Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային փոքրամասնությունները չեն բողոքում Ընտրական օրենսգրքից

Մարտ 16,2016 12:30

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կրքերը շարունակում են լարված մնալ, քանի որ կարծիք կա, որ համամասնական ընտրակարգի քողի տակ առաջարկվում է այնպիսի մեխանիզմ, որի ժամանակ ավելի են ընդգծվելու մեծամասնական ընտրական համակարգի արատները:
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները, սակայն, կարծես, չեն շտապում դժգոհել փաստաթղթից: «Առավոտի» հետ զրուցած մարդիկ գոհ են, որ վերջապես Ազգային ժողովի պատգամավորների 4 մանդատ բաշխվելու է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջեւ: Օրենսգրքի համաձայն, ամենամեծ գործակիցն ունեցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ստանում է ազգային փոքրամասնության ներկայացուցչի մեկ մանդատ: Ազգային փոքրամասնության ներկայացուցչի հաջորդ թափուր մանդատն ստանում է մյուս կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համեմատ առավել մեծ գործակից ունեցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է, մինչեւ բոլոր չորս մանդատները բաշխվեն: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները բաշխելիս առաջին մանդատը տրվելու է համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ մասի՝ ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորության թեկնածուներից առաջին համարի թեկնածուին, երկրորդը՝ համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի՝ թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորության թեկնածուներից առաջին համարին, երրորդը՝ համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի՝ թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորության թեկնածուներից առաջին համարին, չորրորդը՝ թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորության թեկնածուներից առաջին համարին:

«Առավոտի» հետ զրույցում «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը ուրախ է, որ ԱԺ-ում վերջապես տեղեր են հատկացվելու իրենց համար: Ասում է. «Դա անհրաժեշտություն էր, ցավոք, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մեր օրենսդիր մարմնում միշտ բացակայում էին, չնայած հասարակությունը միշտ էլ ցանկացել է նրանց տեսնել խորհրդարանում: Նախկինում չէր ստացվում, բայց հիմա՝ փառք Աստծո, այդ հնարավորությունը տրված է: Դա ոչ միայն իրավունք է, այլեւ հնարավորության իրավունք, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը մասնակցի մեր երկրի օրենսդրությանը»: Ամո Շարոյանը մտավախություն չունի, որ ազգային փոքրամասնություններին բաժին հասած մանդատները կծառայեցվեն իշխող ուժին: «Մեր պետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքները բարձրագույն արժեք են եւ քաղաքականությունը որոշելիս՝ հաշվի է առնվում նրանց ձայնը»,-լավատես է մեր զրուցակիցը:

«Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը «Առավոտի» հետ զրույցում դրական գնահատեց Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելը, բայց մյուս կողմից էլ հավելեց. «Իհարկե, գոհ ենք, որ այդպիսի կետ կա, ըստ որի՝ ազգային փոքրամասնությունները կարող են լինել օրենսդիր մարմնում, բայց մյուս կողմից էլ՝ մեխանիզմը դեռ պարզ չէ: Այնպես որ, մենք ավելի ուշ կարծիք կհայտնենք, կսպասենք, տեսնենք, թե ինչ է լինելու՝ նոր»:

«Պոլոնիա» Հայաստանի լեհերի միության նախագահ Մաժենա Կուրախ-Աղամիրյանը եւս սեղմ արտահայտվեց. «Ամեն ինչ լավ է, շատ գոհ ենք»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sputnik.co.am

 

«Առավոտ» օրաթերթ
15.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031