«Առաջին Հայկական ճակատ» Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումը դժգոհում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որ վերջինը խոչընդոտում է մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման տոմս ձեռք բերել իրենց մշտական հարավային տրիբունայում:
Այսօր ՖԱՖ-ի մոտ 20-30 անդամներ հավաքվել էին «Հանրապետական» մարզադաշտի մոտ գտնվող տոմսարկղի առջեւ, բայց այդպես էլ չկարողացան իրենց անհրաժեշտ քանակությամբ տոմս գնել: Նրանց բացատրեցին, որ մեծաքանակ տոմսեր ձեռք բերելու համար հարկավոր է դիմել ադմինիստրացիային:
«Առաջին ազգային ճակատ» Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժման անդամ Էդգար Պետրոսյանը Aravot.am-ին պատմեց. «Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքն սկսվելու առաջին օրը մեր համակարգողն առաջիններից մեկն է մոտեցել տոմսարկղին՝ հարավային տրիբունայի մեր մշտական սեկցիայի տոմսեր ձեռք բերելու համար: Սակայն նրան տեղեկացրել են, որ ներքեւի հատվածի 90 տեղ արդեն վաճառված է, իսկ վերեւի հատվածում տեղերը վաճառված են հատվածաբար:
Դա նշանակում է, որ մեզ համար տեղերն աղճատված են: Հաջորդ օրերին մեր ներկայացուցիչները կրկին մոտեցել են տոմսարկղին՝ տեղեկանալու, թե հարավային տրիբունայի մյուս հատվածներում իրար կողք անհրաժեշտ ազատ տեղեր կա՞ն: Այս անգամ էլ պատճառաբանել են, թե տվյալ պահին տոմսերի վաճառք չի իրականացվում, քանի որ համակարգչում վաճառքի ծրագիրը խափանված է: Այդպես շարունակվել է երկու օր:
Կարդացեք նաև
Դրանից հետո ասել են, թե տրիբունայի բոլոր տեղերն արգելափակված են եւ տոմսերը վաճառվում են կոլեկտիվ դիմում հայտերով եւ բոլոր տեղերը սպառված են: Մեզ հետաքրքրում է, թե ինչո՞վ է բացատրվում ֆուտբոլասերների հատուկ սերը հարավային տրիբունայի ու հատկապես մեր սեկցիայի նկատմամբ:
Այսօր եկել ենք գոնե հյուսիսային տրիբունայի տոմսեր ձեռք բերելու: Հիմա էլ պատճառաբանում են, թե երկրպագուին կարող են հատկացնել սահմանափակ քանակությամբ՝ մինչեւ երեք տոմս: Համաձայնեցինք: Մոտ երեսուն հոգի ենք: Ասացինք յուրաքանչյուրիս երեք տոմս տվեք: Այս անգամ էլ հորդորեցին դիմել ադմինիստրացիա: Բայց պարզվեց, որ ադմինիստրացիան հիմա մեզ ընդունել չի կարող: Կարողացանք գնել տասը տոմս, որից հետո մեզ ասացին, որ այսօր այլեւս վաճառք չկա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Խնդրո առարկայի շուրջ սպասում ենք ՀՖՖ մեկնաբանությանը: