ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ քննարկման դրված Ընտրական օրենսգրքի նախագիծը փորձում է լուծումներ տալ այն բոլոր հարցերին` կրկնաքվեարկությունների բացառման, ընտրացուցակների մաքրման, ընտրություններից հետո ցուցակների հրապարակման, ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մթնոլորտի ձեւավորման եւ այլն, որոնք առաջ են քաշում ընդդիմադիր գործիչները:
Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպման ժամանակ, ըստ տիկին Նաղդալյանի, իշխող ուժի ներկայացուցիչներն էլ ուշադրություն են սեւեռել այդ հարցերի վրա եւ ներկայացրել են իրենց դիտարկումներն առ այն, որ առաջարկվող նախագիծը նաեւ լուծումներ է տալիս: «Իմ կարծիքով, սա բավականին արմատական փորձ է`լուծումների առումով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Նաղդալյանը:
Եվրոպացի փորձագետները նկատել են, որ ԸՕ-ի քննարկման համար քիչ է ժամանակը: Այդ մասին բարձրաձայնում են նաեւ ընդդիմադիրները: ՀՀԿ-ական պատգամավորները բացատրել են, որ այդ սահմանափակումները Սահմանադրությամբ են դրված եւ փոփոխությունների հնարավորություն չկա. «Ուստի, մեզանից պահանջվում է աշխատել շատ, աշխատել արագ եւ փորձել գտնել փոխհամաձայնության եզրերը»:
«Էլեկտրոնային գրանցման այս խնդիրը բավական լրջորեն լուծելու է կրկնաքվեարկությունների հարցը եւ մի շարք հնարավորություններ, որոնք ներառված են նախագծում` էլեկտրոնային համակարգը, նկարը, որ կարող են բոլոր ընտրատեղամասերում գտնվողները տեսնել, մեքենայի արձագանքը`կանաչ լույսը, որը թույլատրելու է կամ մերժելու է, կարծում եմ, ժամանակակից տեխնոլոգիաների վերջին ձեւն է, որի դեմ պիտի որ խաղ չլինի»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ընդդիմադիրների այլ վերապահումների շուրջ զրույցն`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