Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մեր թերություններն առաջինը մենք պետք է վերհանենք և շտկենք»

Մարտ 16,2016 11:32

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի վերահսկողության վարչության աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015 թվականին վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվության մասով քաղաքապետն իր հստակ դիտարկումներն է արել:

«Վերահսկողության վարչությունն այն օղակն է, որը պետք է հետևողական լինի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մեր գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նկատմամբ: Ու ձեր առաջնահերթություններից մեկն էլ պետք է լինի թերացումները վերհանելը: Եղեք ավելի ուշադիր և տարբեր օղակներում նկատված թերացումները ներկայացրեք պատասխանատուներին, որ աշխատանքներ տանեն դրանց շտկման ու վերացման ուղղությամբ: Մեր թերություններն առաջինը մենք պետք է վերհանենք ու շտկենք, ոչ թե սպասենք, որ մեկ ուրիշն այն նկատի և մատնացույց անի»,- ընդգծել է քաղաքապետը:

Գոհունակություն հայտնելով մանկապարտեզներում սննդի որակի և պահպանման պայմանների ուղղությամբ վարչության կողմից իրականացվող մշտական հսկողության արդյունքներից՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել նաև մայրաքաղաքի ներառական կրթության և գիշերօթիկ դպրոցներ մատակարարվող սննդի որակը: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է վերահսկել նաև մանկապարտեզներում հերթագրման էլեկտրոնային համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովումը:
«Այս մասով եղեք հետևողական և ուշադիր, որ իրենց հերթին սպասող բոլոր երեխաները ճիշտ ժամանակին ընդունվեն մանկապարտեզ» ,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով համատիրությունների աշխատանքին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել նաև դրանց գործունեության ուղղությամբ:
«Համատիրությունների աշխատանքը պետք է լինի թափանցիկ և վերահսկելի: Սա այն օղակն է, որ մշտական կապի մեջ է բնակչության հետ և պարտավոր է հաշվետու լինել մեր համաքաղաքացիներին: Մանրակրկիտ ուսումնասիրեք համատիրությունների գործունեությունն ու վերհանեք բոլոր այն թերացումները, որոնք առկա են այդ կառույցների աշխատանքում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչների դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների մասով էլ քաղաքապետը հանձնարարել է դրանցում բարձրացվող խնդիրները դասակարգել ըստ ոլորտների, ինչը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացնել, թե հատկապես որ ոլորտների աշխատանքներում կա թերացումների վերացման առաջնահերթ անհրաժեշտություն:

«Քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերով բնակիչների կողմից ստացվող ահազանգերի հետ կապված շարունակեք հետևողական հսկողությունն ու հետևեք, որ բարձրացվող խնդիրներն անպայման լուծում ստանան: Նաև ըստ ոլորտների դասակարգեք բարձրացվող խնդիրները, քանի որ դա գործնականում կնպաստի, որ տեսնենք, թե հատկապես որ օղակներում ունենք բացեր, որոնք անհրաժեշտ է արագ շտկել»,- ընդգծել է քաղաքապետը:

Ամփոփելով վարչության 2015թ. հաշվետվությունը՝ քաղաքապետը դրական է գնահատել կատարված աշխատանքները:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031