Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Դանիելյան. «Ընտրարշավը դեռ չսկսված՝ արդեն իսկ կիրառվում են կեղտոտ տեխնոլոգիաներ»

Մարտ 15,2016 22:03

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պնդում է. «Որևէ խնդրահարույց իրավիճակ գոյություն չունի, այլ պարզապես փորձ է արվում Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ կատարել շահարկումներ»:

– Պարոն Դանիելյան, ինչպիսի՞  մթնոլորտ է տիրում  նախընտրական Հրազդանում:

– Ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական Հրազդանում մշտապես տիրել և տիրում է խաղաղ ու կառուցողական մթնոլորտ: Հրազդանն ու հրազդանցին խաղաղ են, մնացածի մասով չեմ կարող ասել:

– Պարոն քաղաքապետ, մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ թեև տարին դեռ  նոր  է սկսվել, սակայն Դուք  Հրազդան քաղաքի  2016 թ.-ի բյուջեով բնակչությանը  ֆինանսական օգնություններ տրամադրելու համար հատկացված ավելի քան 9 մլն դրամի կեսից ավելին արդեն բաժանել եք:

– Գիտեք, ասվում, խոսվում և քննարկվում են որոշակի հարցեր, որոնց առաջին տողերը կարդալուց անմիջապես կռահում ես, որ հեղինակը բոլորովին չի խորացել հարցի էության մեջ, գտել է մի թեմա և տարել բացառապես շահարկման ճանապարհով:

– Բայց, այնուամենայնիվ, կարծես թե Ձեզ ուղղված մեղադրանքներ են հնչում այդ ասպարեզում և կապում են նախընտրական այս շրջանի հետ:

– Երբեք չեմ նախընտրել ասեկոսեներից պաշտպանվելու կամ հակադարձելու քաղաքականությունը, բայց եթե շատ եք հետաքրքրված՝ ասեմ, որ Հրազդան համայնքի տարեկան բյուջեով մշտապես նախատեսվել և նախատեսվում է համապատասխան գումար՝ համայնքի բնակիչներին ֆինանսական օգնություններ տրամադրելու համար, որոնք սահմանվում են բյուջեի կիսամյակային համամասնություններով և հատկացվում են համայնքի կարիքավոր բնակիչներին՝ ավագանու հետ պարտադիր քննարկման պայմանով:

Պարզապես հարկ է նկատել, որ խնդրո առարկա ավելի քան 9 մլն դրամը նախատեսվել է 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ֆինանսական օգնություն տրամադրելու համար, որից առաջին եռամսյակի շրջանակներում կատարված և մամուլում հրապարակված շուրջ 4 միլիոնի չափաբաժնով բաշխումն օրինաչափ է գրեթե բոլոր տարիների համար և որևէ կապ չունի ընտրական տարվա հետ:

Ասեմ ավելին, եթե միայն նշում ենք, որ 2015 թվականին տարեկան բյուջեում պլանավորվել էր 29 մլն 600 հազար դրամի չափով ֆինանսական օգնություն, որի կիսամյակային՝ 14 մլն 800 հազար դրամից առաջին եռամսյակի ընթացքում արդեն իսկ նախորդ տարում հատկացվել էր շուրջ 6 մլն 700 հազար, ապա կարելի է փաստել, որ այստեղ որևէ խնդրահարույց իրավիճակ գոյություն չունի, այլ պարզապես փորձ է արվում Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ կատարել շահարկումներ:

– Փաստացի դա դիտարկվեց որպես նախընտրական շրջանում քաղաքի բնակիչներին գումարներ շռայլելու միտում:

– Ցավալին այն է, որ ընտրարշավը դեռ չսկսված՝ արդեն իսկ կիրառվում են կեղտոտ տեխնոլոգիաներ, որոնք մեր կողմից բոլոր ժամանակներում եղել են անընդունելի: Մեր մրցակիցները բոլոր տեղերում բարձրաձայնում են ընտրական գործընթացներում անմաքուր քայլեր չանելու մասին, բայց հենց իրենք են, դեռ ոչինչ չսկսած, այդ քայլերն անում:

Բայց մի բան պետք է լավ իմանան, որ եթե իրենք այդ տեխնոլոգիաներով ուրիշ տեղերում գուցե հաջողության հասել են՝ մեր քաղաքում այդ մեթոդներով ոչինչի չեն հասնի: Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ գնում ենք կատարյալ գրագետ քարոզարշավի, ապահովելու ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ ու այս քարոզարշավի հիմքում դնելու ենք բացառապես Հրազդանի ու հրազդանցու գաղափարը, ոչ մի սև տեխնոլոգիա չի կարող նսեմացնել մեր այդ մոտեցումը, ես դա վստահեցնում եմ:

– Դուք կարծում եք, որ այս ամենի մեջ միտումնավորության բաժինն ավելի շա՞տ է, քան սոցիալական ուղղվածության վերլուծությունները:

-Ձեռագրեր կան, որ Հրազդան քաղաքին հայտնի են շատ վաղուց և մեր քաղաքին արդեն հոգնեցրել են: Հարգելիս, մենք այս բոլոր շահարկումներն արդեն տեսել ու ընկալել ենք գրեթե բոլոր ընտրություններից առաջ: Եթե Դուք նոր եք լրատվական դաշտում, ապա ասեմ, որ այս ամենից մենք այլևս չենք զարմանում: Պարզապես Ձեզ և Ձեր մասնագիտությունը հարգելով այսքան ընդարձակ ներկայացրեցի: Հակառակ պարագայում պետք է ընդամենը ասեի, որ թերթեք հրազդանյան ընտրությունների տարեգրությունը և «շահարկումներ» բաժնում այսօրվա հետ շատ նույնությունների կհանդիպեք:

–  Պարոն Դանիելյան, ըստ Ձեզ ինչպե՞ս է հիմա հրազդանցու սոցիալական վիճակը:

– Հրազդանցիներն աշխատող և արարող մարդիկ են: Իհարկե, երբեմնի արտադրական հզոր ձեռնարկություններ ունեցած քաղաքում այդ հարցի վերլուծությունը այլ կերպ պետք է դիտարկել, բայց պետք է ասեմ, որ այս տարիներին պետական ու համայնքային միջոցներով ամենատարբեր ծրագրեր իրականացվել և իրականացվելու են համայնքի բնակիչների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ:

Հրազդանցու հոգսով ապրելը իմ կենսաձևն է ու պարտականությունը։

Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031