Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց ծննդաբերություն Գյումրիում. բժիշկները փրկել են 34-ամյա կնոջ ու նորածնի կյանքը (Տեսանյութ)

Մարտ 15,2016 23:50

Մարտի 13-ի գիշերը արտառոց ծննդաբերության դեպք է գրանցվել Գյումրու ծննդատանը: Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանի պատմելով, շտապօգնության մեքենայով իրենց մոտ են հասցրել 34-ամյա մի կնոջ՝ Աստղիկ Ապրելյանին, որը գրեթե ճնշում չի ունեցել, գիտակցություն նույնպես, արգանդը պատռված է եղել: Ըստ Վարդան Սարգսյանի, եթե կինը ապրեր նորմալ սոցիալական պայմաններում, շրջապատված լիներ հարազատներով, ժամանակին դիմեր բուժօգնություն ստանալու, նման ծայրահեղ վիճակում չէր հայտնվի: «Կրկնակի վիրահատված հիվանդի մոտ ծննդաբերական բուռն գործունեության ընթացքում տեղի է ունեցել արգանդի պատռվածք, ու նրա քույրը մի կերպ շտապօգնության մեքենայով ՝ առանց ճնշման, պուլսի, տեղափոխել է Գյումրու ծննդատուն: Այստեղ օգտագործվել է բժշկական ողջ հմտությունը երեք երեխայի մոր կյանքը փրկելու»,- ասաց Վարդան Սարգսյանը:

IMG_2463

Կինը ունի երկու մանկահասակ դուստրեր, երրորդ երեխան տղա է ծնվել, բժիշկները կարողացել են փրկել անգամ երեխայի կյանքը: Գյումրու արյան փոխներարկման բուժկայանի անձնակազմն էլ կրկնակի դոնորներ է հրավիրել, կարողացել է ժամանակին ու համարժեք արյան փոխներարկում ապահովել: «Փառք Աստծո, ծննդկանը կենդանի է, իր բալիկների գլխին, որը մեր գործի ամենամեծ գնահատականն է», -ասում է ծննդատան տնօրենը:

Կնոջը վիրահատած բժիշկներից մեկն էլ՝ Լիլիկ Պողոսյանը, պատմեց, որ ինքը ծնունդ էր ընդունում, երբ զանգել են, թե շատ շտապ արի: Գյումրու ծննդատուն են հրավիրել մարզի լավագույն մանկաբարձ-գինեկոլոգներին, անեսթեզիոլոգների: «Ինքը ծանր էր, ճնշում չուներ, պուլս չուներ, գիտակցություն էլ չուներ համարյա, արգանդը պատռված, որովայնի խոռոչում մեծ քանակությամբ արյուն կար»,- նկարագրում է բժշկուհին: Բժիշկները սկսել են գործողությունը, ծնվել է 2 կիլոգրամ տղա երեխա:

IMG_2459

Ըստ բժշկուհու, արտառոցն այն է, որ պտուղը կենդանի է մնացել: Այնուհետ սկսել են կնոջ վիրահատությունը, որը տեւել է 7 ժամ: Նորածնին ուղարկել են մայրաքաղաք՝ հսկողության տակ, իսկ մայրն արդեն լավ վիճակում է: Բժշկուհու պատմելով, հաջորդ օրը սկսել են շորեր հավաքել այս ընտանիքի համար, այնպիսի վիճակ է եղել կնոջ մոտ, որ, ըստ Լիլիկ Պողոսյանի, մարդու լացն էր գալիս: Լիլիկ Պողոսյանի ասելով, այս դեպքով բժիշկները փրկեցին Գյումրիի պատիվը:

34-ամյա կինը ՝ Աստղիկ Ապրելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցավեր ուներ, սակայն կողքը մարդ չկար, ամուսինը տանը չէր, ստիպված քրոջ օգնությանն է դիմել: Նրանք ապրում են Կազաչի պոստ կոչվող թաղամասում գտնվող տնակում, աղջիկները 13, 14 տարեկան են , ամուսինը բանվոր է, իսկ ինքը գնում է դաշտերը կարտոֆիլ հավաքում: Կինը, թեեւ բժիշկների ներկայացմամբ, ծայրահեղ պայմաններում է ապրում, իր սարսափելի վիճակը պայմանավորված էր հենց ապրելակերպով, սակայն նա մեզ հետ զրույցում հպարտորեն ասում էր, թե ապրում ենք էլի, յոլա ենք գնում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031