Քաղաքական և ռազմական վերլուծությունների ռուսական կենտրոնի փոխնախագահ Ալեքսանդր Խրամչիխինը Հայաստանի ԶՈՒ-ին վերաբերվող իր հոդվածից հետո, որը լայն արձագանք ստացավ հայ հասարակության շրջանակներում, հեղինակել է նոր հոդված, որտեղ անդրադարձ է կատարել Ադրբեջանի Զինված ուժերին։ Այս մասին տեղեկանում ենք vpk-news կայքից։
Ադրբեջանի ԶՈՒ-ին վերաբերվող հոդվածում Խրամչիխինը մանրամասն թվարկում է Ադրբեջանի սպառազինության տեսակները, բանակի մարտական կազմն ու վիճակագրական այլ տվյալներր։ Հոդվածագիրը վերլուծական մասում գրում է. «Այս դեպքում Ռուսաստանը հայտնվում է նուրբ իրավիճակում. հարձակվողական տեսակի ամբողջ սպառազինությունն Ադրբեջանին վաճառել է Ռուսաստանը։ Բարդ է ենթադրել, որ Մոսկվայում չէին հասկանում թե ինչի համար է նախատեսված այդ տեխնիկան՝ ՀԱՊԿ-ում մեր ամենամոտ դաշնակցի դեմ։ Իրավիճակը կրկնակի բարդանում է, որովհետև Անկարայի հետ (Բաքվի գլխավոր դաշնակիցը) երկարամյա սիրախաղը ավարտվեց կանխատեսելի ձախողմամբ և դաժան առերեսմամբ։ Սրա հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը շատ հեշտությամբ կարող է վերաճել՝ դառնալով «ավագ ընկերների»՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինված հակամարտություն։ Սա այն դեպքում, երբ պահպանվում է Սիրիայի համար ուղղակի բախման նշանակալի հավանականությունը»։
Ռազմական վերլուծաբանը ներկայացրել է նաև ռուս-թուրքական հնարավոր պատերազմի հավանական անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա. «Եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմ սկսվի, որն իր մեջ կներքաշի Հայաստանին, Բաքվում մեծ գայթակղություն կառաջանա հարվածել Ղարաբաղին հյուսիսից՝ օգտվելով առիթից, որ հայկական օդուժը ամբողջովին գործի մեջ կլինի թուրքական ճակատում։ Մինչդեռ այս դեպքում, հնարավոր է, Ադրբեջանը հարված ստանա հյուսիսից՝ Ռուսաստանից։ Ավելին, մեծ է հավանականությունը, որ Իրանը չի սահմանափակվի միայն կողքից անհանգստանալով՝ հայ-ռուսական դաշինքի համար, այլ անմիջականորեն կպատերազմի նրանց կողմից»։