Լրահոս
Օրվա լրահոսը

Վաստակած 90 տարի

Մարտ 16,2016 13:00

Այս տարվա մարտի 4-ից մեկնարկել է Հայաստանի
ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգաշարը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 19-ին կկայանա գալա համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հոբելյանին: Այս մասին «Առավոտին» հայտնեց նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզաննա Սիրունյանը:

ՀԱՖՆ-ն հիմնադրվել է 90 տարի առաջ՝ երաժշտագետ, դիրիժոր Արշակ Ադամյանի եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից: Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա. Ադամյանը, Ալ. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Ռ. Վարդանյանը, Ա. Քաթանյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիեւը, Վ. Պապյանը, Լ. Ճգնավորյանը:

2000 թվականից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Հիմնադրման օրվանից մինչ օրս կոլեկտիվը կատարել է սիմֆոնիկ երաժշտության գրեթե ողջ դասական երկացանկը, հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ հանդես եկել համաշխարհային օպերային գրականության հայտնի նմուշների համերգային կատարումներով, բեմականացումներով եւ բեմադրություններով: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել իսկապես համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ, այդ թվում՝ Դ. Օյստրախը, Ս. Ռիխտերը, Մ. Ռոստրոպովիչը, Է. Գիլելսը, Ս. Իսերլիսը, Մ. Մայսկին, Ս. Նակարյակովը, Բ. Բերեգովսկին, Ն. Գուտմանը, Ջ. Ջակոմինին, Ի. Ֆաուստը, Ջ. Ֆիշերը, Պ. Ցուկերմանը, Գ. Կրեմերը, Յ. Բաշմետը, Պ. Դոմինգոն, Կ. Գերշտեյնը: Հաճախ նվագախումբը հյուրընկալել է ճանաչված մեր հայրենակիցներին՝ Սերգեյ Խաչատրյանին, Քիմ Քաշքաշյանին, Սերգեյ Բաբայանին, Իզաբել Բայրաքդարյանին, Նարեկ Հախնազարյանին եւ այլ հայտնիների: Նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ են կանգնել լեգենդար դիրիժորներ Ալեքսանդր Մելիք-Փաշաեւը, Վիլլի Ֆեռերոն, Կառլո Ցեկկին, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը, Վալերի Գերգիեւը, եւ այլք:

Ruzanna_Sirunyan

Արաքս եւ Տիգրան Մանսուրյանները, Իրինա Զաքյանը եւ Ռուզաննա Սիրունյանը (աջից):

1989թ. սկսվել են ՀԱՖՆ-ի համերգային շրջագայությունները՝ ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան, Իսպանիա, Պորտուգալիա, Անգլիա, Հունաստան, Իրան, Կիպրոս, Թուրքիա, ԱՄԷ, Ճապոնիա, Ռուսաստան եւ այլն: Վերջին շրջանում նվագախումբը հանդես է եկել 15 համերգներով Ճապոնիայում, Սլովակիայում, Գերմանիայում, մասնակցել Իտալիայի Ռիմինի, Չիտտա դե Կաստելլո, Մերանո եւ Ռավելլո քաղաքներում ավանդաբար անցկացվող 4 փառատոներում: 2015-ին կայացան նվագախմբի հյուրախաղերը Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Սկանդինավյան երկրներում եւ ԱՄՆ-ում: «Առավոտի» հետ զրույցում Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ ընթացիկ համերգաշրջանում Է. Թոփչյանի ղեկավարությամբ նախատեսված են համերգներ՝ Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում եւ Չինաստանում: 2015թ. Ֆիլհարմոնիկը 9-րդ անգամ անցկացրեց Երեւանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որտեղ հրավիրված էին ինչպես ճանաչված, այնպես էլ լեգենդար երաժիշտներ, որն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանո ներքո:

Ռուզաննա Սիրունյանը նաեւ հավելեց, որ Ֆիլհարմոնիկի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները սկսվել են այս տարվա մարտի 4-ից, անցկացվել է համերգ՝ նվիրված Ալեքսանդր Թամանյանին, երեկո՝ ի պատիվ ՀԱՖՆ-ի գործընկեր հովանավորներ «filarminikՎիվաՍել ՄՏՍ»-ի, ՀԲԸՄ-ի, «Արարատ» կոնյակի գործարանի: Օրերս էլ Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացավ «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի ցուցահանդեսը եւ շնորհանդեսը՝ նվիրված Ֆիլհարմոնիկի վետերաններին:

«Ծրագրված է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացնել գիտաժողով՝ նվիրված Ֆիլհարմոնիկի երախտավորներին, որտեղ ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, ՀՀ կոմպոզիտորների միության եւ Երեւանի կոնսերվատորիայի ճանաչված մասնագետները, այցելություն Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորների շիրիմներին, իսկ ապրիլի 19-ին կբացվի Արշակ Ադամյանի հուշաքարը: Մարտի 29, 31-ին հրավիրում ենք Պուչինիի «Բոհեմ» օպերայի (ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան) բեմականացված տարբերակի դիտմանը, այնուհետեւ մեկ երեկո կտրամադրենք միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, իսկ հետո գերմանացի դաշնակահար Կատարինա Թրոյթլերը իր ելույթով կշնորհավորի Ֆիլհարմոնիկի հոբելյանը, եւ այլն: Ապրիլի 13-ին կկայանա «ՀԱՖՆ 90» ֆիլմի (ռեժիսոր՝ Ավագ Ավագյան) պրեմիերան: Մինչ հոբելյանական գալա համերգը՝ առաջին անգամ Ֆիլհարմոնիկի մատուցմամբ կհնչեն Բրամսի չորս սիմֆոնիաները… անակնկալները իսկապես շատ են, բոլորը թվարկել հնարավոր չէ»,- ասաց տիկին Սիրունյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
15.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031