 16,2016 12:49

…Եթե չթերթենք մեր ժողովրդի պատմության ավելի հին ու խունացած էջերը, ապա առանց վարանելու կարելի է նշել, որ պետականության վերականգման ճանապարհին շրջադարձային կետ էր 19 – րդ դարի սկզբները, երբ 1813 թվականի Գյուլիստանի և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրերով Արևելյան Հայաստանը պոկվեց Պարսկաստանից և անցավ Ռուսական կայսրության տիրապետության տակ: Շրջադարձային կարելի է համարել այն առումով, որ հենց այդ տարածքների վրա 1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց հայոց պետականությունը: Պատմական իրադարձություններն այս անգամ զարգացան մեր օգտին: 1917 թվականին Ռուսաստանում տապալվեց ցարիզմը: Հաղթանակեցին փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունները,իսկ Անդրկովկասը չընդունելով նոր իշխանությունները, երկրամասը հայտարարեց Ռուսաստանից անջատման և իր անկախության հռչակման մասին: Կան մարդիկ, որոնք թերագնահատում են ռուսական 2 հեղափոխությունների դերը Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում: Դա անընդունելի է, քանի որ հենց այդ հեղափոխությունները նախադրյալներ ստեղծեցին պետականության վերականգման համար: Կարելի է պատկերացնել, թե ինչ կարող էր լիներ, եթե մնար ցարիզմը և մասնավորապես հաղթանակած դուրս գար առաջին համաշխարհային պատերազմից: Դժվար թե համակերպվեր Անդրկովկասի կայսերական իր տարածքների կորստի մտքի հետ:

…Հայտնի է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: 1920 թվականի նոյեմբերի 29 -ին կարմիր բանակը մտավ Հայաստան, իսկ մի երկու օր հետո` դեկտեմբերի 2-ին հայ-ռուսական համաձայնագրով Հայաստանը հայտարարվեց որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Ուսումնասիրողների մի մասը դա համարում է պարտադրանքի արդյունք, մի մասը` օրինաչափություն: Հարգելով յուրաքանչյուրի դիրքորոշումը, մեր կարծիքով դա արդեն պատմականորեն ստեղծված անհրաժեշտություն էր: Դա էին թելադրում մի կողմից արտաքին պայմանները, ամենից առաջ նախկին ցարական տարածքներում սոցիալիստական հեղափոխությունների հաղթանակի ռուսական նկրտումները, մյուս կողմից` ներքին նախադրյալները: Սոցիալիստական գաղափարներին նվիրված շատ հայ գործիչներ Հայաստանի և հայ ժողովրդի վիճակի բարելավումը տեսնում էին սոցիալիստական հեղափոխության հաղթանակի մեջ: Մյուս կողմից էլ արդեն մարդիկ չէին ցանկանում հին ձևով ապրել, Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը կապում էին Ռուսաստանի և ռուսական հեղափոխության հետ: Մինչև 1922 թվականի մարտ ամիսը Հայաստանի երկրորդ հանրապետությունն ինքնիշխան պետություն էր: Վարում էր ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Դիվանագիտական և առևտրային կապեր էր հաստատել առաջին հերթին Ռուսաստանի և իր 4 հարևանների` Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Նոր հանրապետությունն ընդունեց իր նոր խորհրդանիշերը, կատարվեցին վարչա-տարածքային նոր բաժանումներ: Հանրապետությունը բաժանվեց 9 գավառների: Մեղրին Զանգեզուրի գավառից դուրս առանձին գավառ էր: Հետագայում ստեղծվեցին 5 խոշոր օկրուգներ, իսկ 1930 թվականին կատարվեց շրջանային բաժանում, որը գոյատևեց մինչև 1998 թվականը, մինչև մարզերի ստեղծումը:

…Խորհրդային կարգերի հաստատումից ընդամենը երկուսուկես ամիս հետո Հայաստանի կոմկուսի և հեղկոմի թույլ տված բռնությունների և սխալների պատճառով 1921 թվականի փետրվարին երկրում բռնվեց խռովություն: Ապստամբները վերցնելով իշխանությունը այն կարողացան պահպանել մինչև ապրիլը: Դա այն շրջանն էր, երբ Մոսկվայում առանց Հայաստանի լուծվում էր հայկական հողերի հարցը: Խորհրդային Հայաստանը չկար ոչ դե ֆակտո և ոչ էլ դե յուրե: Իսկ Խորհրդային Ռուսաստանը չէր էլ մտածում ապստամբությամբ իշխանության եկած դաշնակցական նոր կառավարության գոյության մասին:

