Ռոզա Ավագյանի` զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում տված հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սարգսյանի վարույթում էր գտնվում ՊՆ աշխատակցի դեմ գործը: Ինչպես տեղեկացրել ենք, տուժող ճանաչված Ռ. Ավագյանի ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը դիմել է ՀՀ զինվորական դատախազին:
Քրեական գործի նախապատմությունը հետեւյալն էր. Ռ. Ավագյանը տառապել է երեւանյան հիվանդությամբ, նրան բուժելու նպատակով խորհուրդ են տվել օգտագործել սպիտակ նավթի մեջ խառնած չհասունացած ընկույզ: ՊՆ աշխատակից Իրինա Սարգսյանին, ըստ հաղորդում տված կնոջ ամուսնու՝ Գրիգոր Միքայելյանի, 4000 դոլար գումար են տվել, ծառայության վայրից 1 տոննա թորած նավթ բերելու համար: Գումարը ստանալուց հետո Ի. Սարգսյանը նավթը չի բերել:
Ըստ քննիչի վարույթը կարճելու մասին որոշման, պարզվել է, որ Ի. Սարգսյանը պաշտպանության նախարարության զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է: Վերջինս հայտնել է, թե իր եղբայրն է պարտքով գումար խնդրել Ռուսաստան մեկնելու համար: Նա չի հրաժարվել Գրիգորին պարտքը տալու խոստումներից, ինչի պատճառով իրենց հարաբերությունները տուժողի ընտանիքի հետ վատացել են:
Ինչ վերաբերում է նավթին, տուժողը հայտնել էր, թե Իրինան խոստացել է զորամասից 1 լիտրը 1500 դրամով բերել: Տուժող կնոջ նախաքննության մարմնին տված ցուցմունքի համաձայն, 50 լիտր թորած նավթից 20 լիտրը Իրինան հասցրել է իրենց տուն, դրա դիմաց ստացել 30 000 դրամ, իսկ 30 լիտր նավթն էլ օդանավակայանի ճանապարհին գտնվող խանութից ամուսինը 45 000 դրամով գնել է:
Կարդացեք նաև
Գրիգոր Միքայելյանն էլ այս գործով թվով 4-րդ քննիչի մոտ հայտնել է, որ Իրինան իմանալով կնոջ հիվանդության մասին, առաջարկել է, թե «դեղամիջոց չգնեն, այլ պատրաստեն թորած նավթը ընկույզի հետ խառնելով, եւ որ ինքը կարող է այն բերել «Էրեբունի» փոքր օդանավակայանից»: Ըստ բանավոր պայմանավորվածության, ՊՆ զինծառայողին ինքը տվել է 4000 դոլար գումար. «Իրինան նավթը չի բերել, պատճառաբանելով, թե աշխատավայրում ստուգողներ կան, իսկ հետո իրենք կասկածել են, որ նա խաբում է»:
Մեկ դրվագ կար, երբ Իրինայի ամուսինը զանգել եւ հայհոյել է տուժողին, վերջինս իրեն սպառնալու համար դիմել է ոստիկանություն:
Ռ. Ավագյանի հաղորդման հիման վրա ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր, սակայն այդ ժամանակ էլ քրեական գործ չի հարուցվել:
Ի դեպ, վկաների մեջ են եղել նաեւ ՊՆ աշխատակիցներ: Մասնավորապես, Ի. Սարգսյանի ենթական, որը լսել է, թե մի անգամ ինչպես են իրենց զորամասում լսվել բարձր ձայներ, զորամասի հերթապահը ինչպես է զանգել իրենց, ասել, թե «ինչ-որ քաղաքացիներ են եկել, վիճաբանում են, բարձր գոռգոռում», ու այդ ամենը զորամասի կապի հանգույցի մասնաշենքում:
Զորամասից քաղաքացիներին դուրս են հրավիրել, քանի որ, ըստ վկայի, դա կապ չուներ իրենց զորամասի հետ:
Նախաքննության ժամանակ քննիչը որոշում էր կայացրել տուժողի տանը եղած նավթն առգրավելու մասին: ՊՆ-ի կողմից առգրավված նավթի կապակցությամբ դատանյութագիտական փորձագետները հայտնել էին, թե նավթամթերքն իրենից ներկայացնում է դիզելային վառելիք, որը նախատեսված է որպես վառելանյութ՝ ներքին այրման շարժիչներով աշխատող մեքենաների շարժիչների համար: Տուժող կողմը 40 080 դրամ է մուծել՝ դիմելու համար «Ստանդարտների ազգային ինստիտուտի» նավթամթերքի փորձարկման լաբորատորիա: Ըստ այս փորձագետների էլ՝ «նմուշը վառելիք է, եւ այն համատասխանում է ռեակտիվ շարժիչների վառելիքներին ներկայացված պահանջներին»:
Տուժողի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանն իր՝ զինդատախազին գրած դիմումում տեղեկացնում է, որ նավթը չբերելու, գումարը չվերադարձնելու մասին իրենց ցուցմունքներում հայտնել են շատերը՝ Գրիգոր Միքայելյանը, Գոհար Դավիդովան, Գոհար Հովհաննիսյանը…
Ըստ փաստաբանի. «տուժողի եւ վկաների ցուցմունքները պատշաճ գնահատանքի չեն արժանացել՝ նախաքննությունն իրականացնող քննիչների կողմից, ընդհակառակը, գործի քննության ընթացքում նրանք ձեռնպահ են մնացել որոշակի քննչական գործողություններից, թույլ են տվել ապօրինություններ, հոգեբանական ճնշումներ»:
Ի դեպ, առաջին քննիչը՝ Արթուր Ասատրյանը, ըստ փաստաբանի, գնացել է տուժողի ամուսնու կողմից մատնանշած խանութ, ուր ի պահ էր տրված նավթը, առանց ընթերակաների մասնակցության, ինչ- որ արձանագրություններ արել առանց արձանագրելու: Նրան փոխարինել է մեկ այլ քննիչ՝ Բենիամին Հարությունյանը:
Նա էլ իր աշխատասենյակում քննիչին չբնորոշ գործողություններ է իրականացրել. հայհոյել, սպառնացել տուժողի ամուսնուն:
Սպառնալով՝ գործը շուռ տալ Գրիգորի դեմ:
Փաստաբան Ստեփան Ոսկանյանը խնդրում է զինդատախազից քննության առնել իր բողոքը, այն համարել հիմնավոր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.03.2016