Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հակառակորդի տեխնիկական առավելությունը այնքան էլ մեծ չէ. «Հայկական ժամանակ»

Մարտ 16,2016 10:50

Ռուսական «Ռազմաարդյունաբերական կուրիեր» պարբերականի փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը, որը բոլորովին վերջերս մեծ աղմուկ վաստակեց Հայաստանի զինատեսակների մասին մանրամասն տեղեկություններ հրապարակելու հետևանքով, երեկ հրապարակեց համանման մի վերլուծություն Ադրբեջանի զինուժի մասին։ Հրապարակման մեջ նույնքան մանրամասն ներկայացված է, թե զինատեսակների ինչպիսի «պահեստ է» կուտակել Ադրբեջանը։ Որքան են դրանք համապատասխանում իրականությանը՝ դժվար է ասել։ Բայց եթե համարենք, որ այդ երկու հրապարակումներով իրական ցուցանիշներից շեղումը հավասարաչափ է, ապա կարող ենք որոշակի համեմատություն անել մեր եւ Ադրբեջանի սպառազինությունների միջեւ։

Համեմատությունը զուտ տեխնիկական տեսանկյունից, իհարկե, մեր օգտին չէ, եւ սա ամենեւին էլ նորություն չէ: Որոշ, բավականին «ծանրակշիռ» զինատեսակների մասով Ադրբեջանի ունեցածը մի քանի անգամ գերազանցում է մեր համանման զինատեսակներին եւ ոչ միայն քանակով, այլեւ որակով։ Ամենաակնհայտ ու ընդգծված տարբերությունը նկատվում է մասնավորապես զրահատեխնիկայի, ռազմական ինքնաթիռների եւ ուղղաթիռների քանակական եւ որակական համեմատության մեջ։ Այսպես. Խրամչիխինի բերած տվյալների համաձայն, հայկական կողմն ունի մոտ 250 հատ T-72 տեսակի տանկ, ներառյալ ԼՂՀ բանակներինը ու ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայինը։ T-72 տեսակի ադրբեջանական տանկերի թիվը հասնում է 380-ի։ Բայց շատ կարեւոր է արձանագրել, որ Ադրբեջանի բանակը համալրված է նաև նորագույն T-90 տեսակի տանկերով, որոնց քանակը հասնում է 100-ի։ Այսպիսի տանկեր հայկական կողմը, ըստ Խրամչիխինի ներկայացրած տվյալների, չունի։ Օդում ևս տարբերությունը մեծ է և ոչ հօգուտ մեզ։ Այսպես, ադրբեջանական օդուժի տրամադրության տակ եղած 33 հատ Су–25 գրոհային եւ 15 հատ МиГ-29 կործանիչներին մենք հակադրում ենք 15 հատ Су -25 եւ 18 հատ МиГ-29։ Ինչպես տեսնում ենք, տարբերությունը կրկին բավականին մեծ է՝ 48-ը ընդդեմ 32-ի։ Նշենք, որ այս համեմատության մեջ հաշվի չենք առնում արդեն հնացած МиГ–25 կամ Су–24 տեսակի ինքնաթիռները, որոնք, այդուհանդերձ, դեռ գործունակ են։ Սա էլ հաշվի առնելու դեպքում տարբերությունը էականորեն կմեծանա։ Ռազմական ուղղաթիռների դեպքում պատկերը ավելի ցայտուն է: Հայկական կողմն ունի 12 հատ Ми-24 ռազմական ուղղաթիռ, որին Ադրբեջանը «պատասխանում է» 27 հատ Ми-24 եւ 24 հատ նորագույն Ми–35М։ Տրանսպորտային եւ այլ նշանակության ուղղաթիռները կրկին հաշվի չենք առնում։

Սակայն սա զուտ տեխնիկական համեմատություն է: Եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական կողմը ունի հարձակվելու մտադրություն, իսկ մենք՝ միայն պաշտպանվելու, ապա մեր հակառակորդի տեխնիկական առավելությունը այնքան էլ մեծ չէ՝ հարձակմանը պատրաստվողը պետք է, պատկերավոր ասած, 2-3 անգամ ավելի լավ զինված լինի՝ հաջողության հասնելու համար։ Իսկ ամենակարևորը, իհարկե, մեր զինվորների «դուխն» է, որն էլ հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ հավասարակշռությունը առկա է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031