1921 թվականի մարտի 16-ի մոսկովյան դաշնագրով Կարսի մարզը անցավ Թուրքիային, լուծվեց Նախիջևանի հարցը՝ ի հօգուտ Ադրբեջանի: Ուսումնասիրողներից ոմանք հարց են տալիս. ՞ ինչ կլիներ Հայկական հողերի այդ հատվածների հարցը, եթե չլիներ փետրվարյան ապստամբությունը, եթե իշխանությունը մնար հայ բոլշևիկների ձեռքին: Գուցե՞ այդքան անողոք չէին լինի ռուս բոլշևիկները՝ Հայաստանի իշխանության ղեկին տեսնելով իրենց գաղափարակիցներին: Կարելի է նաև այդպես մտածել: Մեր կարծիքով, օրինակ, հատկապես Կարսի մարզի հանձնումը Թուրքիային բոլորովին չէր բխում Ռուսաստանի ռազմավարական շահերից: Դա, ըստ էության, ավելի շուտ գաղափարական նպատակներ էր հետապնդում: Մոտավորապես նույն եզրակացությունը կարելի է անել նաև Նախիջևանի հարցում: Ռուսաստանը մի քանի այլ նկատառումների հետ Նախիջևանը նվիրաբերեց Խորհրդային Ադրբեջանին նաև որպես իր համախոհի, պատժելով, այսպես կոչված, “խորհուրդները չընդունող և միջազգային իմպերիալիզմի գործակալ “ հանդիսացող դաշնակներին: Որ դա այդպես է, վկայում է հենց 1920 թվականի նոյեմբերի 9 -ին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի և Կովկասյան բյուրոյի համատեղ նիստում Ստալինի ունեցած ելույթը: Նա նշել է հետևյալը.,,Եթե ուզում եք իմանալ, թե ում են պատկանում Զանգեզուրն ու Նախիջևանը, Հայաստանի ներկայիս կառավարությանը դրանք հանձնել չի կարելի, կլինի խորհրդային` այդ ժամանակ հնարավոր կլինի,, /ինտերնետային կայք Зангезур,Позиция Сталина,,: Հիմա շատերը գտնում են, որ դաշնակները ստեղծված իրավիճակից ելնելով իշխանությունը պետք է հանձնեին ոչ թե դեկտեմբերին, այլ ավելի շուտ` մայիսին, Ալեքսանդրապոլում սկսված ապստամբության օրերին: Հիշում եմ առաջին անգամ Համո Սահյանի հետ Սիսիան եկած դաշնակցական նշանավոր գործիչ, ,,Բագին,, ամսագրի խմբագիր Պողոս Սնաբյանի հետ ունեցած մեր զրույցը: Խոսք բացվեց բոլշևիկ-դաշնակցական ճիշտ ու սխալի մասին: Չթաքցնելով կոմունիստների վայրիվերումներն, ես նրան հարց ուղղեցի.
-Իսկ դաշնակները սխալներ չեն ունեցել:
Նա մի պահ հապաղեց ու հետո ավելացրեց.
-Գուցե իշխանությունը պետք է հանձնվեր 1920 թվականի մայիսին:
,,Տաճիկների հետ ավելի հաջող պայմաններ կարող էինք կապել: …Եթե չլիներ դաշնակների վերջին ավանտյուրան, մենք այժմ ավելի լայն սահմաններ կունենայինք,,-գրել է երկրորդ հանրապետության առաջին վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը / Ալ. Մյասնիկյան, Ընտիր երկեր, էջ 336/:

Թեև պատմական իրադարձությունների ընթացքը թելադրվում է ստեղծված օրինաչափության արդյունքով, բայց մի բան անառարկելի է, որ Հայաստանում ստեղծված կացությունն ավելի շատ նպաստավոր պայմաններ ստեղծեց Թուրքիայի համար`հասնելու իր տերիտորիալ նկրտումներին: Թուրքերը լինելով խորամանկ դիվանագետներ կարողացան օգտագործել պատմական պահը և ,,բարեկամության,, ձեռք մեկնել Ռուսաստանին այն ժամանակ, երբ Հայաստանում չկար Ռուսաստանի կողմից ընդունվող իշխանություն: Դժբախտաբար 1921 թվականի հոկտեմբերի 13-ին մոսկովյան տխրահռչակ պայմանագրի դրույթները հիմնականում հաստատվեցին Կարսի պայմանագրով: Մոսկվայի պարտադրանքով մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Ադրբեջանի և Վրաստանի հետ այն ստորագրվեց նաև Հայաստանի կողմից: Թեև Հայաստանի պատվիրակության ղեկավար, արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը պահանջեց վերադարձնել Անի մայրաքաղաքը,Կողբի աղի հանքերը, սակայն թուրք զորահրամանատար Կարաբեքիր փաշան կտրականապես այդ պահանջները մերժեց: Միակ բանը, որ ետ վերադարձվեց Հայաստանին, դա Երասխ կայարանն էր: Ազատ արձակվեցին նաև Թուրքիայում գերի գտնվող շատ հայ զինվորներ: Կարսի պայմանագրով այլևս ոչինչ փոխել հնարավոր չէր, որովհետև ինչ-որ պետք է լիներ, տեղի էր ունեցել արդեն Մոսկվայում, իսկ տարածքները կարելի էր ետ վերադարձնել միայն պատերազմի միջոցով, որն էլ Խորհրդային Հայաստանն անկարող էր: Երկրին խաղաղություն էր պետք:

