Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որեւէ քաղաքականության հռչակումն ընդդեմ կրիմինալի, լավագույն դեպքում կարող է կրել սահմանափակ բնույթ». Արձագանքում է ՀՀ ոստիկանապետին

Մարտ 15,2016 22:40

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ, Հայաստանում վերջին տարիներին ձեւավորվել է քրեական ռեժիմ, երկրի բարձրագույն պաշտոնյաները ձեւավորել են կազմակերպված հանցավոր խումբ:

«Այդ հանցավոր համագործակցության միջոցով տապալել են երկրում սահմանադրական կարգը: Այդ փաստը, որ Հայաստանում տապալվել է սահմանադրական կարգը, պաշտոնապես արձանագրված է նաեւ պետության կողմից, դրա վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը արել է իր եզրակացությունը, որ Հայաստանում սահմանադրության մի շարք հոդվածներ չեն գործում, ունեն դեկլարատիվ բնույթ»,- անդրադառնալով կրիմինալի դեմ պայքարի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարություններին ՝ ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, երբ պետության մեջ ստեղծվում է մի վիճակ, որ կազմակերպված քրեական խմբի կողմից պետությունը զավթված է, երկրում առաջանում է յուրահատուկ իրավիճակ. «Անզոր են իրավապահ մարմինները, ինստիտուտները այդ քրեական գործը, այդ հնարագործությունը բացահայտել, քննել, վերացնել այդ երեւույթը: Միաժամանակ այդ երեւույթը առաջացնում է բազմաթիվ այլ հանցագործություններ տարբեր ոլորտներում: Երկիրը դառնում է նարկոտրաֆիկի համար թափանցիկ տարածք: Մենք 2014 թվականի հունվարին տեսանք՝ ինչպես ՌԴ սահմանապահները բացահայտեցին Հայաստանի սահմանին՝ Մեղրիում մեկ տոննայի չափով հերոին, բացահայտեցին, որ տարիներ շարունակ գործում է այդ խողովակը, որով թմրանյութերի փոխադրում էր իրականացվում Հայաստանով դեպի Եվրոպա: Բացի դա կոռուպցիան նման վիճակում դառնում է համակարգված երեւույթ:

Բոլոր բարձրագույն պաշտոնները վաճառվում են: Մարդիկ, որոնք ձեւավորում են իշխանություն, հանգուցային պաշտոնները ձեռք են բերում վճարման դիմաց: Այս վիճակը իրավապահ մարմիններին սահմանափակում է օրենքով սահմանված պարտականությունները կատարել: Հայաստանը մաֆիայի ձեռքում հայտնված պետություն է, իսկ նման իրավիճակում որեւէ քաղաքականության հռչակումն ընդդեմ կրիմինալի, լավագույն դեպքում կարող է կրել սահմանափակ բնույթ, այսինքն` խոսքը կարող է գնալ սելեկտիվ պայքարի մասին որոշակի սեգմենտների նկատմամբ: Դա երեւի հիմա հասունացել է ու արվում է, քաղաքական իրավիճակից ելնելով, որ մատուցեն Արեւմուտքին, որ այս քրեական ռեժիմի մոտ կամք կա, տպավորություն ստեղծեն, որ մաքրման գործընթաց է սկսվում: Հասկանալի է, որ նման ծրագրերը դատապարտված են, դրանք չեն կարող դառնալ իրականություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031