Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ են ասում եվրոպացիները

Մարտ 16,2016 10:05

Ապացուցված փաստ է` երբ մենք որեւէ մեկի հետ հանդիպում ենք, իսկ հետո պատմում ենք այդ հանդիպման մասին, ապա ավելի երկար եւ հանգամանալից ներկայացնում ենք այն, թե ինչ ենք մե՛նք ասել, եւ ոչ թե այն, ինչ ասել է մեր զրուցակիցը: Դա արտացոլվում է նաեւ պաշտոնական մամուլի հաղորդագրություններում: Եթե երկու երկրների X եւ Y պաշտոնյաների հանդիպում է տեղի ունենում, ապա X-ի մամուլի գրասենյակը 4 պարբերություն նվիրում է իր շեֆի ասածներին, որը «նշեց», «անդրադարձավ» եւ «կարեւորեց», ու մեկ պարբերությամբ հիշատակում է Y-ի ասածները: Առավել «ամփոփ» ներկայացվում են պաշտոնյաների եւ բնակիչների հանդիպումների մանրամասները. այսինչը «ծանոթացավ մարզի (համայնքի) սոցիալ-տնտեսական վիճակին», իսկ այնուհետեւ «նշեց» եւ «անդրադարձավ»: Թարգմանաբար դա նշանակում է, որ բնակիչները (եթե, իհարկե, նրանց թույլ տվեցին շփվել պաշտոնյայի հետ) «բացեցին բողոքների տոպրակը», բայց չի ասվում, թե հատկապես ինչից են բողոքել, իսկ հետո պաշտոնյայի ճառն այն մասին, թե «ինչ ծրագրեր կան», տրվում է ամենայն մանրամասնությամբ:

Հիմա մեր իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն ինտենսիվորեն հանդիպում են եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ: Հետո լրատվամիջոցներին պատմում են, թե ինչ են իրե՛նք ասել եվրոպացիներին, իսկ վերջում «մեկ պարբերությամբ» հավելում են, որ եվրոպացիներն իրենց հետ հիմնականում համամիտ էին: Ստացվում է, որ մերոնք, մեղմ ասած, տրամագծորեն հակառակ տպավորություններ ունեն եվրոպացիների դիրքորոշման վերաբերյալ եւ իրենց զրուցակիցների ասածները մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է հարմար: Օրինակ՝ ըստ իշխանության, եվրոպացիները կտրականապես դեմ են ընտրություն կատարած անձանց ցուցակի հրապարակմանը, իսկ ընդդիմադիրների տպավորությամբ՝ նույն ցուցակների հրապարակման հարցում եվրոպացիները միանգամայն բարեհաճ են:

Թվում է, թե ի՞նչ մի խնդիր է, հարցնենք եվրոպացիներից եւ իմանանք նրանց դիրքորոշումը: Բայց եվրոպացիներն այնպիսի «սղլիկ» եւ միգամած բացատրություններ են ներկայացնում, որ իրոք հնարավոր չէ հասկանալ` նրանք ինչին են կողմ եւ ինչին` դեմ:

Եվրոպացի փորձագետների կարծիքն, իհարկե, շատ կարեւոր է, այն արժե լսել եւ հնարավորինս օգուտներ քաղել նրանց խորհուրդներից: Վատ չէր լինի նաեւ այդ զրույցները ներկայացնել հնարավորինս ճշգրիտ: Բայց հենց նրանք` եվրոպացիներն էլ ասում են, որ դա ընդամենը խորհրդատվություն է, հետեւաբար, կարծում եմ, պետք չէ այն օգտագործել որպես խաղաքարտ՝ ներքին քաղաքական պայքարում: Այդ մարդիկ ամենեւին «վատ չեն տանի», եթե մենք նրանց խորհուրդները չլսենք ու, այնուամենայնիվ, 22 տարում առաջին անգամ անցկացնենք ընտրություններ, որոնց արդյունքներին Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կհավատա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031