Հայաստանի առաջին հանրապետությունից երկրորդ հանրապետությանը փոխանցվեցին տարածքային մի քանի բարդ հարցեր: Դեռևս ,,վիճելի տարածքներ,, պիտակն էին կրում Ղարաբաղը և Զանգեզուրը, իսկ Լոռու ,,չեզոք գոտու,, հարցը մնացել էր չլուծված: Այդ բախտորոշ շրջանում Հայաստան գործուղվեց Ալեքսանդր Մյասնիկյանը: Նա 1921 թվականի մայիսի 4-ին ժամանեց Երևան որպես Հեղկոմի նախագահ: Մայիսի 27-ին Հեղկոմը ժողովրդական կոմիսարների խորհրդի վերակազմավորվելուց հետո հաստատվեց որպես Խորհրդային Հայաստանի առաջին կառավարության առաջին նախագահ և միաժամանակ ռազմական գործերի կոմիսար :

Հայտնի է, որ Նժդեհի անկոտրում կամքով Զանգեզուրը մնացել էր անառիկ: Իսկ զենքով նվաճվածը հաստատվում է դիվանագիտորեն: Դիվանագիտական այդ հաջողությունն արդեն պետք է վերագրել Մյասնիկյանին: 1921 թվականի հունիսի 3-ին ՌԿ/բ/Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի պլենումը քննարկելով Զանգեզուրի հարցը, այն թողեց Խորհրդային Հայաստանի կազմում և 7 կետից բաղկացած արձանագրության առաջին կետով որոշվեց երկրամասը վերցնել մինչև հունիսի վերջերը: Սակայն Մյասնիկյանը չէր շտապում և ձգտում էր հեռու մնալ արյունահեղությունից ու Զանգեզուրը խաղաղ ճանապարհով կցել Հայաստանին : » Բոլշևիկները կուզեն այս անգամ խաղաղ միջոցներով գրաւել Զանգեզուրը «,- գրում է Նժդեհի կենսագիր Ավոն /Ավո ,“ Նժդեհ “, Պեյրութ ,1968 թ., էջ 196 / : Այս հարցում հայտնի է Մյասնիկյանի հետևյալ դիրքորոշումը . ,,Մենք եկել ենք այստեղ ոչ թե քաղաքացիական կռիվ անելու, չարչարելու, այլ աշխատավորությանը տանելու դեպի խաղաղ, հանգիստ աշխատանք, առանց շահագործման, առանց կռվի դեպի կոմունիզմ: Մենք կաշխատենք խուսափել այս կռվից, որ այնքան ավերումներ բերեց հայ գյուղացուն ,, /Ալ.Մյասնիկյան , ընտիր երկեր ,, էջ 395-396 /: Երբ նրան պահանջում են անհապաղ սկսել հարձակումը, նա պատասխանում է. ,, Դաշնակցական շինել հագած գյուղացին այն թիրախը չէ , որի վրա հանգիստ կարող է կրակել սովետական շինել հագած գյուղացին: Ի՞նչ է իրենից ներկայացնում դաշնակների բանակը. Զանգեզուրի գյուղացիները, վախեցած այս տարվա մեր ծռումներից և թուրքահայ փախստականեր, որոնց դաշնակները խոստացել են վերադարձնել իրենց հայրենի վայրերը… Ինչպես պարզվեց դաշնակցական սպաների զգալի մասը մտավորականներ են, որոնք ոչ մի կապ չունեն կուսակցության հետ:

