Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեղավոր Գյումրիում նորածնի մահվան համար

Մարտ 16,2016 14:00

ՄԻ քանի օր առաջ Գյումրիում նորածին երեխա էր մահացել, որի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»: Երեխայի ծնողները պնդում են, որ նորածնի մահվան պատճառը բժիշկների անտարբերությունն ու անփութությունն է, ծննդատների՝ տեխնիկապես հագեցած չլինելը, նորածինների համար արհեստական շնչառական ապարատ չունենալը, անգամ հոսանքի անջատվելը: Ըստ մահվան մասին բժշկական վկայականի՝ արական սեռի նորածինը, նախնական եզրակացությամբ, մահացել է շնչառական անբավարարությունից: Մայրը՝ 38-ամյա Լիանա Դարբինյանը, զարմանում է, որ տեխնիկայի դարաշրջանում 2 կիլոգրամ 800 գրամ քաշով առողջ ծնված երեխան կարող էր նման ախտորոշմամբ մահանալ, ու սա այն դեպքում, երբ, ըստ նրա, թոքային քաղցկեղով ծնված երեխաներ են ողջ մնում, ապրում:
«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Վարդան Սարգսյանն էլ պնդում էր, որ մայրը ծննդաբերելիս ունեցել է բարձր ճնշում, այդ պատճառով էլ բժիշկները չեն սպասել մինչեւ առավոտ, նրան նույն պահին վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել, այդ պահին երեխան ծնվել է շնչառական խնդիրներով: Ծննդատան տնօրենի ասելով՝ այն տարբերակը, որ մայրը եղել է լրիվ առողջ, իրականությանը չի համապատասխանում: Վարդան Սարգսյանի ասելով՝ նորածնին տեղափոխել են ինտենսիվ սենյակ, եթե նա լիարժեք առողջ լիներ, միանգամից կհանձնեին մորը: Ինչեւէ, ո՞րն է եղել երեխայի մահվան պատճառը՝ կա՞ բժշկական սխալ, թե՞ ոչ, երկու կողմն էլ սպասում է մայրաքաղաքից դատաբժշկական եզրակացությանը:

Լիանա Դարբինյանը, որի երկրորդ երեխան է, սակայն ամուսնու առաջնեկը, ծննդաբերել է կեսարյան հատումով Գյումրու ծննդատանը, սակայն, ըստ նրա, մեկ օր անց երեխան վատացել է, նրան տեղափոխել են «Մոր ու մանկան» ավստրիական մանկական հիվանդանոց՝ նորածինների համար նախատեսված արհեստական շնչառական սարքին միացնելու համար, որտեղ եւ սարքերի զբաղված լինելու պատճառով երեխան երկու ժամ անց մահացել է: Նա «Առավոտ»-ին պատմեց հետեւյալը. «Իմ հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի եղել. ես Վանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկան եմ հաճախել, բոլոր փաստաթղթերը կան, ծննդաբերությունից 3 օր առաջ ինձ էլ էխո են արել, բոլոր թղթերը կան, ամեն ինչ նորմալ է եղել: Գիշերը ժամը 4.10-ին բալիկս ծնվեց, երեխան վատացավ հաջորդ գիշեր: Հերթափոխի բժշկուհին ինձ ասաց՝ երեխան նորմալ է, արդեն կարգավորված է, կբերեն ձեր մոտ, թթվածին էր ստանում առանձին սենյակում: Հետո հերթափոխ տեղի ունեցավ, հերթափոխի մանկաբույժին ես հարցնում եմ՝ ինչո՞ւ երեխային չեք բերում, նա էլ ինձ է հարցնում՝ ո՞վ է ասել, որ պիտի բերենք: Ասացի՝ ընդունող բժիշկը, ասաց՝ թող մի օր էլ մնա ապահովության համար, հետաքրքրվեցի՝ խնդի՞ր կա երեխայի հետ կապված, ասաց՝ ոչ, ոչ մի լուրջ բան չկա, պարզապես ապահովության համար ուզում ենք էսօր էլ մնա: Ես էլ ծնող եմ, ասացի՝ եթե երեխայիս ապահովության համար է, թող մնա: Գիշերը ուշ ժամ է, կոնկրետ ժամը չեմ հիշում, որովհետեւ ինձ սրսկել էին, որ ես հանգիստ քնեի, արթնացա, որ անջատել էին լույսերը, կողքիս հիվանդն ասաց՝ հենց նոր անջատեցին: Մոտավորապես 20 րոպեի չափ լույսերն անջատված մնացին, դա 2.30-ի սահմաններում էր, դրանից հետո քնել եմ, լույսերը տվել են, զգացել եմ, որ տվել են ու նորից արթնացել եմ: Լույսերի անջատվելը երեխայիս համար ճակատագրական է եղել, երեխայիս սարքավորում էր միացած, այնտեղ թվերով ցույց էր տալիս՝ երեխան բավարար քանակությամբ թթվածին ստանո՞ւմ է, թե՞ ոչ:

