Լրահոս
Օրվա լրահոսը

Ումից գանձել են այդ ԱԱՀ-ն, այլեւս չեն վերադարձնելու. «Հայկական ժամանակ»

Մարտ 16,2016 11:04

Կարեւոր է, թե ինչպես պետք է լուծվի 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ավտոմեքենա ներկրած մեր քաղաքացիներից գանձված ԱԱՀ-ի հարցը։ Արդյոք այն պետք է վերադարձվի՞, թե՞ ոչ։ Այս մասին գրավոր հարցում էինք ուղղել ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը։ Հարցրել էինք, թե արդյոք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո այն հետադարձ ուժ ունենալո՞ւ է, եւ քաղաքացիները հե՞տ են ստանալու իրենց գումարները։ «Ի պատասխան հարցմանը հայտնում ենք, որ ս.թ. փետրվարի 25-ի ՀՀ կառավարության նիստում ներկայացված նախագծերում որեւէ դրույթ հետադարձ գործողության մասին չկա»,- գրված է մեզ ուղարկած պատասխանում։

Թվում է հարցը փակված է՝ ումից գանձել են այդ ԱԱՀ-ն, այլեւս չեն վերադարձնելու, որովհետեւ օրենքի նախագծի մեջ հետադարձ ուժի մասին գրված չէ։

Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։ Խնդիրը ոչ թե օրենքում մի հերթական, շարքային, սովորական փոփոխություն անելու մասին է, որը պարզապես մի ինչ-որ նոր դրույթ է սահմանում, այլ խոսքը ապօրինությունը վերացնելու մասին է։ Իսկ դա բոլորովին այլ իրավիճակ է։ Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ ԱԱՀ-ն արդեն 15 ամիս ապօրինի է գանձվում։ Արդեն տեւական ժամանակ, տարբեր հարցումներով մենք պետական մարմիններից փորձում ենք ճշտել, թե այդ որ փաստաթղթի որ կետով է սահմանված, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանը կարող է չկիրառել ԵՏՄ-ին անդամակցելու տվյալ պահանջը։ Ու արդեն տեւական ժամանակ որեւէ մարմին չի կարողանում մատնանշել նման փաստաթուղթ կամ դրույթ։

Մինչդեռ ԵՏՄ մասին պայմանագրի 72-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է հետեւյալը. «Անդամ պետության տարածք ներմուծման պարագայում անուղղակի հարկեր չեն գանձվում. 2) այն ապրանքների մասով, որոնք ներկրվում են անդամ պետության տարածք ֆիզիկական անձանց կողմից ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով…»։ Այստեղ չի մասնավորեցվում, թե խոսքը ինչպիսի ապրանքների է վերաբերվում, ինչը ուղղակիորեն նշանակում է, որ ավտոմեքենաները մտնում են այդ ապրանքների մեջ։

Իսկ ահա մեր ԱԱՀ-ի մասին օրենքում ավտոմեքենաների վրա բացառություն է դրված, եւ ավտոմեքենաներից պետք է գանձվի ԱԱՀ։ Բայց ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում բառացիորեն գրված է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»։ Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի մասին մեր օրենքում նշված բացառությունը հակասում է ԵՏՄ մասին պայմանագրին, հետեւաբար պետք է կիրառվեն «միջազգային պայմանագրերի նորմերը»։

Այլ կերպ ասած, 15 ամիս ԱԱՀ-ն ապօրինի է գանձվել։ Ահա թե ինչու որեւէ պետական մարմին այդպես էլ չի կարողանում ցույց տալ այն հիմնավորումները, որոնց համաձայն՝ ԱԱՀ-ի գանձումը օրինական է մինչեւ 2018 թվականը։

Կա՞ արդյոք հեռանկար, որ մեր քաղաքացիները դատական կարգով կկարողանան հետ ստանալ իրենց գումարները։ Տեսականորեն՝ այո, գործնականում դա կասկածելի է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031