Նրանք նույնպես դժգոհ են իրենց նկատմամբ սովետների թույլ տված ոչ ճիշտ, կոպիտ վերաբերմունքից ,, / Ս. Մ. Ամիրյան , “ Ալեքսանդր Մյասնիկյան “ , Երևան , 1986թ.,էջ 455/: 1921 թվականի հունիսի 13-ին Մյասնիկյանի և ժողկոմխորհի անդամներ Պ.Մակինցյանի,Ա. Բեկզադյանի, Ս.Սրապյոնյանի / Լուկաշին /, Ա.Կարինյանի և քարտուղար Միք. Ղարաբեկյանի ստորագրությամբ Նժդեհին ուղարկվում է մի հեռագիր, որով կոչ է արվում վայր դնել զենքը և միանալ Խորհրդային Հայաստանին: Նույն բովանդակությամբ մի հեռագիր է ուղարկվում նաև Իրանի Ատրպատականի թեմական առաջնորդ, Սիսիանի Բռնակոթ գյուղի հայտնի Մելիք – Թանգյանների տոհմից սերած Ներսես Արքեպիսկոպոս Մելիք – Թանգյանին : Դրանից հետո վերջինս ուղարկվում է պատասխան մի հեռագիր հետևյալ բովանդակությամբ . ,,Ժողովրդական կոմիսարներու նախագահ, քաղաքացի Միասնիկեանին, պատճէն Սպարապետ Նժդեհին: Ստանալով կոմիսարներու խորհրդի 1921 յունիս 13-ին հրատարակած դեկլարացիան Զանգեզուրի մասին Վրացեանի համաձայնութեամբ սուրհանդակ ուղարկեցինք Նժդեհի մօտ պատերազմական գործողութրւնները դադարեցնելու ու հաշտութեան բանակցութիւններ սկսելու առաջարկությամբ: Ասորհետ միասին այդ հարցի առթիվ Գրիգոր Վարդանյանին յանձնեցի իմ գրաւոր առաջարկութիւնը Ձեզ : Թաւրիզ 1 յուլիս, 1921,Ներսէս ս.Արք. ,, /Ավո ,“ Նժդեհ “, Պեյրութ ,1968 թ. , էջ 197 / :

Նժդեհը նահանջում է Մեղրի և Լեռնահայաստանի կառավարության որոշմամբ 1921 թվականի հուլիսի 10-ին անցնում է Արաքսն ու մտնում Պարսկաստան : Զանգեզուրը նվաճվում է առանց արյունահեղության: Այդ օրերին ,,Խորհրդային Հայաստան,, թերթը Կարմիր բանակի մուտքը Զանգեզուր որակում է որպես զուտ հաղթական երթ: Արաքսն անցնում է մոտ 10 000 մարդ: Սակայն ժողկոմխորհի նորաստեղծ գաղթականության գործերի գլխավոր վարչությունը կազմակերպում է Իրանում հավաքված հայերի վերադարձը: ,,1921 թվականի վերջին կազմված զեկուցագրերից մեկում ասված է, որ Երևանից ու Զանգեզուրից տարագրված գաղթականներից ներկայումս Թավրիզում մնացել է մոտ 1300 մարդ, որոնցից 300-ը շուտով կմեկնի հայրենիք, իսկ մնացած հազարը այնպիսի մարդիկ են, որոնք կամ նպաստ են ստանում վրացյանական կոմիտեից, կամ էլ արդեն տեղավորվել են Թավրիզում,, /Էդ. Զոհրաբյան,,,Սովետական Ռուսաստանը և հայ-իրանական հարաբերությունները,, , Երևան,1985 թ., էջ 218/:

… Մյասնիկյանը ամուր կանգնել էր նաև Ղարաբաղը` Հայկական հինավուրց այդ տարածքը, մայր հայրենիքին միացնելու պահանջով: Նա հասավ այն բանին, որ Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հունիսի 3-ի պլենումում, որտեղ քննարկվում էր Զանգեզուրի հարցը, որոշում կայացվեց և ,,5-րդ կետով հանձնարարվեց Հայաստանի կառավարությանը հռչակագիր հրապարակել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին: Ահա այս հանձնարարականն էր , որ կատարեց Հայաստանի կառավարությունը և 1921թ. հունիսի 19-ի ,,Խորհրդային Հայաստան ,, թերթում հրապարակեց Ալ.Մյասնիկյանի ստորագրած դեկրետը, որով Լեռնային Ղարաբաղը հայտարարվում էր Հայաստանի անբաժանելի մաս:

… Սակայն , երբ տեսավ / Ադրբեջանի կառավարությունը , Հ.Ա / որ Հայաստանի կառավարությունն այս անգամ լուրջ քայլեր է կատարում այն իրագործելու ուղղությամբ՝ Մռավյանին նշանակելով Լեռնային Ղարաբաղի արտակարգ լիազոր, սկսեց աղմկել և հասավ այն բանին, որ ընդունվեց 1921թ. հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին միացնող հայտնի որոշումը ,, / Պատմություն,, ,Երևան, 1991 թ., էջ 50 /: Որպես Կովբյուրոյի անդամ Մյասնիկյանը դեմ քվեարկեց այդ որոշմանը և գոնե կարողացավ հասնել այն բանին, որ բավականին ուշացումով` 1923 թվականին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես ինքնավար մարզ:

Նրան հաջողվեց Կովբյուրոյի օրակարգ մտցնել նաև Լոռու հարցը: 1921 թվականի հուլիսի 7-ին քննարկելով այդ հարցը, Կովբյուրոյի պլենումը կայացրեց հետևյալ որոշումը. ,,Լսեցին.1.Չեզոք գոտու կցումը Վրաստանին կամ Հայաստանին:

Որոշեցին. 1.Ողջ չեզոք գոտին մտնում է Հայկական ՍՍՀ կազմի մեջ: /Քվեարկել են կողմ-6, ձեռնապահ-1/,, , /РГАСПН,Ф.64,оп.1,лл.131-13/: Ի դեպ Կովբյուրոյի անդամներից բացի, այդ նիստին անձամբ մասնակցում էր նաև ՌԿ/բ/Կ Կենտկոմի անդամ Ստալինը:

Անընդունելի է այն աղմուկը, թե հայ » բոլշևիկները ծախեցին հողերը «: Չեմ կարծում, թե որևէ հայ, անկախ իր քաղաքական հայացքներից, կարող է, մեղմ ասած, հրաժարվել թեկուզ իսկ մեկ մետր հողից: Կարծում ենք դա մակերեսային, զուտ գաղափարախոսական մոտեցում է: Տարածքների կորստի առավել խորքային մեկնաբանությունը դեռևս պակասում է:

…Արտաքին բարդ ու խճճված քաղաքականության հետ մեկտեղ նորաստեղծ հանրապետության առջև դժվարին խնդիրներ էին ծառացել նաև ներքին քաղաքականության բնագավառում: Երկիրը վեր էր ածվել փլատակների, քայքայվել էր տնտեսությունը, թագավորում էին սովը, համաճարակները: Երկիրը լցվել էր 200 հազար սովյալ գաղթականներով, 50 հազար որբերով: Փլատակներից երկրորդ հանրապետության հիմնաքարերը դնելու առաքելությունը նույնպես բաժին հասավ Ալեքսանդր Մյասնիկյանին: Գալով Հայաստան և սովյալների համար իր հետ Ռուսաստանից բերելով 20 վագոն հացահատիկ և այլ մթերքներ, ծանոթանալով իրավիճակին նա գրել է. ,,Դրությունն անմխիթար է: Սա ամենադաժան, ամենադժբախտ երկիրն է Անդրկովկասում: Դեռ այս երկրի փողոցներում, դաշտերում, հիշենք Ալեքսանդրապոլը, ցրված են դիակներ: Քաղցն ահագին է: Պետք է կռվել քաղցի դեմ,, /Ալ. Մյասնիկյան, Ընտիր երկեր, էջ 336-337/:
Պետական մարմինների և բանակի ձևավորմանը զուգահեռ, նրա ուշադրության կենտրոնում էին ներքին քաղաքականության համարյա բոլոր ոլորտները: Պահանջում էր զգույշ և մեղմ ներքին քաղաքականություն: Դեմ էր ռուսական հեղափոխության փորձը Հայաստանում մեխանիկորեն կրկնելուն: Փետրվարյան ապստամբության դրդապատճառներից մեկն էլ նա կապում էր Հայհեղկոմի կողմից ռուսական ,,Ռազմական կոմունիզմի,, քաղաքականության Հայաստանում կուրորեն կիրառելու հետ: Նա գտնում էր, որ Հայաստանում դասակարգային պայքարն այդքան սրությամբ չի դրսևորվում, քանի որ մի կողմից չկա դիմադրություն ցուցաբերող խոշոր բուրժուազիա, իսկ մյուս կողմից հանրապետության բնակչության հիմնական մասը կազմող գյուղացիության մեջ բացակայում է խիստ շերտավորվածությունը, փոքրաթիվ բանվոր դասակարգը կապված է գյուղի հետ, իսկ ինտելիգենցիան ունի ընդգծված դեմոկրատական հայացքներ: Շրջանցելով ,,Ռազմական կոմունիզմի,, ռուսական էտապը, միանգամից սկսվեց կիրառվել պարենմասնատրումից պարենհարկի անցման նոր տնտեսական /ՆԷՊ/ քաղաքականությունը: Հողը հայտարարվելով պետական սեփականություն, այն արդարացի բաժանվեց գյուղացիությանը: Բարեփոխումները սկսվեցին ոչ թե արդյունաբերությունից, այլ որպես ագրարային երկիր`գյուղատնտեսությունից: Ագրարային հատվածը հայտարարվեց հարվածային տեղամաս: Մյասնիկյանը կարողացավ Ռուսաստանից ձեռք բերել 3,5 միլիոն ռուբլի ոսկով և 100 հազար տոննա հացահատիկի սերմացու, որը բաժանվեց գյուղացիությանը` ցանք կատարելու համար: Լծկանները չբավականացնելու պատճառով, գյուղացիությանն էր տրամադրվում անգամ բանակի ձիերից: Գյուղացիները ստանում էին վարկ, ազատվում հարկերից կամ օգտվում պրոգրեսիվ հարկի արտոնություններից: Արդեն 1923 թվականի վերջերից հանրապետությունում սովը հիմնականում հաղթահարվել էր: ,,Կոմունիզմ, ինտերնացիոնալիզմ տոնական խոսքեր չեն: Կոմունիզմ, ինտերնացիոնալիզմ նշանակում է գյուղացու համար խաղաղություն, հող, սերմացու, կուշտ կերակուր,,- գրել է նա /Ալ. Մյասնիկյան, Ընտիր երկեր, էջ337/:
Առաջին քայլերն արվեցին նաև արդյունաբերության, առևտրի զարգացման, անգրագիտության հաղթահարման, կրթության և գիտության խթանման ուղղությամբ: Բացվում էին նոր դպրոցներ, ակումբներ և գրադարաններ, այդ թվում` բացվեցին հանրային գրադարանն ու մատենադարանը: Հանրապետություն հրավիրվեցին տարագրված ինչպես նաև Ռուսաստանում,Թբիլիսիում ու Բաքվում գործող մեծ թվով մտավորականներ, այդ թվում նաև հանիրավի սիբիրյան աքսորավայրեր քշված դաշնակցական բանակի նախկին 1400 սպաներ, որոնց արտաքսումը նա համարում էր ձախ հեղափոխականություն: Շուտով նրան հաջողվեց հանրապետության քաղաքական ասպարեզից հեռացնել ծայրահեղ ձախ հեղափոխականներին` Ավիս Նուրիջանյանի գլխավորությամբ:

Առողջապահական հետևողական միջոցառումների, այդ թվում նաև ձրի բուժում ստանալու դեկրետի շնորհիվ կանխվեցին տիֆը, վարակիչ մյուս հիվանդությունները: Նա շուտով դառնում է խարիզմատիկ կերպար և սիրվում հանրապետության բոլոր խավերի կողմից: Ալեքսանդր Մյասնիկյանի այդ շրջանի անդադրում գործունեությունը շատ հաջող գեղարվեստորեն ներկայացված է ,,Երկունք,, կինոնկարում: Իսկ Չարենցը, տեսնելով այդ ամենը, նրան է ձոնել բանաստեղծություն և նշել նաև, որ կործանվող մեր երկրի համար նա եղավ փրկության առագաստ:

…Հաշվի առնելով հանրապետության բնական պաշարների սղությունն ու սահմանափակվածությունը Մյասնիկյանը հանրապետության հետագա զարգացումը կապում էր նաև Անդրկովկասյան 3 հանրապետությունների ջանքերի միավորման հետ: Նրա կողմից բարձրացված այդ հարցը թեև հանդիպում էր Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարության դիմադրությանը, սակայն ջերմորեն ընդունվեց Ռուսաստանի և ամենից առաջ Վ. Ի. Լենինի կողմից: 1922 թվականի մարտին այդ 3 հանրապետությունները միավորվեցին և ստեղծվեց Անդրկովկասի Դաշնային Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն /Անդրֆեդերացիա/, որն էլ նույն թվականի դեկտեմբերի 30-ին մտավ ԽՍՀՄ կազմի մեջ: Նոր միավորման դրոշակակիրը Կովբյուրոյի նախագահ Օրջոնիկիձեն համարել է Մյասնիկյանին: Շուտով նա ընտրվում է դաշնային խորհրդի նախագահ և հետո` Կովբյուրոյին փոխարինելու եկած ՌԿ/բ/Կ Անդրկովկասյան երկրկոմի քարտուղար: Կազմվեց նաև կառավարություն` Ժողկոմխորհ, որի նախագահն էր Օրախելաշվիլին, իսկ տեղակալներն էին Մյասնիկյանն ու Հուսեյինովը: Նա վարչապետի և ռազմական գործերի ժողկոմի պարտականությունները համատեղում է մինչև հունիս ամիսը և հետո վարչապետի պոստը վստահվում է բացառիկ տաղանդի տեր մի մարդու` ժողտնտխորհի նախագահ Սարգիս Լուկաշինին, իսկ ռազմական գործերի ժողկոմինը`տաղանդաշատ զորահրամանատար Հայկ Բժշկյանցին /Գայ/:

