Մարտի 15-ին լրացավ հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 95-ամյակը: Այս առիթով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը (ՀԵՄ) և ՀՅԴ Աջափնյակի կոմիտեն կազմակերպել էին միջոցառում. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից երթով քայլեցին դեպի հերոսի հուշարձան, ծաղիկներ դրեցին, եղավ խորհրդանշական գինու հյուրասիրություն:
Միջոցառման մասնակից պատմական գիտությունների թեկնածու Խաչատուր Ստեփանյանը խոսեց Թեհլերյանի գործունեության և նրա թողած ավանդի մասին. «Մարտի 15-ի գործողությունը վկայում է այն մասին, որ կա հայը, հայ երիտասարդը, որը պահանջատեր է: Մենք նրա օրինակով պետք է պայքարենք մինչև վերջ, մեր վրեժի հատուցմանն ու ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար: Մեր մեջ Սողոմոնները պետք է շատ լինեն»:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միության՝ Հայաստանի ազգային սկաուտության կազմակերպության անդամները: Կազմակերպության անդամ՝ խմբապետ, Սևակ Ղազարյանը նշեց, որ ՀԵՄ-ի հետ սա առաջին համագործակցությունը չէ. «Արդեն 3-րդ տարին է, ինչ մասնակցում ենք, քանի որ գաղափարական հենքը նույնն է: Կարծում եմ օրվա խորհուրդը այն է, որ նոր սերունդը տեսնի, մենք ոչ թե ցեղասպանված ժողովուրդ ենք, այլ վրիժառու, որ ունենք հերոսներ, որոնք սկսել են այդ գործը, և մենք պետք է շարունակենք»:
ՀԵՄ-ի անդամ Հայկ Իգիթյանն էլ նշեց, որ այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել. «Մեզ համար սա վերածննդի օր է. այդ ակտը, սպանությունը մի հոգու սպանություն չէր, այլ ազգի վրեժն էր և ազգի հարատև ապրելու իրավունքի վերականգնումը: Այս օրը մեզ համար, որպես երիտասարդներ՝ պայքարի և վերածննդի օր է, իրավունքների հաստատման օր»:
Կարդացեք նաև
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