Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում մի քանի օր առաջ նորածին երեխա էր մահացել. փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»:
Գյումրու ծննդատանը կեսարյան հատումով ծննդաբերած երեխայի մայրը՝ 38-ամյա Լիանա Դարբինյանը, պնդում է, որ 2 կիլոգրամ 800 գրամ քաշով ծնված իր արու զավակի մահվան պատճառը մանկաբույժի անփութությունն է եղել, ինչպես նաեւ Գյումրու ծննդատանը համապատասխան տեխնիկական սարքավորումների բացակայությունը ու հոսանքի անջատումը: Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանի ասելով է, մայրը ծննդաբերելիս բարձր ճնշում է ունեցել, այդ պատճառով էլ գիշերն անհապաղ կեսարյան հատման են ենթարկել, շնչառական խնդիրներ է ունեցել նաեւ նորածինը, որին տեղափոխել են ծննդատան ինտենսիվ սենյակ ու թթվածին միացրել: Սակայն, երեխայի ծնողները պնդում են, որ իրենց երեխան առողջ է ծնվել ու մահացել է այն պատճառով, որ ծննդատան լույսերը մոտ կես ժամով անջատվել են, մանկաբույժն էլ հետեւողական չի եղել, թե համապատասխան քանակությամբ թթվածին ներարկվո՞ւմ է, թե ոչ:
Այսօր մենք եղանք Գյումրու ծննդատանը, որտեղ դեռ բժիշկների հսկողության տակ է գտնվում կեսարյան հատման ենթարկված Լիանա Դարբինյանը: Վերջինս մեզ ցույց տվեց մահացած նորածնի շապիկը, որի մի թեւն արյունաթաթախ էր (Տես լուսանկարում): Կինն ասաց, որ բժիշկները իր երեխայի ձեռքը «լղճել են»: Ըստ նրա, երեխան վատացել է ծնվելուց մեկ օր հետո գիշերը ժամը 2.30 սահմաններում, սակայն այս մասին բժիշկները ոչ մի բառ չեն ասել, մի բան էլ երկու ժամ անց՝ գիշերը ժամը 4.30 սահմաններում նոր միայն մանկաբույժը եկել, իրեն արթնացրել է ու ամուսնու հեռախոսահամարն է ուզել:
Կարդացեք նաև
Երեխայի հայրը՝ ատամնաբույժ Հակոբ Պետրոսյանն էլ պատմեց, որ իր գալուց հետո 2-2,5 ժամ շարունակ Գյումրու ծննդատանը չէին կարողանում կարգավորել երեխային «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոց տեղափոխելու հարցը, տեղափոխող մեքենա չի եղել, մի կերպ շտապօգնություն են կանչել գիշերվա կեսին ու տեղափոխել: Երեխային ավստրիական հիվանդանոց տեղափոխում էին, որպես նորածինների համար նախատեսված արհեստական շնչառական սարք միացնեն, ծննդատանը այդ սարքից չկա:
«Գյումրու ծննդատնից ավստրիական հիվանդանոց ոտքով 10 րոպե է, բայց իմ երեխային երկու ժամ շարունակ չէին կարողանում տեղափոխել, չէին կարող կազմակերպել տեղափոխումը. Գյումրու ծննդատանն էլ ոչ մի պատասխանատու արթուն չէր, բոլորը քնած էին իրենց տներում, պիտի զանգես, տներից կանչես: Երեխայիս շտապօգնության մեքենայով տարա ավստրիական հիվանդանոց, այստեղ հրաժարվում էին ընդունել, ասում էին շնչառական սարքերը զբաղված են, ազատ սարք չկա:
Պարզվում է այստեղի տնօրենին էլ զգուշացված չէր, նա էլ այնտեղ չէր, վերջը ընդունեցին, կանչեցին ցույց տվեցին երեխայի լղճած ձեռքը, ասին տես, նոր գնա: Ես չգիտեմ երեխայիս միացրեցի՞ն արհեստական շնչառական սարք, թե ոչ, մեկ ժամ չանցած՝ ասին՝ երեխան մահացավ: Գիտեք ի՞նչն է վիրավորական, երեխայի մահից ուղիղ տաս րոպե հետո մեր կողքին կանգնեց դիահերձարանի մեքենան, բայց որ պետք է առողջ երեխայի կյանքը փրկեին, երկու ժամ շարունակ մեքենա չկար: Այսինքն` րոպե առաջ ուզում էին նորածնի մահացած մարմնից ազատվեին»,- բողոքում է հայրը: Ըստ մահվան մասին բժշկական վկայականի, արական սեռի նորածինը նախնական եզրակացությամբ, մահացել է շնչառական անբավարությունից (տես լուսանկարում): Այժմ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված. երեխայի թոքերը, ըստ ծննդատան տնօրենի, տեղափոխել են մայրաքաղաք՝ մահվան պատճառը հայտնաբերելու համար:
Երեխայի ծնողները, որոնք մղկտում են՝ ասելով, թե այս դարում արատով ծնված երեխաներ են ապրում, բայց իրենց առողջ երեխային բժիշկների անփութության պատճառով մահացավ, այսօր իրենց մխիթարված են զգացել, քանի որ Գյումրու ծննդատուն է այցելել Գագիկ Ծառուկյանի մայրն ու կինը՝ Ռոզա ու Ջավահիր Ծառուկյանները: Տիկին Ծառուկյանները, լրատվամիջոցներից իմանալով այս պատմությունը, եկել են Գյումրու ծննդատուն՝ իրենց ցավակցելու: «Ես այնքան շնորհակալ եմ, որ Ռոզա Ծառուկյանը, մեծ կին լինելով, Երեւանից եկել էր ինձ ցավակցելու, որ նման դեպք է տեղի ունեցել, բայց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը մի անգամ չեկավ գոնե ասեր՝ ափսոս, որ նման բան է կատարվել», ասաց նորածնին կորցրած Լիանա Դարբինյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