Լինելով Անդրֆեդերացիայի գլխավոր ճարտարապետը, նա այստեղ նույնպես կարողացավ երկրամասի ավելի լայն հնարավորություններն օգտագործել հանրապետության հետագա զարգացման համար: Հարկ է նշել, որ նրա կողմից ազգային շահն երբեք չստորադասվեց ինտերնացիոնալիզմից: Հակառակը, նա կարողացավ այդ շրջանի բուռն ինտերնացիոնալիզմի պաթոսը ծառայացնել ազգային շահերին: Անդրդաշնությունն իր առջև գերագույն խնդիր էր դրել հաղթահարել ազգային թշնամանքն ու հանրապետությունների միջև եղած տնտեսական անհավասարությունները և երկիրը հասցնել Ռուսաստանի տնտեսական զարգացման մակարդակին: Այդ խնդիրներն, իհարկե ինչ-որ չափով ստացան իրենց լուծումները:

Անդրֆեդերացիան գոյատևեց մինչև 1936 թվականը,երբ 3 հանրապետություններն առանձնացան և մնացին ԽՍՀՄ կազմում: Ճիշտ է, ԽՍՀՄ-ի կազմում թեև հանրապետության արտաքին քաղաքական գործունեությունը խիստ սահմանափակվեց, սակայն բարենպաստ պայմաններ ստեղծվեցին երկիրը շենացնելու համար: Հանրապետությունը տեղական բյուջեից բացի արդեն սնվում էր նաև միութենական բյուջեից: ԽՍՀՄ կազմում Հայաստանը շատ բան ստացավ, հետամնաց երկրից վերացվեց ժամանակակից զարգացած տերության: 1920 թվականի 800 հազարից բնակչությունը հասավ 3 միլիոնի,կառուցվեցին նոր գյուղեր ու քաղաքներ, գործարաններ ու ֆաբրիկաներ: Թռիչք ապրեցին գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մեր կենսագործունեության համարյա բոլոր ոլորտները:

Ոչ ոք չի ասում, թե նոր հասարակարգը անթերի էր: Պատմական որոշ ժամանակահատվածներում արտադրական հարաբերությունների և արտադրողական ուժերի միջև հակասություններն իրենց զգացնել էին տալիս, շատ դեպքերում մարդիկ ,,Մերի,, մեջ չէին տեսնում ,,Իմը,,: Արհեստական խոչընդոտներ էին ստեղծվել ազատ ձեռներեցության, ազատ առևտրի, մասնավոր անհատական բնակարանային շինարարության համար: Այս հասարակությունն էր, որ ժամանակին տեսավ կոլեկտիվացման հապճեպությունը, 30-ականների ստալինյան բռնությունները, 40-ական թվականների վերջերի աքսորը և այլն: Սակայն այս ամենով հանդերձ վերապրեց երկիրը, ունեցավ զարգացման թռիչքային ընթացք: Թեպետ մեկ հոդվածի սահմաններում դժվար է թվարկել այն ամենը, ինչին որ հասավ Հայաստանը խորհրդային տարիներին, բայց դա այն հանրապետությունն էր, որը սկսելով Լենինականի տեքստիլ կոմբինատից ունեցավ գիգանտ արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ, զարգացում ստացան արդյունաբերության այնպիսի նոր ճյուղեր, ինչպիսիք էին քիմիան, էլեկտրատեխնիկան, ռադիոտեխնիկան, հաստոցաշինությունը: Հեղափոխություն կատարվեց էներգետիկայում, հանքարդյունաբերության մեջ: Առաջին Ձորահէկի կողքին հանրապետությունն ունեցավ Մեծամորի ատոմակայանը, փլուզված հանքախորշերից դարձավ միության պղինձ արտադրող 3-րդ երկիրը` Ռուսաստանից և Ղազախստանից հետո:

