Ազգային արժույթը մտել է արժեւորման հերթական փուլ։ Ըստ էության սկսել են զգալ տալ սեզոնային որոշ գործոններ, որոնք ներքին շուկայում ավելացրել են տարադրամի առաջարկը։
Ենթադրվում է, որ այդ միտումը առաջիկա օրերին կշարունակի պահպանվել, եթե իհարկե Կենտրոնական բանկը չորոշի ներքաշել շուկայում հայտնված հավելյալ տարադրամը՝ դրամի արժեւորման խորացումը կանխելու համար։
Սպասումները, որ դոլարի գինը կհատի 500 դրամի սահմանագիծը, չեն արդարանում։ Ընդհակառակը, այս շաբաթվա սկզբին ամերիկյան արժույթը մեկնարկեց արժեզրկմամբ։ Փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը սկսել է տատանվել 486-487,5 դրամի սահմաններում։ Առանձին դեպքերում դոլար ձեռք բերելու համար առաջարկվում է նաեւ 485 դրամ։
Ամերիկյան արժույթի արժեզրկման վրա ճնշումները ակտիվացան շաբաթվա առաջին օրվանից։ Եթե մարտի 12-ին դոլարի փոխարժեքը տատանվում էր 490,5-491,5 դրամի սահմաններում, ապա արդեն մեկ օր հետո սկսեց լողալ 486-488-ի շրջակայքում։ Այլ կերպ ասած, առք ու վաճառքի գինը նվազեց առնվազն 3-4 նիշով։
Հայաստանյան շուկայում ամերիկյան արժույթի թուլացումը կամ դրամի ամրապնդումը այս ժամանակահատվածում նորություն չէ։ Վերջին տարիներին սովորաբար այդպես էլ լինում է, որ կապված է հիմնականում Նովրուզի տոնակատարությունների հետ, որի շրջանում Հայաստան են այցելում մեծ քանակությամբ իրանցի զբոսաշրջիկներ։ Հիշեցնենք, որ իրանական Նոր տարին նշվում է մարտի 21-ին։
Ամերիկյան արժույթի թուլացումը ցույց է տալիս, որ Իրանից զբոսաշրջիկների հոսքը սկսվել է։ Ենթադրվում է, որ այս տարի այն ավելի մեծ կլինի։
Միջազգային սահմանափակումների վերացումից հետո աշխարհում ոչ միայն մեծացել է հետաքրքրությունը Իրանի տնտեսության նկատմամբ, այլեւ թուլացել է սոցիալական ճնշումը։ Ապասառեցվել են տարիներ շարունակ միջազգային բանկերում պահվող միլիարդավոր դոլարների հասնող միջոցները, որոնք թույլ են տալիս մեղմել սեփական արժույթի նկատմամբ եղած տարադրամային լարվածությունը։ Նախորդ տարիներին զբոսաշրջիկների հոսքերը մեծապես կախված էին այդ գործոնից։
Ինչպես հայտնի է, Նովրուզի տոնակատարությունների շրջանում Հայաստան են այցելում մի քանի տասնյակ հազար իրանցիներ։ Տարբեր հաշվարկներով, նրանք այստեղ թողնում են շուրջ 20-25 մլն դոլար։ Այդ գումարը արժութային շուկայում է հայտնվում գրեթե մեկ շաբաթվա ընթացքում։
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում