Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն՝ Ադրբեջանի փրկօղակ. Դավիթ Շահնազարյանը բացահայտում է Պեսկովի ուղերձները

Մարտ 16,2016 14:30

«Մոսկվան դեմ է զինադադարի խախտումների
քննության միջազգային մեխանիզմների կիրառման նախաձեռնություններին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների ջանքերը վերջերս ուղղված են շփման գծում առկա լարվածությունը մեղմելուն եւ իրավիճակը վերահսկելի դարձնելուն: «Առավոտ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը

«Դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց տարածած հայտարարության մեջ շեշտեցին, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների՝ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ քննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին: Մասնավորապես, համանախագահներն առաջարկել են առաջին` շփման գծի երկայնքով տեղադրել տեխնիկական սարքավորումներ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռվի հսկողություն սահմանել` արձանագրելով շփման գծում զինադադարի խախտումները, երկրորդ` ընդլայնել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը եւ երրորդ` զինադադարի խախտումների քննության հստակ մեխանիզմներ ստեղծել: Հայտնի է, որ պաշտոնական Երեւանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերոնշյալ առաջարկությունները, մինչդեռ պաշտոնական Բաքուն չի ընդունում դրանք: Միաժամանակ, Ադրբեջանը վերջին տարիներին անընդհատ քայլեր է ձեռնարկում` տապալելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եւ տեղափոխելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգային այլ հարթակներ»,- նկատեց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ սահմանային եւ շփման գծի միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառման գաղափարն առաջ մղողը ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է:

Դավիթ Շահնազարյանն ուշադրություն է հրավիրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ընդլայնման անհրաժեշտության վերաբերյալ պաշտոնական Բաքվից հնչած վերջին նախաձեռնությանը, որի մասին օրեր առաջ բարձրաձայնեց Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը` նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբին մաս կազմող բոլոր պետությունների մասնակցությունը կարգավորման բանակցություններին կուժեղացնի ադրբեջանական դիվանագիտության դիրքերը: «Մինսկի խմբի ամբողջական ձեւաչափի կիրառումը միջազգային հանրության կողմից Հայաստանի դեմ կիրառվող հավելյալ ճնշման միջոց կարող է դառնալ: Կարծում եմ, որ, ասենք, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի գործունեությունն ու դերակատարությունը Մինսկի խմբում կարող է ավելի արդյունավետ լինել»,- նշել էր Ազիմովը:

Մարտի 10-ին Սարգսյան-Պուտին բանակցությունների հաջորդ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ԼՂ խնդրի կարգավորման թեմայի վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց ՏԱՍՍ-ին` ասելով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարող են գտնել միայն դրա մասնակիցները, այլ ոչ թե միջազգային միջնորդները: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը հետեւողականորեն աշխատում է միջազգային ձեւաչափերում նման լուծմանը աջակցելու համար: Իրոք, գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերում, լինելով այդ ձեւաչափերի պատասխանատու մասնակից, Ռուսաստանը շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ հետեւողական աշխատանքը: Սակայն ինչ-որ վերջնական լուծումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են բխել միայն հենց հակամարտության մասնակիցներից: Ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող կարգավորել հակամարտությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն»:

Կրեմլի խոսնակի նշյալ մեկնաբանություններին անդրադառնալով՝ Դավիթ Շահնազարյանը ասաց. «Ասվում է, որ կարգավորումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջնորդների: Սովորաբար նման հայտարարություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կողմից արվում էին այն շրջանում, երբ բանակցային գործընթացում ընդգծված պասիվություն էր, բանակցային գործընթացը գրեթե փակուղային իրավիճակում էր: Մինչդեռ հիմա ԵԱՀԿ ՄԽ-ն ունի կոնկրետ ծրագիր, հետեւաբար Կրեմլը նման հայտարարությամբ հերթական անգամ ցույց է տալիս, որ դեմ է միջնորդների առաջարկած միջոցառումներին` զինադադարի խախտումների քննությունների մեխանիզմ կիրառելու գաղափարի կյանքի կոչմանը: Պեսկովի հաջորդ դիտարկումն առավել քան տարօրինակ է, երբ նա նշում է ԼՂ հակամարտության կարգավորման «գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերի» մասին: Ողջ հայտարարության մեջ ընդհանրապես չի հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության մասին: Ի՞նչ «միջազգային ձեւաչափերի» մասին է խոսքը, երբ պաշտոնական Բաքվի հետեւողական ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու ուղղությամբ, հակադարձել են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, Գերմանիան` նաեւ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, վերջերս էլ` Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինին, երբ հստակ ընդգծեցին, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, եւ որին նրանք բոլորն ամբողջությամբ սատարում են, եւ իրականում ԼՂ հակամարտության կարգավորման որեւէ այլ միջազգային մարմին գոյություն չունի: Պեսկովի հայտարարությունը հաստատում է, որ Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի ջանքերին` ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափը կազմալուծելուն կամ առնվազն այն ընդլայնելուն»:

Ըստ Դավիթ Շահնազարյանի` Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարության հաջորդ ուշագրավ պահն այն է, որ նա նշում է, թե` Ռուսաստանը հետեւողականորեն աշխատում է միջազգային ձեւաչափերում նման լուծմանն աջակցելու համար. «Ակնհայտ է, որ այժմ բուն կարգավորման մասին խոսելն իրատեսական չէ: Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների կարեւորագույն այն խնդիրը, որն իրենց առջեւ հիմա դրել են ԵԱՀԿ Մինսկի խումբն ու, մասնավորապես, Միացյալ Նահանգները` դա հակամարտության վերահսկողությունն է, որպեսզի նոր լարվածություն չբռնկվի: Այսինքն՝ ՌԴ-ն այս հայտարարությամբ նպատակ է հետապնդում արձանագրել, որ շարունակելու է այն քաղաքականությունը, ինչը մինչ այժմ էր որդեգրել, այսինքն` անընդհատ փորձել դիմադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների կողմից ներկայումս իրականացվող քայլերին: Ռուսաստանի կողմից այս քաղաքականությունն ուղղակիորեն բխում է Ադրբեջանի շահերից»:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության «վերջակետը» Դ. Շահնազարյանը համարում է հետեւյալ ձեւակերպումը` «վերջնական լուծումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են բխել միայն հենց հակամարտության կողմերից»: «Սա ուղղակի հայտարարություն է, որ Ռուսաստանը դեմ է Միացյալ Նահանգների ջանքերին` շփման գծում քննությունների մեխանիզմ կիրառելուն, որի իրագործումը բխում է հայկական կողմի շահերից: Այսքանից կարելի է եզրակացնել հետեւյալը` Ադրբեջանի նկատմամբ որոշակի ճնշումներ են կիրառվում, որպեսզի Բաքուն համաձայնվի զինադադարի ռեժիմի պահպանման արդյունավետությանն ուղղված ԱՄՆ-ի կողմից իրականացվող քայլերին: Այս պայմաններում, երբ Ռուսաստանն էլ իր հերթին է գտնվում միջազգային ծանր ճնշումների ներքո, Մոսկվան փորձում է Ադրբեջանի համար փրկօղակի դեր ստանձնել: Ռուսաստանի ներկայիս կեցվածքը, կարծում եմ, ուղղված է առաջիկայում ԱՄՆ՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այցերին, որոնք մասնակցելու են միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթնաժողովին, որի շրջանակներում, ըստ որոշ տեղեկությունների, ամերիկյան կողմը ձգտում է կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Պարզ է, որ Ալիեւին հրավիրել են ԱՄՆ ոչ թե Ադրբեջանում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության նրա ջանքերի համար մրցանակ տալու, այլ որոշակի ճնշումներ բանեցնելու՝ ոչ միայն այս սկզբունքները հարգելու պահանջով, այլեւ, որպեսզի Ալիեւը համաձայնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկին` շփման գծում քննությունների մեխանիզմների կիրառման վերաբերյալ»:

Դավիթ Շահնազարյանն ուշագրավ փաստ է համարում այն, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո նույնիսկ համանախագահների տարածած հայտարարությունից հետո Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկությանն աջակցող որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել. «Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո հարցազրույցներով են հանդես եկել թե՛ Լավրովը, թե՛ Կարասինը, սակայն նրանք հարկ էլ չեն համարել անդրադառնալ սահմանային միջադեպերի քննության միջազգային մեխանիզմների ստեղծման ձեւավորման կոնկրետ առաջարկներին: Մոսկվան, փաստացի, ապացուցում է, որ դեմ է այդ նախաձեռնություններին եւ իր դիրքորոշմամբ սատարում է Ադրբեջանի մերժողական քաղաքականությանը: Կրեմլն, ըստ էության, Պեսկովի հայտարարությամբ մեսիջ է հղում Ադրբեջանի նախագահ Ալիեւին, որ նա ԱՄՆ-ում չենթարկվի զինադադարի ամրապնդման անհրաժեշտության ուղղությամբ Վաշինգտոնի ճնշումներին: Այս քայլով Մոսկվան ուղղակի խրախուսում է, որպեսզի Ադրբեջանը շարունակի վերջին տարիներին որդեգրած իր սանձարձակ քաղաքականությունը` շփման գծում լարվածություն ու բախումներ հրահրելով, ռազմատենչ հռետորաբանությամբ, սպառազինությունների գնման շարունակական գործարքներով»:

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ` Մոսկվան լուրջ մտահոգություններ, նույնիսկ անհանգստություններ ունի Վաշինգտոն կատարելիք Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա այցերի առիթով, եւ դրանով է բացատրում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ քաղաքական եւ ռազմական-տեխնիկական շարունակվող համագործակցությունն էլ ավելի խորացնելու Մոսկվայի վերջին շաբաթների քայլերը: Մեր զրուցակիցը մատնանշեց Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի այցերը Բաքու: Ռուսաստանն, ըստ Շահնազարյանի, շարունակելու է զինել Ադրբեջանին: «Քանի որ Պեսկովի հայտարարությունն արվեց Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման հաջորդ օրը, կարելի է ենթադրել, որ այս հարցերը նույնպես Պուտինը մանրամասն քննարկել է Սերժ Սարգսյանի հետ»,- ամփոփեց Դ. Շահնազարյանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031