Նույն թռիչքային զարգացումն ապրեց նաև ագրարային հատվածը: Խորհրդային իշխանության առաջին տարիներին Իրանից մեծ դժվարությամբ մի քանի հարյուր գլուխ կովեր ձեռք բերած երկիրը դարձավ արդյունաբերական ռելսերի վրա փոխադրված բազմաթիվ կաթնային համալիրների, թռչնաֆաբրիկաների երկիր: Մեծ աշխատանքներ կատարվեցին նոր հողերի իրացման, սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման, ջրատնտեսական մեծ ու փոքր կառույցների շինարարության ուղղությամբ: Առաջնեկ Շիր-կանալի կողքին ծնվեց նաև Սևանը սնուցող Արփա-Սևան 20 կիլոմետրանոց ջրատար- թունելը: Դժբախտաբար հետագայում հապճեպ ու անհաշվենկատ սեփականաշնորհման պատճառով ստեղծված տնտեսական պոտենցիալի մի զգալի մասը հոդս ցնդվեց:

Դժվար է թվարկել գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում հսկայածավալ հաջողությունները: Խորհրդային տարիներին ծնվեց ու աճեց գիտնականների, արվեստագետների ու գրողների մի այնպիսի սերունդ, որը ճանաչելի դարձավ ամբողջ աշխարհում: Ձրի կրթությունն ու բուժօգնությունը հասանելի էին բոլորին: Հայ ժողովուրդն իրեն փառքով պսակեց Մեծ հայրենականում`տալով Խորհրդային Միության 106 հերոսներ, 67 գեներալներ,2 մարշալներ,1ծովակալ: Երկրորդ հանրապետությունը հայ ժողովրդի պատմության մի հատվածն է: Այն պետք է ընդունել և փայփայել այնպես, ինչպես ողջ հայ ժողովրդի պատմությունը: Նրանք, ովքեր մերժում են մեր պատմության այդ հատվածը, փորձում չտեսնել հսկայածավալ հաջողությունները կամ կապել համաշխարհային զարգացման ընդհանուր տենդեցների հետ, վիրավորում են ամենից առաջ հենց այն մարդկանց, ովքեր անասելի զրկանքների գնով ստեղծեցին այս ամենը: Պետք է մեծարել ու գնահատել նրանց, նրանց կատարած գործը, գնահատել նաև այն ղեկավարներին, ովքեր կանգնած լինելով հանրապետության ղեկին, ամեն ինչ անում էին հանրապետության առջև ծառացած բազմապլան խնդիրները լուծելու համար: Խորհրդային Հայաստանի զարգացման գործում քիչ ավանդ չեն ներդրել ՀԿԿ Կենտկոմի քարտուղարներ Աղասի Խանջյանը, Գրիգորի Հարությունյանը, Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը, կառավարության ղեկավարներ Սարգիս Լուկաշինը/Սրապիոնյան/, նույն Անտոն Քոչինյանը, Բադալ Մուրադյանը, Ֆադեյ Սարգսյանը և շատ ուրիշներ:

… ԽՍՀՄ փլուզման հետևանքով երկրորդ հանրապետությունը գոյատևեց մինչև 1991 թվականը: Ի տարբերություն խորհրդային հանրապետության, երրորդ հանրապետությունը երկրորդից բավականին լավ ժառանգություն ստացավ: Այդ 70 տարիներն, առանց վարանելու, կարելի է ասել, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար եղան բեղմնավոր տարիներ, վերածննդի տարիներ: Այդ ժամանակահատվածն, իրավմամբ, կարելի է համարել մեր ժողովրդի ոսկե դարը:

 
ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Պատմաբան, հանրապետության
ժուռնալիստների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հիրավի մեծ է բոլոր այն մարդկանց դերը, որոնք իրենց ողջ ուժն ու կարողությունը դրել են հայ ազգի գոյատևման գործում պատմական այնպիսի խառնակ ժամանակներում, ինչպիսին էր Առաջին աշխարհամարտը և դրան հետևած ծանր ու հոգսաշատ շրջանը: Ալեքսանդր Մյասնիկյանը առաջիններից էր, որ կանգնեց մեր պետականության հիմքերում և նպաստեց ազգային ինքնագիտակցության պահպանմանն ու իր նման ազգանվեր գործիչների հետ միասին կերտեց մեր բազմաչարչար ժողովրդի կյանքը: Ես հաճախ եմ կարդում Եղիշե Չարենցի երկերը, որոնց մեջ մեծ պոետը բանաստեղծական անգերազանցելի հանճարով պատկերել է ժամանակի նշանակալի անցքերն ու դրանց մեջ գովերգել ժողովրդի ճակատագրով մտահոգված մեր գործիչներին: Չարենցը ստեղծել է այնպիսի հանճարեղ գործեր նաև (Սոմա, Ամբոխները խելագարված),որոնք ժամանակը պատկերելու հետ մեկտեղ գեղարվեստական գոհարներ են և իրենց գրապատմական նշանակությամբ անգերազանցելի են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031