Եթե լույսերն անջատել են, բժիշկը ո՞նց կարող էր հասկանալ՝ բավարար քանակությամբ ստանո՞ւմ է, թե՞ ոչ, խեղդվում է կամ, ասենք, շատ է թթվածինը, թուլացներ»: Լիանա Դարբինյանի պատմելով՝ բժիշկը 2 ժամ անց՝ գիշերը ժամը 4.30-ին, նոր իրեն արթնացրել է, ամուսնու հեռախոսահամարն է վերցրել, որ զանգահարի նրան: Երբ ծծնդկանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են հեռախոսահամարն ուզում, չլինի՞ երեխան լավ չէ, բժիշկը խնդրել է հարցեր չտալ՝ փոխանցելով, որ ամուսնուդ պետք է ասեմ բան բերի տնից երեխայի համար: «Ես էլ մտածեցի՝ դեղ կամ ինչ-որ մի բան է պետք, տվեցի համարը, որ զանգի, բայց սիրտս թրթռաց, մտա այն սենյակը, որտեղ երեխաներին են պահում, երեխաս թնկթնկում, լաց էր լինում, ասացի՝ էս ի՞նչ անհանգիստ վիճակ է, բուժքույրը (մանկաբույժն այդտեղ չէր), ասաց՝ ի՞նչ կա, պիտի երեխան լաց լինի, որ թոքերը բացվեն: Ես գիտեմ, որ դա այդպես է, բուժքույրն ասաց՝ մի անհանգստացիր, ամեն ինչ նորմալ է, գնա պառկի: Ես դուրս էի գալիս, մանկաբույժը ինձ բորբոքված ասաց, թե՝ ի՞նչ եք եկել, հասել այստեղ, ամեն ինչ նորմալ է, իմ աշխատանքը խանգարում եք, ամուսնուդ էլ կանչել եմ: Եկա պառկեցի, ամուսինս եկավ, հարցնում եմ՝ ի՞նչ է եղել, ասում է՝ երեխային տալիս են, որ տանենք «Մոր ու մանկան» ավստրիական մանկական հիվանդանոց, հարցնում եմ՝ երեխան վա՞տ է, ամուսինս ասում է՝ իրենք չեն ասում, թե վատ է, պիտի տեղափոխվի, որովհետեւ չգիտեմ ինչ պատճառով սարքը չի բավարարել:

Ամուսինս տեղափոխեց երեխային, շտապօգնություն են կանչել, մինչ այդ էլ ընկել մեքենա են ման եկել: Իրենք անգամ տեղափոխող մեքենա չունեն: Շտապօգնության մեքենա են կանչել, մի կերպ տեղափոխել են: Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանն ասում է՝ ես ժամը 2-ին պայմանավորվել էի ավստրիական հիվանդանոցի տնօրենի հետ, որ երեխային ընդունեն, բայց ամուսինս պնդում էր, որ այնտեղ չեն էլ ուզել ընդունել երեխային: Ասել են, թե Գյումրու ծննդատնից 3, թե 4 երեխա բերել են, իրենց են միացված ապարատները, մենք ոնց իրենցը հանենք, ձեր երեխայինը միացնենք: Փաստորեն իմ երեխան անօգնական վիճակում է գտնվել, եթե իրենք շուտ ասեին, ես հաստատ իմ երեխային չէի թողնի էդտեղ, ամուսինս Երեւան կտաներ, ինքը բժիշկ տղա է, տես ու ծանոթ է բոլորին»,- բողոքեց ծննդկանը:

Երեխայի մահից հետո հայրը դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, ծննդկանի ասելով՝ իրենց բողոքն ուղղված է կոնկրետ մանկաբույժի դեմ, քանի որ, ըստ նրա, իրեն Գյումրու ծննդատանը շատ լավ վիրահատել են, կեսարյան հատում արել: Լիանա Դարբինյանը զայրացած է մանկաբույժի այն հայտարարությունից, թե երեխան արատով է ծնվել, մենք ի՞նչ կարող էինք անել: «Եթե արատավոր երեխա էր, ինչո՞ւ էիք ծնված պահին ասում՝ առողջ է, անգամ ամուսնուս քանի անգամ ասել են՝ մի սպասի այստեղ, գնա տուն, ամեն ինչ նորմալ է: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ մեղավորը պատժվի»,- ասում է մայրը:

Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանի պարզաբանմամբ էլ՝ երեխան, գտնվելով ինտենսիվ սենյակում՝ թթվածնային բուժման հսկողության տակ (սա հենց բուժքրոջ սենյակն է), վիճակի վատացում չի գրանցվել, անհրաժեշտ քանակությամբ թթվածին ստացել է: Սակայն գիշերը 2.-2.30-ի սահմաններում երեխայի մոտ կտրուկ վատացել է շնչառությունը, բժշկուհին թթվածինն է շատացրել, դեղորայք է արել, բայց շնչառությունը չի լավացել: Բժիշկը՝ զգալով, որ նա ունի արհեստական շնչառական ապարատի կարիք, որը չկա Գյումրու ծննդատանը (նրանց սարքավորումը կանխածին երեխաների համար է, ոչ հասուն երեխաների) զանգահարել է Վարդան Սարգսյանին, վերջինս էլ իր հերթին դիմել է Գյումրու ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանին: Վերջինս ասել է՝ երեխային ուղարկիր: Վարդան Սարգսյանի պատմելով՝ ինքը ուղարկել է, թե ինչի համար է ընդունումն ուշացել, ըստ նրա՝ ամեն մեկը յուրովի է մեկնաբանում: Վարդան Սարգսյանի ասելով՝ ծննդատանը հոսանքի անջատվելը պատճառ չէր կարող դառնալ երեխայի վիճակի վատացման, քանի որ թթվածինը մեխանիկական կարգավորման տակ է, բացի այդ՝ իրենք հոսանքի երկու գիծ ունեն, ունեն նաեւ էլեկտրագեներատոր:

Վարդան Սարգսյանի ասելով՝ երեխայի մահվան պատճառը իրեն էլ է անհայտ մնում, թեեւ նախնական եզրակացությամբ՝ սուր շնչառական անբավարարություն է, սակայն բժիշկների համար այն անհասկանալի է մնում: Այժմ քննիչներն են գալիս հարցաքննության, մայրաքաղաքից սպասում են դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքներին. երեխայի թոքերը Երեւան են ուղարկել, ու մոտ 20 օրից պարզ կդառնա մահվան պատճառը:

 

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
15.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031